ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հաղորդում է․ «Հունվարի 6-ին, ժամը 17։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում երեխան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացի Ն․ Ա․-ն (ծնված 1997 թ․) Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը և մահացել։
Փրկարարները Ն․ Ա․-ի դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»։
Կարդացեք նաև
Shamshyan.com–ը այս տեղեկության վերաբերյալ հավելյալ մանրամասներ է հայտնում․ «Փրկարարները ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 2 կմ մոտեցել են դեպքի վայր և հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 28-ամյա Նորայր Աղաբեկյանի դին, ապա պատգարակով, մեծ դժվարությամբ, ոլորանապտույտ ու անանցանելի ճանապարհով մոտ 2 ժամ դին տեղափոխել և մոտեցրել են դիատարին»։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի 20-ամյա ազգականը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ Ն․ Աղաբեկյանը «Խաչի-դոշ» կոչվող տարածքում գտնվող ժայռի վրա լուսանկարվելու ընթացքում վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։