Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ծիտիկը բերեց, արագիլը բերեց, էական չէ․ քանի դեռ չունենք դատական ակտ մեղավորների, կատարողների, կազմակերպիչների մասին, մնացածը մանիպուլյացիաներ են»․ Արմեն Խաչատրյանը՝ մարտի 1-ի գործի մասին

Հունվար 05,2024 17:28

«Քրեական դատավարության իմաստով քրեական գործի լիարժեք բացահայտումը հաստատվում է դատական ակտով։ Քանի դեռ մենք չունենք որևէ դատական ակտ մեղավորների, կատարողների կազմակերպիչների մասին, դրանք մանիպուլյացիաներ են, և որևէ կերպ մենք չունենք մի առարկայական արդյունք, որը կարող ենք նույնականացնել մարտի 1-ի գործի բացահայտման հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանին հիշեցրինք՝ օրեր առաջ հարցազրույցում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասաց՝ հիմա էլ է հայտարարում, որ մարտի 1-ի գործը բացահայտված է․ «Մենք ունենք իրավիճակ, երբ ի սկզբանե հայտնվում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բանակ չի ներգրավվել, երբ ի հայտ եկավ 0030 գաղտնի հրամանը, դրա արդյունքում պարզեցինք, որ բանակը բերվել է Երևան քաղաք՝ զինված։ Դրանից հետո եղան կարծիքներ, որ, այո, նույնիսկ, եթե բանակը եկել է մարտի 1-ին Երևան, չի կրակել։ Մենք նախաքննության ընթացքում հիմնավորեցինք, որ բանակը եկել ու կրակել է, ունեցանք նաև ցուցմունք բանակի կողմից հրազեն գործադրելու փաստով»։

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ եթե փիլիսոփայական, քաղաքական, այլ իմաստներով նկատի ունենանք, որ մարտի 1-ի գործը միշտ էլ բացահայտված է եղել, այո․ «2008-ի մարտի 1-ից հետո այդ գործն ակնհայտ բացահայտված է եղել։ Առնվազն գիտենք՝ ում հրամանով կարող էր զորքերի տեղաշարժ լինել, ում հրամանով կարող էին կրակոցներ լինել, ընդհուպ մինչև բողոքի մասնակիցների ֆիզիկական ոչնչացում։ Այդ ամենն ի սկզբանե պարզ է եղել, և մենք գիտենք այդ մասին, բայց շատ ավելի կոնկրետ քրեական դատավարության իմաստով մենք չունենք որևէ դատական ակտ, որով հաստատված կլիներ մեղավորների առկայությունը և հաստատված կլիներ մեղավորների ինքնությունը»։

Սասուն Խաչատրյանը նաև նշել էր, որ 2018-ին՝ նախաքննության այդ փուլում ունեցել են հայտնաբերված պարկուճներ, որոնք իրենց է հանձնել մի քաղաքացի, որը բնակվում էր մոտակայքում․ «Ինքն էր հավաքել դեպքից հետո այդ պարկուճները և ներկայացրեց նախաքննության մարմնին, որով ունեցանք համընկնում բանակի կողմից կիրառված ինքնաձիգի հետ։ Սա ևս մեկ ապացույց, որ բանակը եկել ու կրակել է։ Մեզ կշտամբում են, որ դուք չեք կարող գտնել այն անձին, ում կրակոցից մահացավ կոնկրետ տուժողը։ Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որ դեպքի վայրից հավաքված բոլոր պարկուճները կեղծվել են, փոխարինվել են հետագայում ներքին զորքերի զինծառայողների կողմից, ներքին զորքերի՝ այդ ժամանակվա հրամանատարության ցուցումով պոլիգոնում կրակված պարկուճներով, որոնք բերվել, հանձնվել են քննիչին, նա էլ հանձնել է փորձագետին, և փոխվել են իրեղեն ապացույցները։ Հետևապես մենք ունենք նաև կանխավարկած, որ չէին կարող փոխել պարկուճները և չփոխել գնդակները։ Այս առումով ողջամտորեն ասել՝ եկեք գտեք կրակողին, եթե ամբողջ ՀՔԾ-ն և ներկայում էլ Հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ կազմված լիներ Շերլոք Հոլմսերից և Պուարոներից, էլի անիրականանալի կլիներ տվյալ դեպքում այդ բացահայտումն իրականացնելը»։

Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ այս նոր հանգամանքի ի հայտ գալը նոր լույս չի՞ սփռում մարտի 1-ի գործի վրա, նա արձագանքեց․ «Կամ ծիտիկը բերեց, կամ արագիլը բերեց, էական չէ։ Բայց նորից ուզում եմ կրկնել՝ մեղադրանքի կողմը դատարան ներկայացնում է պաշտոնապես ձևակերպված կասկած՝ հանցագործության կատարման մասին, հանցագործության դեպքը կամ մեղավորության հարցը լուծում է դատարանը։ Թե իրենք ինչ կասկած ունեն, ես ինչքան էլ հավատամ այդ կասկածին ու ինչքան էլ, որ վստահ լինեմ, այդ կասկածի վերաբերյալ համոզմունքներ ունենամ, միևնույն է՝ դատական ակտով է այդ կասկածը դառնում հանցագործություն։ Քանի դեռ մենք չունենք այդ դատական ակտը, դա մնում է՝ որպես կասկած»։

Արմեն Խաչատրյանին հիշեցրինք՝ Սասուն Խաչատրյանը փաստում է, որ 1100 թերթ մեղադրական եզրակացություն է գրվել, որում բոլոր ապացույցները շարադրված են և նշում․ «Հանրության մոտ կարող է լինել կարծիք, որ այդ գործը լավ չէր քննվել։ Այդ գործով 1100 թերթ մեղադրական եզրակացություն էր գրվել, որում բոլոր ապացույցները շարադրված են եղել։ Իրավունք չունեմ կասկածի տակ դնել ՍԴ որոշումը։ Բայց այն, որ այդ գործով լավ քննություն է իրականացվել, որ այդ գործով մեծ ծավալի բացահայտումներ են եղել, դա միանշանակ եմ ասում բոլոր նրանց, ում իրոք հետաքրքրում է մարտի 1-ի գործը, կարող են վերցնել այդ գործով մեղադրական եզրակացությունը և ծանոթանալ այդ ապացույցներին, և բոլորին ակնհայտ կլինի՝ ինչ է տեղի ունեցել։ Համընկնումը հայտնի է․ առնվազն զորամասը հայտնի է, չեմ ասում՝ այդ կրակոցի արդյունքում մարդ է զոհվել, ունենք ապացույց, որ կոնկրետ զինվորական ստորաբաժանում եկել է Երևան, ցուցմունքներով հիմնավորումներ ունենք, իրեղեն ապացույց, որ բանակը կրակել է մարտի 1-ին»։

Արմեն Խաչատրյանն ասաց․ «Այդ մեղադրական եզրակացությանը, եթե անգամ ես իմ կողմից ավելացնեմ 3300 էջ էլ, և ավելի դետալային դարձնենք այն հանցագործությունները, որոնք կատարվել են մարտի 1-2-ին նախորդող ժամանակահատվածում, բուն այդ օրը, միևնույն է, մենք այսօր, եթե հարց տանք որևէ իրավագետի, իրավաբան քաղաքացու կամ սովորական տառաճանաչ քաղաքացու և ասենք՝ ով է մարտի 1-ի մեղավորը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ինքը կասի՝ որևէ մեղավոր մարտի 1-ի գործով չկա, եթե նկատի չունենանք ընդդիմության այն մասնակիցներին, ակտիվիստներին, որոնք դեռ 2008-2009 թվականներին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում դեռևս համարվում են զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, մասնակից և այլն»։

Մեր հարցին՝ լավատե՞ս եք, որ մի օր կունենանք այս գործով դատական ակտ, որով հաստատված կլիներ մեղավորների առկայությունը և հաստատված կլիներ մեղավորների ինքնությունը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Ես վաղուց արդեն լավատես չեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031