Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարիկադներ ենք կառուցել, դեռ այստեղ ենք, չենք շարժվելու, մինչեւ իրենք կգնան մեր հողից»․ ի՞նչ իրավիճակ է «Կովերի պարտեզում»

Հունվար 04,2024 17:42

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի համար պայքարը շարունակվում է, հայկական համայնքը փորձում է հասնել նրան, որ չեղարկվի «Կովերի պարտեզի» վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի ավելի քան 25 տոկոսն օտարվել է: Գործարքի հեղինակը, ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, քահանա Խաչիկ Երեցյանն է, որը կարգալույծ է հռչակվել ու վտարվել ԱՄՆ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել էր նամակ՝ հայկական թաղամասի մոտ 25 տոկոսը 99 տարով վարձակալության տալու պայմանագիրը չեղարկելու մասին։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, սակայն, չեն լքում տարածքը, փորձում են շինարարություն իրականացնել՝ տարածք բերելով ծանր տեխնիկա։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայոց պատրիարքարանը չեղարկել է խաբեությամբ պատված պայմանագիրը։ Բայց չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն, կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ «Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի իրավական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի, հարձակման, հալածանքի մարտավարություն, «Կովերի պարտեզ» բերելով զինված վարձու սադրիչներ։ Պատրիարքարանը 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է»,- ահազանգել էր Գոգչյանը։

Կալվածքի համար պայքարող հայկական համայնքի նկատմամբ պարբերաբար բռնություններ են գործադրվում։ Վերջին հարձակումը եղել է դեկտեմբերի 28-ին, երբ երեք տասնյակից ավելի զինված անձինք ներխուժել էին «Կովերի պարտեզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողություններ, ինչի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պատրիարքության եկեղեցականներ և տեղի հայ համայնքի անդամներ։

Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը, որը ակտիվ մասնակցում է պայքարին, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս օրերին հայկական համայնքի պայքարը նոր թափ է ստացել։ «Հայկական համայնքի վրա վերջին հարձակումից հետո անցել է մոտ մեկ շաբաթ։ Փորձեցին քաղաքապետարանի միջոցով մեկ անգամ էլ նեղել մեզ, երեկ եկան, այսօր առավոտյան էլ եկան, բայց փաստաբանները կարողացան իրենց հետ համաձայնության գալ, որ դատական նիստեր կան, եւ մեր տարածքից հեռացան։ Մենք բարիկադներ ենք կառուցել, դեռ այստեղ ենք, չենք շարժվելու, մինչեւ իրենք կգնան մեր հողից»,- ասաց Բեդիգ Գիրագոսյանը։

Նա նշեց, որ սրանով փորձում են Երուսաղեմում հայկական ինքնությունը վերացնել։ «Եթե իրենք կարողանան այս տարածքը վերցնել մեր ձեռքից, մեր թաղամասի համարյա 25 տոկոսն իրենց ձեռքում կլինի, հետո կամաց-կամաց առաջ կգան։ Հայկական համայնքը շաղկապված է այս հողին, եթե իրենք կարողանան մեզ դուրս հանել մեր տարածքից, իբրեւ համայնք՝ բավական կտուժենք։ Իրենք ուղղակի խաբեությամբ կարողացել են մի քանի ստորագրություն հավաքել Խաչիկ Երեցյանի միջոցով, որը վռնդված է այստեղից։ Մենք ջանքեր ենք գործադրում, որ վերադարձնենք մեր տարածքը, Պատրիարքարանը քայլեր է անում, որպեսզի այդ գործարքը չեղարկվի մինչեւ վերջ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Բեդիգ Գիրագոսյանը նաեւ ասաց, որ Երուսաղեմում հայ համայնքը ամեն օր ֆիզիկական սպառնալիքի տակ է պայքար մղում «Կովերի պարտեզի» համար․ «Ամեն օր սպառնալիքը կա, բայց մենք պատրաստ ենք դրան։ Ամեն վայրկյան կարող են մեքենաներով գալ ու հարձակվել մեզ վրա, ինչը պարբերաբար եղել է։ Մեկ շաբաթով, տասը օրով անհետանում են, հետո գալիս են ու հարձակվում։ Փոքր հարձակումների մասին չխոսեմ, բայց մոտ 7-8 անգամ ծանր հարձակումներ են եղել, եկել են 30-50 հոգով՝ շներով ու զենքերով»։

Ըստ նրա՝ Երուսաղեմի հայ համայնքը մարտական է տրամադրված, ամեն ինչ անում է, որպեսզի չեղարկվի այս որոշումը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031