Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին, շարունակելով մշակութային ցեղասպանությունը։ Musavat TV-ի տարածած տեսանյութից հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորները «հաշվեհարդար» են տեսել Վաղուհաս գյուղ մտնող ճամփեզրին, 44 օրյա պատերազմում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարի հետ։ Քանդակագործ՝ Յուրա Մանգասարյան։ Տեսանյութում կողք-կողքի կանգնեցված երկու խաչքարերից մեկը չկա։
Հարկ է նշել, որ զավթիչները ավերել են նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։
Հ.Գ. Մխիթար Աղաբեկյանը մեր գործընկեր` Մարտակերտի շրջանային ծառայության պետ, Ավետիք Աղաբեկյանի որդին է։
Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն (Artsakh Monuments)