Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների գործընթացին։
«Մենք ունենք պատրաստի հայեցակարգ, որի մեծ մասը, երեւի 70 տոկոսը խորհրդի կողմից քննարկվել եւ քվեարկվել է, բայց ունենք մի քանի հայեցակարգային դրույթներ, որոնք քննարկվել են միայն մասնագետ հանձնաժողովի կողմից։ Եվ պրոցեսը հետեւյալն է՝ հունվարի 15-ից սկսած մենք շատ ինտենսիվ խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ նիստեր ենք անելու։ Եվ մի քանի ամսում ունենալու ենք պատրաստի վերջնական հայեցակարգ, որը քվեարկվել է հենց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից։ Խորհրդի կողմի հաստատվելուց հետո՝ արդեն կսկսվի հանրային իրազեկման պրոցեդուրան, նաեւ դրան զուգահեռ՝ կսկսվի հենց բուն Սահմանադրության նախագծման պրոցեսը։ Այսինքն՝ հոդված առ հոդված, նայելով հայեցակարգը, սկսվելու է գրվել նոր Սահմանադրությունը։ Ժամկետները 2023 թվականի համար մի փոքր ուշացել էինք, բայց տարեվերջին եկել ենք հենց մեր ճիշտ ժամկետներին։ Եվ հուսանք, որ առավելագույնը երեք ամսվա ընթացքում կունենանք արդեն վերջնական քվեարկված հայեցակարգ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ գործընթացն արագացնելու ոչ մի լիազորություն ու հնարավորություն չունի ինքը։ «Նույնիսկ հաճախ մեր գործընկերների կողմից մեղադրվում եմ, որ շատ եմ ուզում արագ արդյունք ստանամ։ Դրա համար որեւէ խոստում չեմ կարող տալ, բայց կարծում եմ՝ այս տարվա հաջորդ ասուլիսի ընթացքում արդեն կկարողանամ ձեզ ներկայացնել առնվազն 30 տոկոսը հենց բուն Սահմանադրության նախագծի հետ կապված»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ