Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ պատմութեան ընթացքում մենք աւելի շատ յարաբերուել ենք Ատրպէյճանի ու Թուրքիայի, քան Ռուսաստանի հետ, եւ չի ասում, որ այդ յարաբերութիւնները եղել են իրաւական, ընկերային-տնտեսական, իսկ այնուհետ` ցեղասպանական գործողութիւններով հայ ժողովրդի դուրս մղման եւ նրա բնօրրանի իւրացման երկարատեւ գործընթաց: Դարերի եւ յատկապէս վերջին երկու հարիւր տարիների ընթացքում թշնամական քաղաքական զոյգը իր ծրագրերը իրականացրել է գրեթէ ամբողջապէս եւ հիմա հետապնդում է մեր պատմական հայրենիքից մնացած մէկ տասներորդին եւս փաստացի տէր դառնալու խնդիրը` Նիկոլ Փաշինեանի իշխանութեան բարենպաստ պայմաններում: Հայաստանի ղեկավարը կատարում է թշնամու պահանջները` յոյս ունենալով, որ նրանք մի տեղ կանգ կ՛առնեն եւ որպէս դրա երաշխաւորի` ցանկանում է ապաւինել Արեւմուտքի երաշխիքներին:
Ակնյայտ է, որ Փաշինեանը չի հաւատում, թէ հայ ժողովուրդն ընդունակ է ինքն իրեն պաշտպանելու, եւ թէ, հակառակը, ձգտում է թոյլ չտալ, որ տեղի ունենա ժողովրդի ոգու նոր վերելք: Իհարկէ եթէ նա ունակ լինի սթափ գնահատելու, կ՛ընդունի, որ հայկական ինքնապաշտպանութեան փլուզումը եւ նորի կազմակերպման անհնարինութեան մտայնութիւնը իր իշխանութեան գալու եւ իր պարտուողական գաղափարախօսութեան արգասիքն են: Այդ իմաստով հայ ժողովրդի նկատմամբ նրա առաջին եւ ամենամեծ դաւաճանութիւնը ռազմական եւ պետական կառավարման փորձի լիովին բացակայութեան պայմաններում փաստացի պատերազմից դուրս չեկած երկրի ղեկավարը դառնալու յաւակնութիւնն էր: Յայտնուելով պարտութիւնների եւ այդ գահավիժումը յաղթահարելու անկարողութեան փաստի առջեւ` նա դարձել է թշնամու կամակատարը եւ այժմ Հայաստանը տանում է պատմական, քաղաքական, դիւանագիտական համընդհանուր պարտութեան:
Թշնամու առջեւ ծնկած իշխանութիւնը ոչ միայն ցեղասպանութեան պահին հրաժարուեց արցախահայութեան պաշտպանութիւնից, այլեւ ամէն ջանք գործադրեց, որ ո՛չ հայկական կողմերը, ո՛չ էլ արտաքին ուժերը բողոքի ձայն չբարձրացնեն հազարամեակներով հայապատկան Արցախի բռնազաւթման եւ ցեղային զտման հարցով: Նա հրաժարւում է ատրպէյճանաթուրքական ռազմական յանցագործութիւնների, նուաճողական յաւակնութիւնների դէմ բողոքից, անպատասխան է թողնում հակառակորդի սպառնալիքներն ու բարձրաձայնուող կեղծիքը Հայաստանի տարածքի իբր թէ նախկինում Ատրպէյճանին պատկանելու մասին:
Թշնամիներից սարսափած` ոստիկանական պատնէշների հետեւում սեփական ժողովրդի առջեւ աքլորացող ղեկավարը անգամ Հայաստանի ներսում ցայսօր չի հանդիպել Արցախի պաշտօնական ներկայացուցիչների հետ, դէմ է Արցախի պետական կառոյցների պահպանմանը Հայաստանում եւ զրկել է նրանց գոյատեւելու ֆինանսական միջոցներից: Հակառակը` նրա պահանջով Արցախն ու արցախցին Հայաստանում պէտք է դադարեն այդպիսի կարգավիճակ եւ իրաւունքներ ունենալ, իսկ աւելի խորքային ձեւով հետապնդւում է արցախցիների համախմբումը թոյլ չտալու ու այնպիսի պայմանների ստեղծումը, երբ նրանք կամ նրանց զգալի հատուածը ստիպուած կը լինի լքել նաեւ Հայաստանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրոշակ» պաշտոնաթերթում