Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանում ենք, թե ինչպես կարող է այդ թուղթը ներկայացվել որպես խաղաղության հիմք, Ադրբեջանը չի հրաժարվում իր որեւէ պահանջից»․ Քրիստինե Վարդանյան

Հունվար 04,2024 19:58

«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

-Ձեր խմբակցության պատգամավորներով համատեղ հայտարարություն եք տարածել, որ արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երեւանին հղված ադրբեջանական առաջարկներին եւ արձանագրել, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որեւէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատեւ խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։ Ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել գործընթացի վերաբերյալ։

-Ադրբեջանի ներկայացրած գրավոր առաջարկներում ամբողջովին արտացոլված են այն թեզերը, որոնք պարբերաբար հնչեցվում են Ադրբեջանի ղեկավարի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից։ Իհարկե, պայմանագրի նախագիծը գաղտնի է, եւ ես չեմ կարող կոնկրետ մեջբերումներ անել, բայց պետք է նշել, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հնչեցրած մոտեցումներում ամբողջովին արտահայտված են եւ իրենց տեսակետները, եւ միտումները, եւ այն տրամաբանությունը, որով իրենք շարժվում են։ Եվ դա արտացոլված է այն փաստաթղթում, որը մենք տեսնում ենք։ Հետեւապես, մեր քաղաքացիներին պետք չէ ծանոթանալ որեւէ գաղտնի փաստաթղթի, որպեսզի հասկանան, թե ինչ տրամաբանությամբ է առաջ շարժվում Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանն առաջ է շարժվում իր ապօրինի, ահաբեկչական գործողությունները որեւէ կերպ չսահմանափակելու եւ արդեն ձեռք բերածը, եղած իրավիճակն ամրագրելու տրամաբանությամբ։ Առանց այդ փաստաթղթին ծանոթանալու էլ բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները, եւ եւս մեկ անգամ կարող ենք փաստել, որ առաջարկների փաթեթին ծանոթանալը ոչ միայն չի փարատում մեր մտահոգությունները, այլ ցույց է տալիս եղածի եւ կատարվողի ողջ ողբերգությունը։

-Ադրբեջանը առաջ է քաշում այսպես կոչված անկլավների, «Զանգեզուրի միջանցքի», «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցերը, պահանջում է փակել Արցախի հարցը․․․ Այսինքն՝ այս ամե՞նն է ամփոփված այդ փաստաթղթում։

-Ես այսպես կարող եմ ասել՝ Ադրբեջանը չի հրաժարվում իր որեւէ պահանջից եւ փորձում է այնպես անել, որ դրանց հասնելու համար որեւէ փաստաթղթում որեւէ խոչընդոտ չամրագրվի։

-Հայաստանի իշխանությունները մշտապես խոսում են այն մասին, որ խաղաղությունը մոտ է, Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելն իրատեսական է, այսինքն՝ սա՞ նկատի ունեն։

-Եթե «խաղաղություն» ասելով՝ իրենք նկատի չունեն գերեզմանային խաղաղությունը, ես դրա մոտ լինելը չեմ տեսնում։ Եվ իմ գործընկերների անունից էլ կարող եմ ասել՝ ծանոթանալով այդ փաթեթին՝ մենք ընդհանրապես չենք տեսնում, որ Ադրբեջանի կողմից փոխզիջումների գնալու ցանկություն կա։ Անգամ եթե այդ փոխզիջումները լինեն, չենք տեսնում այն ճանապարհը, որով կարելի է իրական խաղաղության հասնել։ Եթե հիմա Արցախում տիրող իրավիճակը կարող ենք «խաղաղություն» անվանել, եթե այդպիսի «խաղաղության» մասին է խոսքը, դա կարող է լինել։ Բայց, եթե խոսում ենք իրական, մեր շահերն արտացոլող խաղաղության մասին, դա ոչ ես, ոչ իմ գործընկերներից որեւէ մեկը չենք տեսնում։ Եվ զարմանում ենք, թե ինչպես կարող է այդ թուղթը ներկայացվել որպես խաղաղության հիմք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031