Լրահոս
Օրվա լրահոսը

2024-ի տագնապալի սկիզբը

Հունվար 05,2024 10:00

Եթե ապավինենք այն ասացվածքին, թե ինչպես դիմավորում ես Ամանորը, այնպես էլ այն անցնելու է, ապա նոր տարվա սկիզբն աշխարհին ոչ մի լավ բան չի խոստանում: Հունվարի 2-ին Բեյրութի արվարձանում սպանվել է «Համասի» առաջնորդի տեղակալ Սալեհ- ալ-Արունին ու եւս մի քանի հրամանատարներ: Իսրայելը, չնայած այդ հարվածի համար ուղիղ պատասխանատվություն չի վերցրել, բայց հայտարարել է, որ «դա հարձակում չէր Լիբանանի վրա»: Այսինքն՝ «կետային հարված էր»՝ որոշակի թիրախով:

Դրա հաջորդ օրը Իրանի Քերման քաղաքում իրականացվել է ահաբեկչություն, որի քաղաքական ենթատեքստը, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում. երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել գերեզմանոցում, որտեղ ընթանում էր հիշատակի արարողություն: 4 տարի առաջ Բաղդադի օդանավակայանի տարածքում ամերիկյան օդուժի հարվածի արդյունքում (դա ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատում էր) զոհվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին: Հե՛նց նրա հիշատակը հարգելու էին հավաքվել այդ գերեզմանոցում մեծ թվով իրանցիներ այս տարվա հունվարի 3-ին: Հավաքվածներից ավելի քան 100 մարդ զոհվեց ահաբեկչության արդյունքում:

Այս պարագայում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հայտարարել են, որ պայթյունների հետ որեւէ կապ չունեն: Ավելին՝ այնտեղից կարծիք է հնչում, որ այդ պայթյուններն Իրանում ներքին հակասությունների հետեւանք է: Այդպիսի տեսակետ է հայտնել, մասնավորապես, պաշտոնաթող գեներալ Սթիվ Անդերսոնը CNN-ին տված հարցազրույցում: Բացառված չէ, իհարկե, որ գեներալն իրավացի է: Պարզապես «ներքինի» եւ «արտաքինի» սահմանը դժվար է որոշել:

Ամանորյա տագնապալի իրադարձությունների շարքը դրանով չի ավարտվում: Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին, իսկ Ռուսաստանը՝ Կիեւին եւ Խարկովին: Ո՞վ է «առաջինը սկսել» եւ ով՝ «պատասխանել»՝ այս պարագայում կարեւոր չէ: Եթե «առաջինը սկսելու» մասին խոսենք, ապա ակնհայտ է, որ պատերազմը հրահրել է Պուտինը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին հարձակվելով Ուկրաինայի վրա:

Ուշագրավ է, որ այժմ Պուտինը նույնպես խոսում է «կետային հարվածների» մասին. ըստ նրա՝ թիրախավորված են «որոշում ընդունողները», ռազմական ենթակառուցվածքները եւ այլն: Մինչդեռ երկու կողմերը հայտնում են քաղաքացիական զոհերի եւ տուժածների մասին: Պարզ է, որ ո՛չ «Համասը», ո՛չ Իսրայելը, ո՛չ Ռուսաստանը,, ոչ էլ Ուկրաինան իրականում հիմք չունեն պարծենալու «բյուրեղապակյա հումանիզմով»: Պատերազմը բոլոր դեպքերում հանցագործություն է:

Ավելորդ է, հավանաբար, հիշեցնել, որ երկու կոնֆլիկտների դեպքում էլ պատերազմի թատերաբեմը գտնվում է Հայաստանից ոչ հեռու, իսկ Լիբանանի ներգրավման պարագայում անխուսափելիորեն շոշափվելու են նաեւ հայերի շահերն ու անվտանգությունը: Այդ իրավիճակում «խաղաղության դարաշրջանի» մասին խոսակցությունները դժվար թե արդարացված լինեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բոլորիս Նոր տարին շնորհավո՛ր: Մեր այս Նոր տարվա մոլորակային փոթորիկներին կդիմանան միայն հզոր ազգային արմատներ ունեցող ազգերը: Նրանք, ովքեր հույսները կդնեն հզոր պետությունների վրա, դրանք կվերանան այդ հզոր պետությունների հետ միասին, իսկ հզոր ազգային արմատներ ունեցող ազգերի Միացումը կփրկի այդ Միացումի ազգերը վերացումից: Հզորացնենք եւ խորացնենք մեր ազգային արմատները, միասին ոչ միայն կդիմանանք փոթորիկներին, այլեւ ապագայի շինարարը մենք կլինենք: Իսկ որ մենք քաղաքակիրթ եւ առաքելական ազգ ենք, ոչ մի իսկական հայ չի կասկածում: Առաջիկա երկու երեք չորս ամիսներից կսկսվեն մոլորակային փոթորիկները: Ցանկանում եմ մեր ոչպրոքսի քաղաքական ուժերին՝ ռազմավարական դաշինք, իսկ մեր ջահելությանը՝ ՈՄԱ եւ նման կազմակերպություններում սովորել պաշտպանել իր ընտանիքը, շենքը, համայնքը, պետությունը: Ով նախապատրաստվում է, նա էլ հաղթում է: Միացում եւ Նախապատրաստվածություն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031