Հայաստանի կառավարությունը դիտարկում է հետագայում հանրահայտ բրենդների հետ համատեղ` Հայաստանում էլեկտրամոբիլների արտադրություն կազմակերպել։ Օրերս էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն «Արմենպրեսին» ասել է, որ կառավարությունը ներկայումս որոշ երկրների հետ բանակցում է էլեկտրամոբիլներ արտադրելու շուրջ։
Դեռ նոյեմբերին ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր հայտնել, որ քննարկվել է չինական BYD ընկերության հետ համատեղ Հայաստանում էլեկտրամոբիլներ արտադրող ընկերություն ստեղծել։
«Մենք հիմա ծրագրեր ենք մշակում էլեկտրամոբիլների արտադրությունն ու սպառումը խթանելու համար։ Հենց այս թեմայով հանդիպում եմ ունեցել չինական BYD եւ մի շարք այլ ավտոարտադրող ընկերությունների հետ»,-ասել է Քերոբյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հեգնում է կառավարությանը, հաշվի առնելով, որ այս կառավարությունը մի շարք մեգանախագծերի մասին հայտարարել է, բայց չի իրականացրել։
Կարդացեք նաև
«Նյու Վասյուկի» 16-րդ սերիա
«Հովհաննես Ադամյան» հայկական հեռուստացույցների և կենցաղային տեխնիկայի գործարան, գազաբալոնային համակարգերի գործարան, օդանավերի հավաքման գործարան, կոկորդիլոսներով թեմատիկ պարկ, օդային տրամվայ, «Սեպուհ 1» հայկական ավտոմեքենաների գործարան… Հիմա էլ՝ էլեկտրամոբիլներ: Արդեն ծիծաղելի չէ, նողկալի է»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանը:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ՀՀ-ում էլեկտրամոբիլ արտադրելը հնարավոր է համարում, բայց թերահավատ է, որ այս կառավարությանը դա կհաջողվի։
«Այսօրվա Հայաստանում նման բան հնարավոր չէ, որովհետեւ ավանդույթ է դարձել ժապավեններ կտրելն ու ոչինչ չարտադրելը, քան իրականում մի բան անելը»,-Aravot․am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
«Վստահաբար կարող եմ ասել, որ ներկայիս կառավարությունը նման բան չի կարող անել կամ չի հասցնի անել, որովհետեւ դրա համար պետք է լինել նախ արհեստավարժ, եւ իմանալ, թե ով ինչ գործով պետք է զբաղվի»,-ասաց Մանասերյանը։
Նա հիշեցնում է, որ Արցախի Հանրապետությունը նման ծրագիր ուներ։
Իսկ ընդհանրապես, ըստ Մանասերյանի, էկոլոգիապես մաքուր էլեկտրամոբիլներ արտադրելը նախ ռազմավարություն է, որը ՀՀ-ն պետք է մշակի, ապա փուլ առ փուլ գնա դրա իրականացմանը․ «Դա համալիր ծրագիր է։ Օրինակ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգը, որտեղ ոչ պաշտոնական տվյալներով մինչեւ 50 մլն մարդ է ապրում, մինչեւ 2030 թվականն ամբողջությամբ անցնելու է էլեկտրամոբիլների։ Բենզինով կամ հիբրիդային շարժիչներով մեքենաները աստիճանաբար դուրս են հանում նահանգից։ Այսինքն, կոնկրետ ռազմավարություն է մշակած»։
Տնտեսագետի խոսքով՝ օրերս Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծումն էլ մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար։
«Հաշվի առնելով, Հայաստանը բավական լուրջ քայլեր է կատարել ԵՄ SEPA համաձայնագրով, ԵՄ-ի հետ համագործակցաբար նաեւ հնարավորություն կա Չինաստանի հետ համագործակցություն ծավալել, որպեսզի ավելի շահավետ լինի։ Այսօր բազմաթիվ երկրներ փորձում են չինական շուկա մտնել, այդ թվում՝ Գերմանիան։ Այստեղ մենք կկարողանանք բավարարել տեղական պահանջարկը, աչքի տակ ունենալ Իրանի շուկան՝ ազատ տնտեսական գոտու առավելություններով, մյուս կողմից էլ՝ ԵԱՏՄ շուկան։ Ժամանակի ընթացքում կարելի է նպատակ դնել մրցունակությունը բարձրացնել այնքան, որ կարողանանք ԵՄ կամ արաբական երկրների շուկա մտնել»,-ասաց Մանասերյանը։
Հայաստանում էլեկտրամոբիլներ արտադրելն, ըստ Մանասերյանի, իրատեսական է, որովհետեւ կան մարդկային ռեսուսրներ, մասնագետներ, որոնք կարող են արտերկրի մասնագետների հետ համագործակցելով կազմակերպել արտադրությունը․«Անհրաժեշտ են տեխնոլոգիաների եւ ֆինանսական ներդրումներ, այս ամենը հնարավորություն կտա աստիճանաբար, գոնե տեսանելի ապագայում էլեկտրամոբիլներ արտադրել Հայաստանում»։
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում դեռ 1960-ականների վերջին ստեղծվել է էլեկտրամոբիլ, փորձնական է եղել․ «Պոլիտեխնիկի մի շարք մասնագետներ, օրինակ՝ Էմիլ Դիլանյանը ստեղծել է էլեկտրամոբիլ, հետագայում Աշոտ Պետրոսյանը։ Փորձնական հաջող մոդելներ են եղել։ Դա նշանակում է, որ մեզ մոտ ինժեներական միտքը բավական զարգացած է, պարզ է, որ հիմա ավելի առաջ է անցել, մենք պարտավոր ենք մեր մասնագետներին, փորձագետներին ներգրավել այս գործընթացներում՝ տեղական արտադրությունն ավելի հագեցած դարձնելու համար, եւ ոչ թե ամբողջության կախվածության մեջ լինել արտերկրից։ Համատեղ արտադրությունը շատ կարեւոր է»։
Մանասերյանը հիշեցրեց՝ կառավարությունը պարտավորություն է ստանձնել էլեկտրամոբիլների շահագործումը խթանելու համար ազատել մաքսատուրքից գույքահարկից, ներմուծման դեպքում մաքսատուրքը զրո է, իսկ ահա գույքահարկից ազատման խոստումը կառավարությունը չի կատարել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ