Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Կաթողիկոսին եթեր չտրամադրելու պատճառները շատ խորն արմատներ ունեն եւ սրանց այսպիսի վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ նոր չէ»

Հունվար 05,2024 18:37

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վեհափառ Հայրապետին հանրայինի եթերով համայն հայությանը ամանորյա ուղերձ հղելու հնարավորությունից զրկելու մասին՝ ասաց. «Դրա պատճառները շատ խորն արմատներ ունեն: Սրանց վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ նոր չէ: 2018 թվականից իրենք այսպիսի կարգախոս ունեին. «նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս»: Ու դրանով պայմանավորված, սկսվեց արշավը եկեղեցու դեմ: Տեսանք, որ կաթողիկոսի նկատմամբ պլանավորված հարձակումներ տեղի ունեցան, հոգեւոր առաջնորդները տարբեր տեղերում, ուր հայտնվում էին, ենթարկվում էին հարձակումների: Եվ սրանց ձեռքը բռնող չկար: Այդ ամենը ավելի լայն թափ առավ եւ շարունակվեց 2020 թվականից հետո, երբ պահանջվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Իրենց այս վերջին քայլը ապշեցուցիչ էր, որն ի ցույց դրեց սրանց ամբողջ ծրագիրը: Անգամ կաթողիկոսի նոր տարվա ելույթը իրենց համար սպառնալիք համարեցին, որովհետեւ կաթողիկոսը նոր տարվա նախաշեմին պետք է արտաբերեր Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, արցախահայությանը ուղերձով պետք է դիմեր: Կաթողիկոսը նշեց նաեւ, որ Արցախի էջը փակված չէ եւ մենք պետք է տեր կանգնենք Արցախի մեր քույր ու եղբայրներին:

Սա իրենց մոտ հոգեխանգարմունք առաջացրեց, եւ դա պատահական չէ: Սա կապված է ոչ միայն կաթողիկոսի, այլ ամբողջ եկեղեցու հետ: Նրանք թշնամական վերաբերմունք ունեն եւ կաթողիկոսի, եւ սրբազանների հանդեպ, որոնք չեն ընդունում այս իշխանությունը եւ գնահատական են տալիս: Այդ հոգեւորականները անմիջապես ֆեյքերի գործադրմամբ թիրախավորվում, պիտակավորվում են, նրանց նկատմամբ մի հսկայածավալ արշավ է կազմակերպվում:

Մենք գիտենք, թե ովքեր են կանգնած այս ամենի հետեւում: Ուստի պատահական չէ, որ հետո փորձեցին արդարանալ, թե առաջարկել են լուրերից հետո մի կարճ եթեր տալ: Սա խայտառակություն է, եւ որեւէ նորմալ երկիր չի կարող թույլ տալ, որ այսպիսի վերաբերմունք դրսեւորվի հոգեւոր առաջնորդի, առհասարակ այդ հոգեւոր ինստիտուտի նկատմամբ:

Բայց մի դրական արձանագրում կարող ենք անել: Այս քայլը ստիպեց մեր շատ հայրենակիցների, որոնք այնքան էլ ուշադիր չէին լսում եկեղեցու նոր տարվա ուղերձները, այս անգամ ամեն մի բառը, ամեն մի նախադասությունը մի քանի անգամ լսել, տարածել են իրենց էջերում եւ մի քանի հարյուր հազար դիտում ապահովել: Այսինքն, կաթողիկոսի ելույթը կասեցնելու փորձը հակառակ արդյունք ունեցավ:

Մենք պետք է Հայրապետի եւ Կիլիկիո թեմի առաջնորդի, բոլոր սրբազանների, հոգեւոր առաջնորդների կողքին կանգնենք: Նրանք մեր պետականության իմունիտետն են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031