Գլխուղեղը բարդագույն օրգան է, որը կարգավորում է օրգանիզմի ամենատարբեր գործառույթները՝ ներառյալ մտածողությունը, հույզերն ու ֆիզիկական գործողությունները։ Լինելով չափսերով ոչ մեծ օրգան՝ այն կարող է ունենալ մինչև 100 միլիարդ նեյրոններ ու 100 տրիլիոն կապեր։
Նեյրոնները ինֆորմացիան փոխանցող բջիջներն են, որոնք օգտագործում են էլեկտրական ու քիմիական ազդակները կենտրոնական նյարդային համակարգով տեղեկատվությունը փոխանցելու համար։ Գլխուղեղը մշակում է տեղեկատվությունը, որը ստանում է իր նեյրոնային ցանցի միջոցով և ազդակներ է հղում մարմնի բոլոր հատվածներին՝ օրգանիզմի գործառույթները կարգավորելու և խթանիչներին արձագանքելու համար։
Գլխուղեղի աջ ու ձախ կիսագնդեր
Գլխուղեղի աջ ու ձախ կիսագնդերը տարատեսակ գործառույթներ են կատարում ու կարգավորում են օրգանիզմում ընթացող ամենատարբեր գործընթացները։ Յուրաքանչյուր կիսագունդը բաղկացած է 6 տարբեր հատվածներից։ Ուղեղի ձախ կիսագունդը առաջին հերթին պատասխանատու է խոսքի ու վերացական մտածողության համար։ Այն նաև վերահսկում է մարմնի աջ կողմը։
Աջ կիսագունդը պատասխանատու է պատկերների մշակման, տարածական մտածողության և մարմնի ձախ կողմի համար։ Գլխուղեղի աջ ու ձախ կիսագնդերը միանում են նյարդային մանրաթելերով, և երկու կողմն էլ հաղորդակցվում են միմյանց հետ, իհարկե, եթե գլխուղեղն առողջ է։ Սակայն անգամ երբ, օրինակ, վնասվածքի պատճառով այդ կապը խաթարվում է, գլխուղեղն, այնուամենայնիվ, կարողանում է որոշակիորեն իրականացնել իր գործառույթները։
Կարդացեք նաև
Գլխուղեղի աջ ու ձախ կիսագնդերի տեսությունը
1960-ական թթ․ նեյրոկենսաբան Ռոջեր Սփերին ենթադրեց, որ տարբեր մարդկանց մոտ գլխուղեղի կիսագնդերից մեկն ավելի դոմինանտ է, քան մյուսը, և դա ազդում է նրանց անհատականության, վարքագծի ու մտածողության վրա։
Ըստ այդ տեսության, մարդիկ, որոնց մոտ գերակշռում է ձախ կիսագունդը, ունեն վերլուծական, տրամաբանական, թվային մտածողություն, հիմնվում են դետալների ու փաստերի վրա, իսկ աջ կիսագնդի գերակշռության դեպքում մարդն ավելի ստեղծագործական է, ունի ազատ մտածողություն, ընդունակ է տեսնելու ընդհանուր պատկերը, ունի լավ զարգացած ինտուիցիա և այլն։
Ի՞նչ են ասում հետազոտությունները
Հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս, որ աջ ու ձախ կիսագնդերի տեսությունն այնքան էլ հավաստի չէ։ Թեև գլխուղեղի որոշ հատվածներ իրականում գերակշռում են մտավոր տարբեր գործընթացների մշակման ժամանակ, սակայն ընդհանուր գերակշռող կողմ գոյություն չունի։
2013 թ․-ի հետազոտությունում գնահատվել է ավելի քան 1000 մարդու գլխուղեղի եռաչափ պատկերը․ ՄՌՏ սկաների միջոցով չափվել է նրանց գլխուղեղի աջ ու ձախ կիսագնդերի ակտիվությունը և արդյուքնում պարզ է դարձել, որ մարդն օգտագործում է երկու կիսագնդերն էլ և չկան գերակշռող կողմեր։
Սակայն մարդու գլխուղեղի ակտիվությունը փոփոխվում է տարատեսակ խնդիրներ իրագործելիս։
Օրինակ՝ 2020 թ․-ի զեկույցը ցույց է տալիս, որ գլխուղեղի ձախ կիսագունդը դոմինանտ է խոսքի մշակման ժամանակ, թեև ամբողջական ընկալման համար հարկավոր են երկու կողմերն էլ։
Աջ ու ձախ կիսագնդերի աշխատանքի տարբերությունները հատկապես նկատելի են հետևյալ հարցերում՝
- Զգացմունքներ
Թեև ուղեղն օգտագործում է իր մի քանի հատվածները հուզական արձագանքների ձևավորման և մշակման համար, այդ գործընթացներում գերակշռում է ուղեղի աջ կիսագունդը։
- Խոսք
Ձախ կիսագունդն ավելի ակտիվ է խոսքի ստեղծման գործում, քան աջ կիսագունդը։ Մարդկանց մեծամասնության մոտ խոսքային հիմնական հատվածները՝ Բրոկայի ու Վերնիկեի կենտրոնները գտնվում են ձախ կիսագնդում։
- Ձեռքերի աշխատանք
Աջլիկներն ու ձախլիկները տարբեր կերպ են օգտագործում ուղեղի աջ ու ձախ կիսագնդերը։ Օրինակ՝ ձախլիկն օգտագործում է աջ կիսագունդը ձեռքի աշխատանքներ կատարելիս և հակառակը։
2021 թ․-ի մեծամասշտաբ հետազոտությունը ցույց է տվել, որ ձախլիկները, համեմատած աջլիկների հետ, ավելի հաճախ են օգտագործում գլխուղեղի տարբեր կողմերը աշխատանքային հիշողության, խոսքի, տեսողության, ձեռքերի շարժումների համար։ Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ ձախլիկների մոտ ավելի շատ է գորշ նյութի պարունակությունը գլխուղեղի աջ հատվածում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today