ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառում կատարեցի Իրանի Քերման քաղաքում, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով մեծաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը պարբերաբար ահաբեկիչների թիրախ է դառնում, դեռ չեմ խոսում այն պետությունների մասին, որոնք իրենց գործելաոճով ու քաղաքականությամբ նպաստում են ահաբեկչական խմբավորումների ակտիվացմանը:
Հեռու չգնանք: Ադրբեջանի գործողություններն Արցախի ու Հայաստանի դեմ շատ դեպքերում ահաբեկչական ձեռագիր ունեն:
Կարդացեք նաև
Թուրքիան 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ ահաբեկիչներ էր մատակարարում տարածաշրջան ու Արցախի դեմ ագրեսիային մասնակից դարձնում:
Բնականաբար այսպիսի ռեգիոնի պարագայում ահաբեկչության սպառնալիքը մշտապես գերիշխող է լինում:
Եվս մեկ անգամ ցավակցում եմ մեր բարեկամ Իրանին` համոզված լինելով, որ այս ծանր շրջանը պատվով կհաղթահարի:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ այցելել ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն։
Գրառում կատարելով դեսպանատանը բացված սգո մատյանում՝ ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնել եղբայրական Իրանի ժողովրդին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Ապաքինում՝ մաղթելով բոլոր վիրավորներին՝ մեր ցավակցական խոսքերն ենք փոխանցել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մեհդի Սոբհանիին։