Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան առթիվ ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ Եպիսկոպոս Պարսամյանը «Այսօր տոն է» ձոնն է կատարել:
Հոգևոր այս հոլովակը նկարահանված է Թեմի առաջնորդանիստ եկեղեցում՝ Սուրբ Վարդան Մայր Տաճարում: Երգեհոնով նվագակցում է Հայր Մամիգոն Քիլէճեանը: Երաժշտական ձևավորման հեղինակն էլ Զարեհ արքեպիսկոպոս Ազնավւորեանն է:
Կարդացեք նաև
2023-ի մայիսին Aravot.am-ին տված հարցազրույցում այն ժամանակ դեռ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը խոսել էր նրա «հուսառատ իրատես» լինելու մասին:
«Հուսառատ իրատես նշանակում է, որ ես հաշվի եմ առնում իրականությունը, բայց իմ սրտում պահում եմ նաև Աստծու օրհնության և Աստծու հույսի առատությունը: Թեև իրականությունը կարող է ոմանց մռայլ և դժվարին թվալ, Աստված մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք ապրել: Ես սա զգացի հատկապես հիվանդանոցում անցկացրած օրերին: 6 ամիս շարունակ ես հիվանդանոցներում և վերականգնողական կենտրոններում էի: Ոտքերս կոտրվել էին: Ես իրատես էի, որովհետև զգում էի կոտրվածքների ցավը, բայց նաև այդ հույսի առատությունն ունեի: Այսինքն՝ գիտեի, որ Աստված ինձ մենակ չի թողնելու: Աստված ինձ հետ է, մեզ հետ է: Նա այն սիրող հայրն է, որ միշտ խնամում է մեզ և հոգ է տանում մեր մասին: Իսկ այդ հույսի և օրհնության արդյունքում, ես այսօր այստեղ եմ և Ձեզ այս հարցազրույցն եմ տալիս»:
Մեսրոպ վարդապետ Պարսամյանը եպիսկոպոսական իշխանություն է ստացել 2023-ի հոկտեմբերի 8-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ