Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Մեծ նախանձ է առաջացնում հայոց ուժեղ ներկայությունը Սուրբ երկրում, եւ այս գործողությունները հայ համայնքին վնաս տալու միտում ունեն»

Հունվար 05,2024 20:22

«Առավոտի» զրուցակիցն է Երուսաղեմում բնակվող Հայր Էմմանուէլ Վարդապետ Աթաջանյանը։

-Երուսաղեմի հայ համայնքը շարունակում է պայքարել Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի համար։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Դեկտեմբերի 28-ին մոտ 30 հոգի դիմակավորված հարձակվել էին հայ համայնքի տղաների վրա։ Դրանից մեկ օր առաջ Պատրիարքարանը դիմել էր դատարան, որպեսզի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսը 99 տարով վարձակալության տալու պայմանագիրը չեղարկվի։ Իբրեւ թե հրեական այդ կազմակերպությունը տարբեր ճնշումների տակ հասկացավ, որ այս կալվածքը պետք է մնա հայերի ձեռքին, եւ իրենց նախկին համոզմունքներից կարծես հետ են կանգնում։

Պատրիարքարանում կան վարդապետներ, որոնք ի սկզբանե դեմ էին այդ պայմանագրին, եւ պատրիարքը հասկացավ, որ ճիշտ չէ այդ պայմանագրին հետեւելը։ Նախքան դատարան դիմելը, Պատրիարքարանը դիմել էր հակառակ կողմին, որպեսզի մեզ հետ գային ընդհանուր հայտարարի, եւ չեղարկվեր այդ պայմանագիրը։ Բայց հակառակ կողմի պատասխանը եղավ այն, որ ծանր տեխնիկա բերեցին վանքի տարածք եւ սեմինարիայի պատը քանդեցին։

Հակառակ կողմում կան ծայրահեղ հրեաներ, որոնք համարում են, որ սա իրենց երկիրն է, այստեղ միայն հրեաներ պետք է լինեն։ Բայց հայերն այստեղ ներկա են մահմեդականներից շատ առաջ։ Եթե պատմության էջերը բացենք, կարող ենք հասնել մինչեւ առաջին դար ու Քրիստոսի գալուստ։

Երբ մենք տեսանք, որ ընդհանուր հայտարարի չեն ուզում գալ, մոտ մեկ ամիս անց մերոնք դիմեցին դատարան։ Եվ դատարան դիմելու պատասխանը եղավ այն, որ նրանք վճարեցին ու հեռուներից բերեցին երիտասարդների, որոնք դեկտեմբերի 28-ի հարձակվեցին մեր տղաների վրա։ Սա պրովոկացիա էր հայերի դեմ, որպեսզի հետագայում դատարանում մեր դեմ վկայություններ ունենան։ Բայց, փառք Աստծո, մերոնք ծայրահեղությունների չեն դիմել, հիմնականում պաշտպանվել են։ Երբ ոստիկանությունը մոտ 15 րոպե հետո եկավ, իրավիճակը բավական թեժ էր, մեր կողմից բավական տղաներ էին եկել եւ դիմակավոր այդ երիտասարդներին քշում էին մեր տարածքից։

-Ի՞նչ միտում եք նկատում, Երուսաղմերից հայկական հետքը ջնջելու քաղաքականություն կա՞ այս ամենում։

-Մեր ընդհանուր խորհրդի մեջ կան նաեւ մտքեր, որ այստեղ կան մարդիկ, որոնք Ալիեւի կլանի հետ համագործակցում են։ Մեծ նախանձ է առաջացնում հայոց ուժեղ ներկայությունը Սուրբ երկրում, եւ այս գործողություններն ուղղված են Հայաստանից դուրս գտնվող այս համայնքին վնաս տալուն, դա շատ ակնհայտ է մեզ համար։ Պատասխանը ստանում են եւ պետք է ստանան։

Փառք Աստծո, մինչեւ հիմա Իսրայել պետությունն օրենքով շարժվող պետություն է, որտեղ դատական համակարգը գործում է, կան անկաշառ դատավորներ։ Երբ ոստիկանները հայկական համայնքի 2 ներկայացուցիչների եւ հակառակ կողմից 8 հոգի տարան ոստիկանատուն, պարզվեց, որ մյուս կողմը փող է ստացել՝ այդ հարձակումն իրականացնելու համար։ Այսինքն՝ անհատների են հավաքել, փող են տվել, որ հարձակվեն հայերի վրա։ Երբ ոստիկանությունը դիմել էր դատարան, որպեսզի հայերին դատարան տանեին, Իսրայելի դատարանը մերժել էր Իսրայելի ոստիկանության պահանջը։ Դրանով կարող ենք հասկանալ, որ այստեղ դատական համակարգը գործում է։

Բացի նրանից, որ հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ճիշտ են դրսեւորում, մենք ունենք նաեւ լավ փաստաբաններ։ Եվ պետք է ոչ թե կրքերին տրվել, այլ խնդիրն օրենքի դաշտում լուծել։ Բոլոր կողմերն էլ հասկանում են, որ մենք այստեղ մեր ներկայությունը պահել ենք եւ Աստծո կամոք ու Աստծո ողորմությամբ մինչեւ Քրիստոսի գալուստը մեր ներկայությունը պիտի ապահովենք սուրբ երկրում։

Հայկական համայնքի վրա հարձակման հաջորդ օրը մոտ 70 հրեա մտավորականներ եկել էին իրենց համերաշխությունը հայտնելու Երուսաղեմի հայ ժողովրդին։ Նրանց թվում էին նաեւ որոշ հրեաներ, որոնք նախկինում դեսպաններ են եղել, եւ իրենք իրենց զորակցությունը հայտնեցին հայերին։ Այստեղ թուրքական պետության ճնշման ներքո Իսրայելը շատ զիջումների է գնացել հայկական հարցերի վերաբերյալ։ Իրենց աշխարհիկ դպրոցներում հայերի մասին ոչինչ չեն ուսուցանում, կարծես հայերը չկան։ Այն իրավիճակն է, որ հրեաները կարող են գալ հին քաղաք ու գաղափար չունենալ, թե ովքեր են հայերը։ Եվ դա արվում է թուրքերի ազդեցությամբ։ Այն քաղաքականությունը, որը վարում է Իսրայելի իշխանությունը՝ զենք վաճառելով Ադրբեջանին, դա իրենց պետական քաղաքականությունն է, որին մեծ թվով հրեաներ դեմ են։ Մենք պետք է իմանանք, որ հրեա ժողովուրդը մեզ եղբայր ժողովուրդ է, չպետք է թշնամանալ հրեա ժողովրդի հետ։ Իրենց իրական էլիտան եւս դժգոհ է Իսրայելի իշխանության քաղաքականությունից։

Պաշտոնական Երեւանը չի դատապարտել Երուսաղեմի հայ համայնքի դեմ այս գործողությունները, սատարելու քաղաքականություն չկա։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Մենք պաշտոնական Երեւանի համար աղոթք ենք անում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031