Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության

Հունվար 05,2024 16:29

«Ազատություն»․ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Այդ մասին գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, պնդելով, թե «Երևանը նման պարտավորություն է ստանձնել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ»։

«Հայաստանը պարտավորվել է անխոչընդոտ կապ երաշխավորել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանի նախագահն այդ դրույթին է հղում անում», – ասել է նա։

Արդյո՞ք, ըստ Ադրբեջանի, այս տողերը նշանակում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի սահմանային ու մաքսային վերահսկողությունից, հարցրել է գերմանացի լրագրողը։

«Կարճ կպատասխանեմ՝ այո, այդ իսկ պատճառով փաստաթղթում ներառված է անխոչընդոտ բառը՝ ուղևորների ու բեռների տեղափոխման վերաբերյալ։ Հայաստանը ստորագրել է այդ պարտավորության տակ։ Միաժամանակ, պետք է հստակեցնել, որ մենք ակնկալում ենք սահմանային ու մաքսային վերահսկողության չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող բեռների համար։ Բայց երբ Ադրբեջանից ապրանքները տեղափոխվեն երրորդ երկիր, իհարկե, Հայաստանը պետք է համապատասխան մաքսային ու սահմանային վերահսկողությունն իրականացնի», – ասել է Հաջիևը:

Նա մասնավորապես նշել է, թե Ադրբեջանը չի վստահում հայ իրավապահներին, թեև մինչ այդ ասել էր, որ երկու երկրները հիմա մոտ են խաղաղությանը։ «Մեր մտահոգությունն այն է, որ չենք կարող ադրբեջանական ապրանքները, մեր ուղևորներին թողնել հայ իրավապահների քմահաճույքին։ Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է իրագործեն», – ասել է Հաջիևը։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, համաձայն չէ անխոչընդոտ անցման՝ Բաքվի մեկնաբանությանը և հայտարարում է, թե ճանապարհները պետք է բացվեն ըստ Հայաստանում գործող օրենքների՝ առանց որևէ արտոնության ու բացառության։ Վերջին ամիսներին Երևանը նաև շրջանառում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանում համագործակցության ու հաղորդակցության ուղիների բացման առաջարկ։

Բաքուն, փաստացի, այդ պայմանները չի ընդունում։ Ավելին, Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասել է, թե այդ նախագծով Երևանը փորձում է խույս տալ ստանձնած պարտավորություններից։ Հաջիևը նաև հստակեցրել է՝ ըստ Բաքվի որտեղով պետք է անցնի այդ ճանապարհը, և էլ ինչ տարաձայնություններ կան։

«Մենք նկատի ունենք ամենակարճ ուղին, որը պետք է անցնի խորհրդային տարիներին գործող երկաթուղու երկայնքով։ Թեև Հայաստանն ասում է, որ շահագրգռված է այդ երկաթգծի վերականգնմամբ, բայց ընդդիմանում է զուգահեռ ավտոճանապարհի կառուցմանը՝ առաջարկելով Ադրբեջանին դրա փոխարեն առավել երկար, անհարմար ու եղանակային պայմանների փոփոխություններից կախված հյուսիսային երթուղի», – ասել է Իլհամ Ալիևի խորհրդականը:

Այս պահանջների իրագործումը, ըստ Հաջիևի, չի վտանգում Հայաստանի ինքնիշխանությունը կամ հարաբերությունները Իրանի հետ, քանի որ «այդ երթուղիները հատվում են, բայց չեն արգելափակում իրար»։ «Միջանցք» տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին, այն լայնորեն կիրառվում է տրանսպորտային երթուղիների համատեքստում», – ասել է Հաջիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է դիտարկել Նախիջևանի հետ կապի տարբերակներ, օրինակ՝ Կալինինգրադի մոդելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031