Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք բոլորս առաջնորդվենք այն տվյալներով, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն»․ արդարադատության նախարարը՝ Բաքվում պահվող գերիների մասին

Հունվար 08,2024 10:14

Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ աշխատանք է իրականացվում՝ Բաքվում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ։

«Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք, երեք տասնյակից ավելի մեր գերիները վերադարձան Հայաստան, եւ Հայաստանն իր կողմից երկու ադրբեջանցի փոխանցեց հենց ադրբեջանական կողմին։ Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանն ինչ պրոցեսներ է իրականացնում դեռեւս Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված, հիմնականում դա արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է, այսինքն՝ մեր դեսպանների միջոցով նաեւ միջազգային հարթակներում մանրամասն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը, անցած ճանապարհը։ Եվ նաեւ հենց Կարմիր խաչի գործընկերների միջոցով այցելությունները եւ հարազատների հետ ժամանակ առ ժամանակ կապի հաստատումը։ Սա դիվանագիտական ուղիներով տարվող աշխատանքն է, բայց նաեւ Միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես, դատական ատյաններում, որտեղ միջնորդություններով ու հայցապահանջներով հենց մեր հայազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտպանել եւ իրավունքները վերականգնել։ Ես համոզված եմ, որ այդ աշխատանքները, որոնք տարվում են, իրոք մեծածավալ են։ Եվ առաջիկայում արդեն հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել»,- ասաց նախարարը։

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն օրերս հայտարարել էր, որ Բաքվում հաստատված մնում է 23 հայ գերի։ Այնինչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը ասել է,  որ գերեվարված հայերի թիվը անցնում է 80-ը։ Անդրադառնալով հարցին, թե հստակ թվի տիրապետո՞ւմ է արդարադատության նախարարությունը, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Մենք հենվում ենք այն տվյալների վրա, որը ներկայացվել է Քննչական կոմիտեի կողմից։ Այնտեղ կարող է թյուրըմբռնում լինել, որովհետեւ ադրբեջանական կողմը նրանց մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմն այլ մոտեցում ունի։ Դրա համար եկեք մենք բոլորս առաջնորդվենք այն տվյալներով, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031