«Ֆուտբոլասերները բոլորը գիտեն՝ Հենրիխ Մխիթարյանն այն կիրթ անձնավորությունն է, որ ես չեմ կարող ասել՝ այս բախտախնդիրների պատճառով է հեռացել կամ մեկ այլ բան: Բայց մորը վիրավորել են այն իմաստով, որ երբ մեր հավաքականը պետք է գնար Իտալիայի հավաքականի հետ խաղալու, կանգնել, հայտարարել էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա»,- 168.am-ին ասել է մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լեգենդի՝ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալուց հրաժարվելու պատճառներին:
Նա նկատեց՝ խոսքն այն մարդու մասին էր, ով պատահական մարդ չէր ֆուտբոլում:
«Մարինա Թաշչյանը 25 տարի աշխատել էր Ֆեդերացիայում, կապված էր ֆուտբոլի հետ: Հարցը նա չէր, որ նա Հենրիխ Մխիթարյանի մայրն է: Նրա ամուսինն էլ՝ Համլետ Մխիթարյանը, մեր ֆուտբոլում վերջին տեղում չի եղել: Ուղղակի բարոյական չէր, որ իր մոր նկատմամբ այդպես վարվեին, ինքը շարունակեր խաղալ հավաքականում: Ու դրա համար նա ստիպված հրաժարվեց, որևէ հայտարարություն չարեց, բայց ես լավ գիտեմ: Մայրն ինքն էլ հրաժարվեց Ֆեդերացիայի հետ համագործակցելուց ու հայկական ֆուտբոլից ընդհանրապես: Իսկ մեր հավաքականը 9:1 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը: