Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի տեղահանված բնակիչներն այսօր այցելեցին Եռաբլուր։ Գյուղի բնակիչ Քաջիկ Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մենք գնացել ենք մեր տղերքի Սուրբ ծնունդը շնորհավորելու։ Մեր նպատակն է եղել մեր գյուղի միասնականությունը ցույց տալը, որ միասնականության որմնաքարը դնեինք և ողջ հայությանը միասնականության կոչ անեինք»։
Նա պատմեց՝ իրենց գյուղի բնակչության համարյա յոթանասուն տոկոսն այսօր Եռաբլուրում է եղել։
Գյուղի բնակիչներն այժմ կեցություն են հաստատել ՀՀ տարբեր մարզերում։ Քաջիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, նա պատասխանեց․ «Մենք, գտնվելով ՀՀ-ում, մեզ օտար երկրում չենք համարում․ մեզ համարում ենք մեր մայր Հայաստանում։ Բայց այստեղ հարց կա․ մեր մայր Հայաստանում մենք ունենք փախստականի կարգավիճակ։ Այդ հարցը մեզ շատ է հուզում։ Մայր Հայաստանում, եթե մենք ուզում ենք աշխատանքի ընդունվել պետական մակարդակով կամ զինծառայության, արդեն պահանջում են, որ պետք է ունենանք Հայաստանի քաղաքացիություն։ Ես մի քանի օրից 52 տարեկան կդառնամ, բանակի թոշակառու սպա եմ, 22 տարի ծառայել եմ հայոց բանակում, բա ինչի մենք ու՞մ քաղաքացիներն ենք։ Այսինքն՝ մենք մեր մայր Հայաստանում պիտի ունենանք 025 կամ այլ կոդով անձնագիր, որ կարողանանք ընդունվել աշխատանքի՞։ Դրա իմաստը ո՞րն է»։
Քաջիկ Պետրոսյանն ասաց՝ չգիտի՝ դա ինչի համար է․ «Ես այսօրվա իշխանություններից գլուխ չեմ հանում։ Իրենք առավոտ ասում են՝ Ղարաբաղը Հայաստան է, երեկոյան ասում են՝ Ղարաբաղն Ադրբեջան է։ Ինձ մի հարց է հետաքրքրում ՝ ես կամ Դուք մեր երակներում հայի արյուն է հոսում, մեր ազգանունները յան-ով են վերջանում, մենք նույն լեզվով ենք խոսում, ունենք ընդհանուր պատմություն, մշակույթ, իմ և Ձեր տարբերությունը ո՞րն է Երևան քաղաքում կա ՀՀ-ի ցանկացած մարզում։ Ես գրանցված եմ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում։ Աշխատանքի բերումով Երևանում եմ լինում, շաբաթ, կիրակի գնում են այնտեղ։ Իմ անձնագրում կնիք է դրված, որ ես ժամանակավոր բնակվում եմ Ձորագյուղ գյուղում։ Ինձ տվել են փախստականի կարգավիճակ։ Այստեղ հարց՝ ղարաբաղցին եկել, գրանցվել է։ Մեկին ասում են՝ գրանցվիր, մյուսին ասում են փախստականի կարգավիճակ վերցրու, որ քո թոշակը տանք, մյուսին ասում են՝ ՀՀ քաղաքացիություն վերցրու, որ քեզ ընդունենք աշխատանքի։ Դրա իմաստը ո՞րն է։ Ես իմ զինվորական թոշակի համար ստիպված գնացել, վերցրել եմ փախստականի կարգավիճակ։ Իմ ընկերն ուզում է մի տեղ աշխատել կամ բանակում ծառայել, ասում են՝ դու պետք է լինես ՀՀ քաղաքացի․ 070 կոդը փոխես քո անձնագրի, կամ վերցնես 025 կամ այլ կոդով անձնագիր, որ քեզ ընդունենք բանակ։ Իմաստը ո՞րն է։ Ուրեմն 30 տարի պայքարել ենք, հաղթանակներ ենք ունեցել, պարտվել ենք, բայց ի՞նչ անենք՝ մեկ էլ կհաղթենք։ Այսինքն՝ այդ երեսուն տարին մենք իզուր ենք հա՞ պայքարել։ Մենք եղել ենք Ադրբեջանի քաղաքացինե՞ր, որ այսօր մեզ առաջարկում են՝ կամ դուք փախստական եք, կամ ՀՀ քաղաքացի։ Դրա իմաստը ո՞րն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Քաջիկ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից