Կառավարությունը սահմանել է գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափն ու կարգը: Գործադիրը հույս ունի, որ այդ որոշման ընդունումը ի թիվս այլնի՝ կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը, կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի աճին, գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում, կբարձրացնի պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։
Aravot.am-ը գիտական աստիճանաշնորհման կարգի թեմայով զրուցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ Կարեն Քեռյանի հետ, որը ժամանակին բավականին աշխատանք է տարել՝ կապված գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի էապես փոփոխված նախագծի հետ: Վերջինս լայն քննարկում էր անցել, եւ այն ժամանակ ԿԳՄՍ նախարարությունը հույս ուներ աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն, ավելացնել Սփյուռքի գիտական ներուժը օգտագործելու հնարավորությունները ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում, վերացնել պահանջների անհամաչափությունը, առկա բացերը, մտցնել հստակեցումներ, ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպականին:
Aravot.am-ը Կարեն Քեռյանից հետաքրքրվեց, թե հատկապես ինչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնի՝ կարգի հետ կապված, որոնց վրա ժամանակին աշխատել է:
«Նախագծի շուրջ բովանդակային փոփոխություն վերջին անգամ կատարվել է 2016 թ. : 2019-ին չնչին փոփոխություն է կատարվել, 2023-ին եւս շատ փոքրիկ փոփոխություն է կատարվել, ասենք՝ ԲՈԿ-ը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեով է փոխարինվել, այնպես որ՝ անգամ կոսմետիկ չեմ կարող որակել թե 2019, թե 2023թթ կատարված փոփոխությունները: Եվ սա այն դեպքում, երբ կառավարության 2021-2026թթ միջոցառումների ծրագրում նախատեսվում էր 2023թ հոկտեմբերին որոշակի փոփոխությունների իրականացում: Մենք այն ժամանակ նախատեսված փոփոխություններից էապես ավելի շատ փոփոխություններ էինք կատարել, դրանք պարոն Դումանյանի (ԿԳՄՍ նախկին նախարար-Գ.Հ.) հետ քննարկվել էին, կարգը շրջանառվել էր շատ լայն շրջանակում, պարոն Դումանյանն իր պաշտոնավարման ժամանակ հրավիրել էր բուհերի ռեկտորներին։ ԳԱԱ-ում էինք կազմակերպել քննարկում՝ ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների եւ գիտաշխատողների մասնակցությամբ։ ԵՊՀ-ի գիտխորհրդում էր քննարկվել, բացի դրանից՝ մասնագիտական խորհուրդների նախագահների հետ էր քննարկվել: Մեր կողմից մշակված նախագծի վերաբերյալ բազմաթիվ գրավոր առաջարկներ էինք ստացել, ու ըստ դրանց՝ վերամշակվել էր աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն նշեցի, կառավարության միջոցառումների ծրագրում ամրագրված էր, որ պետք է որոշակի փոփոխություններ արվեն, սակայն 8 տարի է անցել, եւ այդպես էլ ոչ մի փոփոխություն չի արվել: Այնինչ տասնապատիկ ավելի շատ փոփոխություններ արվել էին, քննարկվել, ամբողջ համակարգը տեղյակ էր դրա մասին, էապես փոփոխվված տարբերակ ունեինք: Ընդգծեմ, որ նմանատիպ քննարկում անցած փաստաթուղթ չի եղել վերջին տարիներին՝ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում»,-ասաց Քեռյանը:
Անդրադառնալով բովանդակային մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ հարյուրավոր փոփոխություններ են արել, սակայն ինքը դրանցից մի քանիսը կնշի. «Ամենաընդգծված բացը, որ ավելի քան 10 տարի առկա է, վերաբերում է ասպիրանտի կողմից կրեդիտներ հավաքելուն։ 2013թ․-ին նախարարի հրամանով ներդրվել է կրեդիտային համակարգը ասպիրանտուրայում: Բայց մինչ օրս աստիճանաշնորհման համակարգում ներառված չէ, որ ատենախոսություն պաշտպանելիս ասպիրանտը պետք է ներկայացնի անհրաժեշտ կրեդիտներ ունենալու մասին փաստաթուղթը: Նաև նախատեսում էինք առաջատար կազմակերպության ինստիտուտի վերացում, որը եւս վերաբերում է համակարգի խորհրդային մոդելից արեւմտյան մոդելի անցմանը։
Հաջորդն այն է, որ շեշտը դրել էինք որակի վրա, սակայն մինչեւ հիմա աստիճանաշնորհման կանոնակարգում քանակն է շեշտադրվում: Մենք ցանկանում էինք հնարավորություն տալ երիտասարդներին, որպեսզի իրենք կարողանային թե ասպիրանտ ղեկավարել, թե մասնագիտական խորհրդում ընդգրկվել, քանի որ ներկայումս խորհրդի անդամների ու ղեկավարների միջին տարիքը մոտենում է վաթսունի, ինչը կարող է կոլապսի հասցնել համակարգը: Մեր մշակած կարգով նաեւ հնարավորություն էր տրվում օգտագործել Սփյուռքի ներուժը ավելի լայն ու ժամանակակից եղանակներով, դրսից ընդդիմախոսներ ներգրավել եւ առցանց մասնակցել ատենախոսությունների պաշտպանությանը՝ դրական կարծիքի դեպքում»,-ընդգծեց ԲՈԿ նախկին նախագահը:
Կարեն Քեռյանի ձեւակերպմամբ, Հայաստանում խոսվում է գիտության զարգացման մասին ու այն մասին, որ ֆինանսավորումը կտրուկ աճել է, սակայն ինչպե՞ս կարող է գիտությունը զարգանալ, եթե ասպիրանտների թիվը էապես նվազել է ու շարունակում է նվազել: Նա փաստում է. «Մի քանի օր առաջ կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանը նշեց, որ որոշ մասնագիտությունների գծով էապես նվազել են պաշտպանությունները, բնականաբար նկատի ունենալով տնտեսագիտությունը: Պետք է նշեմ, որ առհասարակ բոլոր ուղղություններով է պաշտպանությունների քանակը նվազել. եթե 2018թ․-ին 300-ից ավել պաշտպանություն ունեինք՝ տարվա կտրվածքով, հիմա պաշտպանությունները 2 անգամ նվազել են: Ես դեռեւս իմ պաշտոնավարման ժամանակ եմ նշել, որ այս առումով լուրջ խնդրի առաջ ենք կանգնած: Եվ եթե ասպիրանտների թվի էական ավելացում չկարողանանք ապահովել, չենք կարողանալու վերարտադրել գիտական սերունդը:
Ընդ որում, նորից հիշեցնեմ, որ աստիճանաշնորհման կանոնակարգում տարիներ ի վեր փոփոխություններ չեն եղել, մինչդեռ դա ամրագրված էր կառավարության միջոցառումների ծրագրում, ժամկետներ են խախտվել, իսկ մենք պարոն Դումանյանի հետ այդ բոլոր փոփոխությունները քննարկել էինք, լայն քննարկում էր անցել կարգը, բազմաթիվ փոփոխություններ նախատեսված էին, որ պետք է իրականացվեին: Այժմ ոչ միայն այդ կարգը չի ընդունվել, այլ մի քանի բառ են փոխել, օրինակ` աստիճանաշնորհման կանոնակարգը դարձել է աստիճանների շնորհման կարգ, ու ամեն ինչ իբր «կարգավորվել» է»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ եթե այդ փոփոխությունները, դիտարկումները, դիտողությունները հաշվի չեն առնվում, կարգն ընդունվում է առանց այդ ամենի, ի՞նչ է սպասվում գիտության ոլորտում, ԲՈԿ-ի նախկին ղեկավարը հետեւյալ կերպ արձագանքեց. «Եթե շարունակենք այն կարգավորումներով շարժվել, որոնք կային, մեր հնարավորություններն արհեստականորեն կսահմանափակենք, երկրորդ՝ շեշտը կդրվի ոչ թե որակյալ կադրերի, որակի վրա ընդհանրապես, այլ քանակի վրա: Օրինակ գիտությունների թեկնածուն ասպիրանտ ղեկավարելու համար ստիպված կլինի զուտ 30 ցածր որակի հոդված տպագրել՝ համապատասխան քանակ ապահովելու համար, կամ էլ պետք է ստիպված շատ մեծ տարիքում ասպիրանտ ղեկավարի: Իսկ մեզ անհրաժեշտ է լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց հնարավորություն տալ ասպիրանտ ղեկավարել, մասնագիտական խորհրդում ընդգրկվել… »:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ կարգավորման նպատակներից է եղել գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի, հստակ եւ թափանցիկ, այս մասին էլ Քեռյանն ասաց. «Այդ թափանցիկությունը ինչ-որ մակարդակով կա, սակայն էապես ավելի շատ կարող էր լինել: Այն ժամանակ նախատեսվում էր, որ ամբողջ պաշտպանությունը պետք է ձայնագրվի, ձայնագրությունը բաց տեղադրվի, սակայն այդ կարգը չի ընդունվել: Մենք հիմա պահանջ ունենք սղագրություն ներկայացնելու, ինչը հնացած է, որովհետեւ սղագրության փոխարեն կարելի է ձայնագրություն տեղադրել: Կարճ ասած՝ օգտագործելով այժմյան գործիքները հնարավորություն էր տրվելու ավելի հեշտ, ճշգրիտ եւ բաց իրականացնել ամեն ինչ: Հույս ունեմ, որ պատասխանատուները կառաջնորդվեն ոլորտի շահերը պաշտպանելով, այլ ոչ թե սեփական ամբիցիաները առաջ տանելով»:
Կարեն Քեռյանից հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ, որն է պաշտպանությունների թվի կրճատման պատճառը: Նա ասաց, որ թեման ծավալուն է, խնդիրը՝ բազմաշերտ բայց այնուամենայնիվ, մի քանի նախադասությամբ պատասխանեց. «Նախ հետաքրքրությունն էր նվազել: Եթե գիտնականի դերը բարձրացվում է,պաշտպանություններն էլ պետք է շատանան, բայց պաշտպանությունները շատանալու համար պետք է թե ասպիրանտին, թե ղեկավարին պատշաճ խրախուսել: Փոքր աշխատավարձ ստացող ասպիրանտը չի կարող հետաքրքրված լինել…Պետք է պոտենցիալ ասպիրանտներին դեռ 3-րդ, 4-րդ կուրսերից ներգրավել թեմաների մեջ: Եթե խոսում ենք գիտնակաների թվի աճի անհրաժեշտության մասին, պիտի գիտակցենք, որ գիտնականների թվի աճը ապահովում են ասպիրանտները: Մարդիկ 3-4-րդ կուրսում պետք է իմանան, թե ինչ հնարավորություններ կարող են ունենալ գիտնականի կարիերան ընտրելով, շատերը այդ տեղեկատվությանը չեն տիրապետում: Պետք է մեկ աղբյուրով նորմալ աշխատավարձ տալ ասպիրանտին, ինչպես արտասահմանում է։
Ի վերջո, եթե անգամ լավ կարգ լինի, ու մարդկանց ճիշտ չմոտիվացնեն, միեւնույն է այդ կարգը չի աշխատելու…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ