«Առավոտի» հարցազրույցը «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ֊ի նախագահ Արմինե Հովհաննիսյանի հետ։
-Տիկին Հովհաննիսյան, նախ սկսենք Դիլիջանի համայնքային կենտրոնի գործունեությունից: Ի՞նչ ուղղություններով է կենտրոնը աշխատում:
–Դիլիջանի համայնքային կենտրոնն արդեն գործում է շուրջ տասը տարի, տասնամյակը հենց այս տարի՝ 2024-ին է լրանում:
Այս տարիների ընթացքում Կենտրոնի կողմից առաջարկվել է կրթական, մշակութային, սպորտային, ժամանցային, համայնքային հզորացմանն ուղղված 6300 նախագիծ բոլոր տարիքային խմբերի համար՝ ընդգրկելով 18700 շահառու Դիլիջանից և հարակից բնակավայրերից։ Հիմնականում Կենտրոնում իրականացվում են ուսուցումներ, վերապատրաստումներ, կարողությունների զարգացման դասընթացներ, հանրության իրազեկման բարձրացմանն ուղղված հանդիպումներ ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար։
Կարդացեք նաև
Կենտրոնը հիմնադրվել է բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ Նրանք շատ էին կարևորում համայնքում այնպիսի կառույցի առկայությունը, որը հարթակ կդառնա ինչպես գիտելիքների փոխանցման, այնպես էլ բնակավայրի զարգացմանն ուղղված գաղափարների, առաջարկների քննարկման համար, ու դրա արդյունքում կստեղծվեն ու կիրականացվեն ծրագրեր, որոնցից կշահի համայնքն ու համայնքի բնակիչը:
Օրինակ, շատ մեծ պահանջարկ ունեն Կենտրոնում կազմակերպվող անգլերենի դասընթացները, ընդ որում՝ տարբեր տարիքային խմբերի համար: Մեր առավելությունը նաև այն է, որ մենք համագործակցում ենք քաղաքում գտնվող մյուս հաստատությունների, օրինակ, Դիլիջանի միջազգային դպրոցի՝ UWC Dilijan-ի հետ, իրականացնելով ծրագրեր, որոնցից, ինչպես նշեցի, շահում է համայնքի բնակիչը:
Դպրոցի ուսանողները, որոնք լեզվի կրող են, պարապմունքներ են անցկացնում երեխաների հետ: Նրանք նաև որպես կամավորներ հաճախ են ներգրավվում քաղաքի համար իրականացվող տարբեր ծրագրերում:
Սա օրինակներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչպես համայնքում գործող տարբեր կազմակերպությունների փոխգործակցությունը կարող է դրական արդյունք ապահովել բնակիչների համար: Հենց այս սիներգիայի էֆեկտն է կարևոր, որը հետևողական և արդյունավետ կիրառելու դեպքում զարգացման նոր մակարդակի կարող է բարձրացնել համայնքը:
-Ի՞նչ նշանակություն ունի կենտրոնի գործունեությունը համայնքի համար: Ի՞նչ է այն տալիս համայնքին: Ինչո՞ւ է կարևոր, որ համայնքներում նման կենտրոններ լինեն:
-Հատկապես փոքր համայնքներում այսպիսի կենտրոնները շատ կարևոր դերակատարում ունեն մշակութային կյանքի ակտիվացման, շարունակական կրթության խրախուսման, կամավորության մշակույթի ձևավորման, ինչպես նաև համայնքի համար պատասխանատվություն ստանձնելու տեսանկյունից։
Լինում են նախաձեռնություններ, որոնք վերածվում են լավ ավանդույթի: Օրինակ՝ 2020թ-ից ի մինչ օրս համայնքի մի խումբ կանանց նախաձեռնությամբ ձևավորվել է կանանց ձեռարվեստի խմբակ, որի շրջանակում կանայք գործում են գուլպաներ, գլխարկներ և թիկնոցներ, որոնք ուղարկվում են առաջնագիծ։
Մեծամիտ չհնչի, բայց կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում, այդ թվում՝ մեր գործունեության շնորհիվ, համայնքում մթնոլորտ է փոխվել:
2019թ-ից մեզ մոտ գործում է ներառական թատերական խմբակ, որում ներգրավել ենք նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաների: Սկզբում կային որոշակի հոգեբանական դժվարություններ, բայց հիմա խմբակում բոլորը լավ ընկերներ են՝ պատրաստ օգնելու միմյանց հաղթահարելու թե՛ ֆիզիկական դժվարությունները, թե՛ կոտրելու որոշ կարծրատիպեր։
Մենք մշտապես փնտրում ենք նոր հնարավորություններ՝ հենց համայնքում ոչ միայն երեխաներին ու երիտասարդներին, այլ մեծահասակներին օգտակար ու մրցունակ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու համար:
2021թ․-ին Դիլիջանի համայնքային կենտրոնը դարձավ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի մեծահասակների կրթության 4-րդ կենտրոնը Հայաստանում՝ հայտնելով իր պատրաստակամությունը համագործակցելու մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Կենտրոնը կիսում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի այն համոզմունքը, որ մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունը խթանում է մարդկանց մասնակցությունը մշակութային, սոցիալական և տնտեսական գործընթացներին, ինչպես նաև կայուն զարգացմանն ու աղքատության նվազեցմանը։
2022թ․-ին բացել ենք մեր առաջին մասնաճյուղը Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում, իսկ 2023թ․-ի հոկտեմբերին՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրում։
2017թ․-ից ի վեր մենք իրականացնում ենք «Diamond Challenge» երիտասարդների ձեռներեցության մրցույթը՝ ԱՄՆ Դելավերի համալսարանի հետ համագործակցությամբ։ Մրցույթը միտված է ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ երիտասարդների շրջանում։ Կիսաեզրափակիչ փուլում հաղթող ճանաչված թիմերը մեկնում են ԱՄՆ՝ ներկայացնելու իրենց բիզնես գաղափարը։ Այս տարիների ընթացքում հայաստանյան թիմերից շուրջ 20 երիտասարդ մեկնել են ԱՄՆ և ներկայացրել Հայաստանը։
-Ի՞նչ փորձառություն են ձեռք բերում սաները՝ կոնկրետ ուղղությամբ հմտություններից ու գիտելիքներից բացի: Դա հետագայում նրանց ինչո՞վ է օգնելու:
-Կենտրոն հաճախող երեխաներն ու երիտասարդները, ինչպես նշեցի, կարողանում են մրցունակ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել: Դա նրանց օգնում է լինել ավելի ճկուն և բաց՝ փոփոխությունների համար: Այս տարիների ընթացքում շուրջ 300 տեղացի երիտասարդ մասնակցել է միջազգային կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրերի։
Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողների հետ համատեղ ծրագրերի արդյունքում նրանք ավելի տեղեկացված են լինում տարբեր երկրների մշակույթների, ավանդույթների մասին։
Կենտրոնում զարգացած է սեփական փորձով, հմտություններով և գիտելիքով կիսվելու մշակույթը, որն արդեն վերածվել է գեղեցիկ ավանդույթի։
Կենտրոնի շրջանավարտները նույնպես հանդես են գալիս ամենատարբեր նախաձեռնություններով՝ միտված սեփական համայնքի զարգացմանը։
-Արդյոք գործունեության նոր ուղղություններ նախատեսվո՞ւմ են: Ինչպե՞ս են որոշվում նոր ուղղությունները, ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվում:
–Կենտրոնի բոլոր ծրագրերը կարիքահեն են։ Տարեկան մեկ անգամ մենք իրականացնում ենք կարիքների գնահատում Դիլիջան բազմաբնակավայր համայնքում, որի արդյունքում էլ կազմվում է տարեկան աշխատանքային պլան։ Սակայն կարևոր է նաև ստեղծված իրավիճակում ճկունություն դրսևորելու ունակությունը և արժեք ստեղծելու կարողությունը։
-Գիտենք, որ նաև արցախցի երեխաների համար եք տարբեր ծրագրեր իրականացնում: Կներկայացնե՞ք:
-2020թ․-ի պատերազմի հաջորդ օրվանից Դիլիջանի համայնքային կենտրոնն ընդգրկվել է Արցախից տեղահանված և Դիլիջանում հաստատված շուրջ 1500 մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրերում՝ սերտ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային իշխանությունների, գործընկեր կազմակերպությունների և անհատների հետ, ինչպես նաև իրականացնելով տեղահանվածների արագ ինտեգրմանն ուղված կրթական, ժամանցային ամենատարբեր միջոցառումներ և նախագծեր։
Հաջողված նախագծերի շարքում իր ուրույն տեղն ունի 2021թ․-ին իրականացված «Ամոքիչ խոհանոց» ծրագիրը՝ «Մշակույթ հանուն կայուն զարգացման» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն էր հանդիպումների, զրույցների, համի և հոտի հիշողությունների, արցախյան ուտեստներ պատրաստելու միջոցով վեր հանել, հավաքագրել և պահպանել Դիլիջանում ապաստան գտած արցախցիների պատմությունները, ինչպես նաև արցախյան խոհանոցային ավանդույթները՝ այսպիսով ստեղծելով ամոքվելու հնարավորություն։ Ծրագրի արդյունքում ստեղծվեց նաև եռալեզու խոհանոցային գրքույկ։
2023թ․-ի սեպտեմբերի աղետալի դեպքերից հետո նույնպես Կենտրոնն իր դռները բացեց Արցախից բռնի տեղահանված, Դիլիջանում ապաստանած մեր հայրենակիցների համար՝ հասանելի դարձնելով Կենտրոնի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը։ Այս ամիսների ընթացքում կազմակերպել ենք համակարգչային գրագիտության, ֆինանսական գրագիտության դասընթացներ, ձեռարվեստի վարպետության դասեր, ինչպես նաև տրամադրել ենք հումանիտար օգնություն։
2023թ․-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համագործակցությամբ Կենտրոնում իրականացվեց «Թևեր» վերականգնողական բարեգործական ծրագիրը Արցախից բռնի տեղահանված 4-18 տարեկան երեխաների համար՝ միտված վերջիններիս ֆիզիկական, հոգեբանական և մտավոր ուժերի վերականգնմանը սպորտի և արտթերապիայի միջոցով (լող, ֆուտբոլ, արտթերապիա) եւ մտավոր ուժերի վերականգնում (առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում)՝ 12-18 տարեկան երեխաների համար:
-Որքանով տեղյակ ենք, վերջերս նաև Հալիձորում բացվեց նման համայնքային կենտրոն:
-Հալիձորի համայնքային կենտրոնը նույնպես հիմնվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի հաջողված մոդելը։ Փոքր համայնքներում շատ ընդգծված է համայնքային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը, որը մենք տեսնում ենք կրթության, ինքնազարգացման հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև դրական փոփոխություններ բերելու միջոցով։ Մենք խորապես հավատում ենք համայնքի ներուժին։ Հալիձորի համայնքային կենտրոնում արդեն հաջողությամբ գործում են գեղանկարչության, համակարգչային գրագիտության և կամավորական խմբակներ։
Երկարաժամկետ հատվածում պլանավորում ենք ընդլայնել մեր աշխարհագրությունը։