Ժելատինի (դոնդողանյութ) կարևորագույն բաղադրամասերից մեկը կոլագենն է, որը պատասխանատու է մաշկի, հոդերի առողջության համար, սակայն ժելատինը կարող է լրացնել կոլագենի պակասը միայն այն դեպքում, երբ ճիշտ է պատրաստվում և օգտագործվում։
Ժելատինն անգույն կամ դեղին երանգ ունեցող մասնակի հիդրոլիզացված կոլագենային սպիտակուց է, որը ստանում են կենդանիների շարակցական հյուսվածքներից։ Կոլագենը մանրաթելային սպիտակուցային միացություն է, որն ապահովում է շարակցական հյուսվածքի առաձգականությունը։ Տարիքի հետ բնական կոլագենի արտադրությունը կրճատվում է, և դրա պակասը նկատելի է դառնում անզեն աչքով՝ մաշկը սկսում է կնճռոտվել, մազերը սկսում են թափվել, առաջանում են հենաշարժողական համակարգի խնդիրներ։
Ինչ ազդեցություն ունի ժելատինը
- Նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին, նվազեցնում է բորբոքային գործընթացները,
- կանխում է մազաթափությունը, նվազեցնում է մազերի փխրունությունը, փայլ է հաղորդում մազերին,
- երիտասարդացնող ազդեցություն է գործում մաշկի վրա,
- մասնակցում է եղունգների վերականգնմանը, ամրացնում է դրանք,
- նպաստում է հոդերի շարժունակությանը,
- նվազեցնում է ախորժակը՝ նպաստելով նիհարելուն,
- դրական է ազդում նյութափոխանակության վրա։
Ժելատին խորհուրդ չի տրվում օգտագործել՝
- սիրտ-անոթային խնդիրների դեպքում, քանի որ բարձրացնում է խոլեսթերինի մակարդակը,
- երիկամաքարային հիվանդության, երիկամների, լեղապարկի բորբոքման դեպքում, հոդատապի ժամանակ,
- եթե կա թրոմբների ձևավորման նկատմամբ հակվածություն,
- թութքի ու փորկապության դեպքում։
Ժելատինը պարունակում է՝
Կարդացեք նաև
- Ֆիբրիլյար սպիտակուց, որը խթանում է հոդային համակարգի աշխատանքը,
- նիկոտինաթթու, որը կարգավորում է օքսիդացման-վերականգնման գործընթացները,
- երկաթ, որը թթվածին է հասցնում բջիջներին,
- կալցիում, որն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքների համար,
- մագնեզիում, որը հարկավոր է սրտի աշխատանքի համար,
- կալիում, որը կարգավորում է ջրաաղային փոխանակությունն ու սրտի մկանների գործառույթները,՛
- նատրիում, որը մասնակցում է ֆերմենտների սինթեզին,
- պրոլին և հիդրոքսիպրոլին, որոնք օգնում են վերականգնել աճառային հյուսվածքը։
Ինչպես ճիշտ օգտագործել ժելատինը
1 թեյի գդալ ժելատինի փոշին լուծել մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրում և թողնել, որպեսզի ուռչի։ Ժելատինը յուրացվում է օրգանիզմում միայն վիտամին C-ի մասնակցությամբ, և դա հիմնական պատճառն է, թե ինչու շատերն արդյունք չեն տեսնում ժելատինի օգտագործումից՝ առանց վիտամին C-ի այն պարզապես չի յուրացվում։ Ուստի խորհուրդ է տրվում ժելատինի մեջ մի ճաշի գդալ կիտրոնի հյութ ավելացնել։
Այդ կոկտեյլը պետք է օգտագործել նախաճաշից կես ժամ առաջ՝ քաղցած ժամանակ։ Ընդունման կուրսը 3 շաբաթ է, որից հետո խորհուրդ է տրվում 3 շաբաթ ընդմիջում անել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Econet