Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան․ «2023 թվականն ավարտվեց, բայց հակապետական, հակասահմանադրական, հակահայկական թափանիվը գնալով ուժեղացնում, արագացնում է պտույտները»

Հունվար 04,2024 16:54

Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ամփոփելով ողբերգություններով լի 2023 թվականը, որն ավարտվեց Հանրային հեռուստաընկերության եթերում Վեհափառ Հայրապետի ողջույնի խոսքը չհեռարձակելու խայտառակ փաստով՝ ասաց․ «Սա խիստ տրամաբանական եւ սպասելիք մի քայլ էր, որքան էլ ամոթաբեր եւ ծանր է։ Բայց մենք պետք է հաշվի նստենք փաստերի հետ։

2023 թվականը, թվում է, թե ավարտվեց, բայց հակապետական, հակասահմանադրական, իրականում հակահայկական թափանիվը գնալով ուժեղացնում, արագացնում է պտույտները եւ իրավիճակը թեժանում է։

Եթե հիշենք 2018 թվականի գարնանային շարժումը, առաջին հարվածը ուղղված էր ոչ թե կոռուպցիային, այլ առաջին թիրախը բանակն էր, որտեղ, կարծես, սպիտակեղեն, շապիկ, վարտիք չկար ու բոլորը քաղցած էին։ Սկսվեց գեներալների կյանքի ոչ ականջահաճո, ոչ ակնահաճո դրվագների հրապարակումը։ Հիշենք Մանվել Գրիգորյանի դատավարությունը եւ, ի վերջո, այդ մարդու մահը։ Ընդ որում, պարզվեց, որ շատ փաստեր իրականությանը չէին համապատասխանում, ինչպես շոգեխաշած մսի կամ իրենց ձեւակերպմամբ` «տուշոնկաների» պատմությունը։

Այնուհետեւ սահուն ընթացքով անցում կատարեցին դեպի Հայաստան-Արցախ, ըստ էության, շատ անգամ հորինովի կամ բնական որոշ հակասություններ չափազանցեցվեցին։ Ստեղծեցին հայաստանցիներ-ղարաբաղցիներ թեժացող հակադրություն։

Պատերազմի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը հայտնվեցին քննադատության տարափի ներքո, իբրեւ մեր օրհներգի բառերը այն չեն, դրոշն այն չէ։ Եվ ամենակարեւորը՝ մեր զինանշանը եւ մեր բիբլիական սրբությունը, որի վրա Նոյն է կայանել եւ որտեղից փաստորեն սկիզբ է առել մարդկային քաղաքակրթական կյանքի շարունակությունը, ըստ նրանց՝ Հայաստանի հետ կապ չունեն։ Եվ ոչ միայն Արցախն է Ադրբեջան, այլեւ Արարատն է Թուրքիա։

Եվ բնականաբար, տարեվերջյան թիրախը եղավ Հոգեւոր Հայաստանը։ Հոգեւոր Հայաստանը Էջմիածինն է որպես խորհրդանիշ, այն վայրը, որտեղ իջել է Միածին Աստծո Որդին։ Ի՞նչ պետք է արվեր։ Երկու-երեք օր մտածելուց հետո, ասես գտան ինչ-որ ձեւակերպում՝ ասելով, որ ՀՀ օրենքներով չի կարգավորվում, թե Վեհափառի խոսքը երբ է հեռարձակվելու, ուստի իրենք ոչինչ չեն արել։

Դա խղճուկ եւ ողորմ արդարացում է։ Իրականում այն վերջին միջնաբերդն է, որ մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Մարդկային ցասումը, դժգոհությունը եւ անվտանգ պետություն ունենալու ցանկությունը, տրամադրությունները ուժգնանում են հանրության մեջ։

Հանրային վստահությունը իրականում Հոգեւոր Հայաստանն է, որը ոչ մի կապ չունի անձանց հետ։ Ես մեկնաբանություններ կարդացի Վեհափառի եւ նրա շրջապատի մասին։ Դրանք եւս խղճուկ եւ ողորմ են, որովհետեւ Հոգեւոր Հայաստանը անձ չէ՝ ոչ Գարեգին Բ-ն է, ոչ էլ մյուս սրբազանները կամ նրանց գործունեությունը։ Եթե անգամ նրանք սրբություններ լինեին, միեւնույն է, այդ միջնաբերդը ենթարկվելու էր մեծագույն հարձակման։

Խնդիրն, իրոք, ուղերձի բովանդակությունն էր։ Իսկ այնտեղ ամբողջը հայրենիքն էր, հայրենասիրությունը եւ մեր պարտավորությունը Արցախի հանդեպ։ Նաեւ Կիլիկիո թեմի առաջնորդ եւ մեր երկրորդ վեհափառ Արամ Ա-ի ուղերձում եւս առանցքայինը Արցախի համար պայքարն էր եւ Արցախի տեսլականը իրականություն դարձնելը»,- ասաց տիկին Դիլբարյանը եւ նշեց, որ ընտրված թիրախը պատահական չէր, բնավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031