Լրահոս
Օրվա լրահոսը

191 վթար-վրաերթ՝ դեկտեմբերին․ տուժել է 215 քաղաքացի, կա 4 մահ․ գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Հունվար 08,2024 11:17

«Դեկտեմբեր ամսվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 191 վթար-վրաերթ։ Տուժել է 215 քաղաքացի։ Կա 4 մահ։ Երևանում գրանցվել է 602 մահ։ Ծնվել է 1954 երեխա՝ 988 տղա, 856 աղջիկ։ Բնակչության բնական աճը կազմում է 1,2 տոկոս»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ժ/պ Դավիթ Կարապետյանը։

Դավիթ Կարապետյան

Նաև հայտնեց՝ 2023-ի ընթացքում Երևանում գրանցվել է 6990 մահ, և ծնվել է 15606 երեխա։ Բնակչության բնական աճը կազմել է 7,9 տոկոս։ Տարվա ընթացքում որպես 9-րդ երեխա ունեցել է 5 ընտանիք, 8 -րդ երեխա է ունեցել յոթ ընտանիք, 13 ընտանիք ունեցել է 7-րդ երեխա և 5-րդ երեխա ունեցել է 118 ընտանիք․ «Արցախից բռնի տեղահանվածների շրջանում դեկտեմբեր ամսին ծնելիությունը կազմել է 48 դեպք՝ 22 տղա, 26 աղջիկ։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո նրանց շրջանակում ծնվել է 187 երեխա՝ 93 տղա և 94 աղջիկ։ Սեպտեմբերին բռնի տեղահանված հայրենակիցներից ևս 1434 թաղաքացի հաշվառվել է մեր բուժհաստատություններում՝ 434 քաղաքացի ավելացել է անվճար դեղորայք ստացողների խմբում, 428 քաղաքացու ուղեգիր է տրամադրվել հիվանդանոցային բուժման։ Սեպտեմբերից սկսած բոլոր բուժհաստատություններում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 1706 քաղաքացի, որոնցից 1014-ը մշտապես ստանում են անվճար դեղորայք, 1565-ն ուղեգրվել են տարբեր բուժհաստատություններ անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու համար։ 56 անձ բռնի տեղահանված հայրենակիցներից անցել է աշխատանքի բուժհաստատություններում՝ 31-ը բժիշկ, 18-ը բուժքույր»։

Դավիթ Կարապետյանը նաև նշեց, որ բացի դժվարամատչելի հետազոտություններ տրամադրելուց 2023-ի ընթացքում տրվել է 124 ուղեգիր անվճար կորոնարոգրաֆիա հետազոտության և 95-ը ստենդավորման։ Ընդհանուր ծրագիրը՝ 80 միլիոնի շրջանում է եղել և առաջին անգամ էր 2023-ի ընթացքում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց ներկայացնել նաև, թե տարվա ընթացքում քանի տղա և աղջիկ է ծնվել։ Դավիթ Կարապետյանն ասաց՝ 15606 երեխա՝ 8069 տղա, 7837 աղջիկ։

Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ոնց որ դրական է դինամիկան սելեկտիվ հղիության ընդհատումների, բայց դեռ առկա է խնդիր․ «Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ պետք է խոսել դրա մասին և խոսել, որ այդ տեսակ մտածելակերպի ժամանակաշրջանը վաղուց անցել է։ Եվ կարծում եմ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումը նույնպես պետք է թողնել նախորդ դարում և թեկուզ այս նոր տարին սկսել մի փոքր այդ մտածելակերպի փոփոխությամբ, որովհետև անկախ սեռից բոլորն էլ ունեն ծնվելու և ապրելու իրավունք, և նամանավանդ սեռով պայմանավորված հղիության ընդհատումն իրապես շատ սխալ բան է և իրականում բնության դեմ գործընթաց է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031