Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ վարույթներին։ «Մենք գրեթե բոլոր ուղղություններով ավարտական տեսք ունենք, ավելի արդյունավետ քննություն ապահովելու տեսանկյունից 44-օրյա պատերազմի վարույթները բաժանել ենք ըստ ուղղությունների։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է։ Եվ ես, այո, կարող եմ արձանագրել, որ մեզ համար ընդհանուր իրավիճակը գրեթե բոլոր ուղղություններով պարզ է։ Մենք այս ընթացքում դատարան ենք ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ։ Այդ անձանցից 95-ը սպաներ են»։
Հարցին, թե հայտնի՞ է, ինչի՞ հետեւանքով մենք պարտություն կրեցինք, արդյոք բացահայտվե՞լ է այն անձանց շրջանակը, որոնց գործողությունները պարտության պատճառ են դարձել, Քյարամյանը պատասխանել է․ «Այս պահի դրությամբ առնվազն 95 սպաներ կան, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում։ Չխախտելով անմեղության կանխավարկածը, դատաքննությունը ցույց կտա՝ այս մարդիկ մեղավոր են, թե չէ, բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, որոնք նաեւ հանրությանն են հետաքրքրել, մենք ունենք։ Առնվազն ինձ համար պատկերը պարզ է»։
«Առավոտի» հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ նկատի ունի Քննչական կոմիտեի ղեկավարը, երբ ասում է՝ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները կան, բայց ակնհայտորեն մեկ բան հստակ է՝ պատերազմի մասին ինֆորմացիա ունենալու պարագայում իշխանությունն իրավիճակին համարժեք չի գործել։ Եվ նաեւ դրա պատճառով է, որ հենց պատերազմի առաջին օրերին հայկական կողմն ունեցել է հսկայական կորուստներ՝ եւ մարդկային, եւ զինտեխնիկայի, եւ տարածքային առումով։ Այդ հանցավոր անգործությունը նաեւ Ադրբեջանին հնարավորություն է տվել համապատասխան գործողություններ ծավալել ու հետագայում հաջողություններ ունենալ։ Իսկ թե դրա տակ ինչ հանգամանքներ կան, ում ինչ հրամաններ են տրվել, ինչո՞ւ չեն տրվել, կան մեծ թվով հարցեր, որոնք կպարզվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունն այլեւս չի լինի իշխանության ղեկին, եւ հնարավորություն կլինի ավելի հստակ հասկանալու, թե որ օղակը պատասխանատվության ինչպիսի աստիճան է ունեցել։ Բայց այն, որ քաղաքական եւ մյուս առումներով այս պարտության ամբողջական պատասխանատուն հայաստանյան իշխանությունն է՝ իր արածով եւ չարածով, դա հասարակության համար որեւէ կասկածի տեղիք չի տալիս»։
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ցանկացած պատերազմ ունենում է իր հերոսները ու հակահերոսները, բայց երբ մենք խոսում ենք պատերազմի վարման մասին, բնականաբար, պատերազմը վարում է պետությունը։ Պետական կառավարման համակարգն ամբողջությամբ մտնում է այդ գործողությունների մեջ։
«Եվ տարբեր օղակների վրա մեղքը բարդելը կամ նրանց իրավական պատասխանատվության ենթարկելը չի նշանակում, որ քաղաքական վերին էշելոնում կանգնածները դրանով պետք է խուսափեն պատասխանատվությունից։ Իշխանության քարոզչական քաղաքականությունը կառուցված է նրա վրա, որ բոլորը մեղավոր են, բացի իրենցից, բայց նույնիսկ այս պարագայում, երբ կան տարբեր անձինք, որոնք տարբեր գործերով են անցնում, յուրաքանչյուրը տարբեր ուղղություններով որոշակի իրավական պատասխանատվություն են կրում, նույնիսկ դա չի նշանակում, որ քաղաքական իշխանությունը մեղավորություն չունի։ Այն, ինչի մասին շատ հաճախ խոսում են իշխանության տարբեր ներկայացուցիչները, դրանք ընդամենը հետեւանք են այն գործողությունների բացակայության, որոնք իշխանությունը պետք է աներ, բայց չի իրականացրել, եւ դա հետագայում բերել է ծանր հետեւանքների»,- հավելեց Աբրահամյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից