Ինչպես հստակ երևում է ադրբեջանագետ Վարսիկ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներից, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։
Մինչ ադրբեջանական բռնազավթումը աղբյուր-հուշարձանր կանգուն էր, իսկ կենտրոնում և հուշարձանին կից կանգնեցված էին 2 խաչքարեր (նկ․ 1)։ Իսկ տարածքի բռնազավթումից հետո արված լուսանկարից պարզ է դառնում, որ ոչնչացված են խաչքարերը, իսկ հուշարձանի ամբողջականությունը խաթարված և ներկերով պղծված (նկ․ 2)։
Ադրբեջանական լուրերի համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել և հուշարձանի տարածքում պետք է կառուցվի հանգստի գոտի։
Մեր արձագանքը
Կարդացեք նաև
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։
Օկուպացված Քաշաթաղի Աղանուս բնակավայրի հուշարձան-աղբյուրի ամբողջականության խաթարումը և խաչքարերի ոչնչացումը արգելված է միջազգային օրենքներով։
Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկացած ոչնչացում։ Մշակութային արժեքների պաշտպանությանն են վերաբերում միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41 -րդ կանոնները։
Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։
Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ