Աշտարակի Ամենափրկիչ եկեղեցին
Ամենափրկիչը եղել է Աշտարակի ամենահին եկեղեցիներից մեկը և Երվանդ Շահազիզի կարծիքով կառուցված է եղել 13-րդ դարում՝ Սպիտակավորի և Սբ Մարինեի հետ միասին: Այն գտնվել է իր իսկ անվանումով թաղում, խորհրդային տարիներին կառուցված քաղաքային շուկայի տեղում:
Երվանդ Շահազիզը նկարագրելով Աշտարակի հինգ (Բերդաթաղ, Վերին թաղ (կամ Ս. Մարինեի), Ամենափրկչի, Կարմրավորի և Կավահանքի) թաղերը, գրել է. «Ամենափրկչի թաղն յուր անունը ստացել է այդտեղ եղած Ամենափրկիչ եկեղեցուց: Դա հնուց մնացած, սրբատաշ քարից շինած մի մատուռ է եղել, որին հետագայում կցվել է մի հասարակ, փայտածածկ ժողովրդանոց, և Ծիրանավորի քանդվելուց հետո, այդտեղ փոխադրվել է ժամասացությունը բովանդակ գյուղի համար: Վերջին ժամանակներս հնությունից ավերվել է և այդ մատուռը, ժողովրդանոցի հետ միասին, և ձեռնարկվել է մի նոր եկեղեցու շինության, որի հիմքը դրվել է, բայց մնացել է անավարտ: Այդ նոր եկեղեցու հիմնարկության ժամանակ փլատակված մատուռի վերջին մնացորդներն էլ սրբվել, մաքրվել են նոր շինելիք եկեղեցու համար տեղ բանալու նպատակով, և չի պահպանվել, գոնե, մի արձանագրության քար (եթե եղել է), որով կարելի լիներ իմանալ, թե հին մատուռն ի՞նչ շինություն է եղել, ե՞րբ է շինված եղել և ո՞ւմ ձեռքով»:
Ամենափրկիչը առաջին անգամ հիշատակվում է 1478 թ., Բջնիի վանքում գրված մի ձեռագրաց հիշատակարանում. «Ես՝ Պատրոնս և ամուսին իմ Մելիք-խաթուն ստացաք զսուրբ Աւետարանս ի յարդար վաստակոց մերոց, և տուաք զսա ընծայ ի դուռն սուրբ Ամենափրկչին Աշտարակու, և սուրբ Մարիանին, և սուրբ Կարմրաւորին, ի վայելումն մանկանց սոցա»:
Կարդացեք նաև
Ձեռագիր Ավետարանը ընդօրինակողը՝ Գրիգոր եպիսկոպոս Աշտարակեցին էր, Հասան Բուղայի և Թամթա Խաթունի որդին: Նա 17 տարուց ավելի պաշտոնավարել է Բջնիում, իբրև թեմակալ առաջնորդ՝ հաջորդելով Մանվել եպիսկոպոս Ազիզբեկյանին: Գրիգորը ձեռագիրը ընդօրինակել է «բազում աշխատութեամբ», որն էլ ընծայվել է Աշտարակի եկեղեցիներին՝ դրանցում ուսուցանող մանուկների համար: Եվ ինչպես Սուրեն Սաղումյանն է գրել, Ավետարանը «հիշյալ եկեղեցիների շվաքի տակ գործող դպրոցների սաների համար ծառայել է իբրև ուսումնական ձեռնարկ, դասագիրք»:
Գրիգորը հիշատակարանում գրել է․ «Եւ մի ոք իշխեսցէ հեռացուցանել զսուրբ Աւետարանս ի յԱշտարակու ի դրան սուրբ Ամենափրկչին և սուրբ վանորէացս ծախելով և կամ խորհրդով, եթէ ոք յանդգնի՝ մեր մեղացն պարտական լիցի յաւուրն դատաստանի»: Ահա այսպիսի անեծքով էլ նա, ով սերտորեն կապված էր հայրենի Աշտարակի հետ, ավարտել է ձեռագրի հիշատակարանը:
Իսկ Ամենափրկիչի դպրոցը ընդհատումներով գործել է նաև 19-րդ դարում: Պերճ Պռոշյանը 1846 թ. իր հուշիկներում գրել է. «Ձմեռները «Ամենափրկիչ» կոչված եկեղեցու արևելա-հյուսիսային խարխուլ ավերակումն էր փոշեխեղդ անում մեզ՝ նույն եկեղեցու հյուսային պատի երկարությամբ… դաս տալիս»:
1870թ. հոկտեմբերի 19-ին Սբ Էջմիածնի Սինոդը քննարկել է Աշտարակի Ամենափրկիչ եկեղեցու ծխականների խնդրագիրը՝ եկեղեցական 630 ռ․ դրամով «թոյլատրել ի գործադրութիւն վասն շինութեան ուսումնարանի առընթեր եկեղեցւոյ տեղւոյն»։ Եվ այդ տարի Ամենափրկչի բարեկրոն Սարգիս ավագ քահանան, ստանալով Վեհափառ Հայրապետի հատուկ օրհնության կոնդակը, եկեղեցու մոտ եղած սենյակում բացել է օրիորդաց դպրոց։
Ամենափրկիչը վնասվել է 1679 թ. երկրաշարժից և որից հետո վերանորոգվել ու գործել է: Եկեղեցին հիշատակվում է նաև 1716 թ.՝ Աշտարակի Սբ Մարինե եկեղեցում պահված մեկ ուրիշ ձեռագիր հիշատակարանում:
1830-ական թվականներին Հովհաննես Շահխաթունյանցի նկարագրության համաձայն, եկեղեցու արևելյան խորանի հատվածը շարված է եղել սրբատաշ քարերով, կրաշաղախով. «Ամենափրկիչ անուամբ որոյ սեղանն տեղի պատարագելոյ է բոլորովին ի սրբատաշ քարանց ի հին ժամանակաց. իսկ ժողովրդանոց նորա զկնի ի մերձ ժամանակի շինեալ՝ որմունքն ի հասարակ քարանց և ի հողոյ և ծածկոյթն ի հասարակ փայտից»: Շահխաթունյանցի այդ նկարագրությունից պարզ է դառնում, որ այստեղ գոյություն է ունեցել մի հին եկեղեցի, որը քանդվել և հետագայում վերակառուցվել է: Իսկ 1815 թ. Ծիրանավոր եկեղեցին վնասվելուց հետո, ժամասացությունը տեղափոխվել է Ամենափրկիչ. «Կատարեն զայն յԱմենափրկիչ եկեղեցին»:
1843թ․ մարտի 16-ին Աշտարակի ծխականները խնդրագիր են ուղղել Երևանի կոնսիստորիային՝ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգելու համար․ «Մեք տեսանելով զմեր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին որքան զօր լինի խախտեալ և փլուցեալ ի խոնաւութենէ յօտոյն և տեղւոյն, առ այն ազգային ջերմեռանդութեան հայրենի երախտիքն և բանականական խղճմտանքն ստիպէ զմեզ ի մերս ժամանակի ո՛չ թողուլ ի նախնեաց շինեալ զեկեղեցին մեր խախտեալ, այլ նորոգել, ուստի մեք ստորագրեալքս կարծեմք թէ՝ հարիւր թուման Երևանու դրամով լիցի եկեղեցին մեր ըստ պատշաճին շինեալ»։ Հուլիսի 2-ին Սինոդը հրամայել է․ «Թոյլատրել առնել յեկեղեցւոջն Հայոց Աշտարակի զկարևոր նորոգութիւնս խախտեալ տեղեաց այնորիկ»։
1875 թ. նոյեմբերի 15-ին Աշտարակի հասարակությունը խնդրագրով դիմել է Երևանի վիճակային կոնսիստորիային՝ Ամենափրկիչ եկեղեցու երեցփոխ Սիմոն Շահազիզյանցին, արդյունավետ ծառայության համար պարգևատրելու մեդալով: Նրանք գրել են, որ Շահազիզյանցը եկեղեցում պաշտոնավարելով 1864 թ. սկսած բազմաթիվ կարևոր գործեր է կատարել. նորոգել է եկեղեցու տանիքը, կառուցել է եկեղեցու պարիսպը, վերակառուցել երեխաների համար դպրոց, պատրաստել տվել եկեղեցական զգեստներ և այլ պարագաներ ու եկեղեցական մայր գումարը հասցրել 1100 ռ.:
Հաջորդ տարի օգոստոսի 17-ին Երևանի կոնսիստորիան, քննելով խնդրագիրը, դիմել է Սբ Էջմիածնի Սինոդին, որն էլ հրամանագրել է. «Մատուցմամբ պատշաճաւրի ցուցակի ծառայութեամբ երեցփոխանի Ամենափրկիչ եկեղեցւոյն Հայոց Աշտարակ գեղջ Սիմէօնի Շահազիզեանց, խնդրեալ զտնօրէնութիւն տեառն կառավարչի գլխաւոր կառավարութեան փոխարքային Կովկասու, վասն վարձատրելոյ զնա արծաթեայ պարանոցական մեդալիւ ի վերայ Ստանիսլավի լենտի ի տրետուր 12 ամեայ հաւատարիմ և ջերմեռանդ ծառայութեան ի պաշտօնի երեցփոխանութեան եկեղեցւոյ»:
Ամենափրկիչ եկեղեցուն անդրադարձել է նաև Ղևոնդ Ալիշանը, կրկնելով Հ. Շահխաթունյանցին. «Ամենափրկիչ, որոյ խորանն միայն հնաշեն է սրբատաշ քարամբք, այլ մասունք հասարակ քարամբք և փայտիւ նորոգեալ ի յետնոց»: Իսկ Ալիշանին էլ կրկնել է Սուքիաս Էփրիկյանը:
Եկեղեցին 20-րդ դարի սկզբում դեռ կանգուն էր: Եր. Շահազիզը գրել է, որ «Ամենափրկիչը չեն քանդել, այլ ինքն է, հնացած լինելով, ժողովրդանոցի հետ միասին քանդվել»: Այժմ Ամենափրկիչը գոյություն չունի պահպանվել են առանձին սրբատաշ քարեր, որոնք ցրված են տարածքում:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող