Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր». Փաշինյան

Հունվար 04,2024 16:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2024թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը. «Բոլորիս  հաջողություններ եմ մաղթում մեր  աշխատանքում, որի էությունը մեր ծրագրերը և ռազմավարություններն իրականացնել է»:    

Կառավարությունը սահմանել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2024 թ. հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով ներկայումս սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ: Որոշման ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվով գիտաշխատողների լրիվ ամբողջական զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է։ «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեջ կարևոր տեղ է գրավում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքն է 1 միլիոն բնակչի հաշվով։ Սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և զբաղվում են գիտական գործունեությամբ։ Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք 2455 նման գիտաշխատող, որը 1 միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը։

Այդ իմաստով պետք է նշեմ, որ 2008 թվականից կար կառավարության մի որոշում, որով գիտական աշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները 25 հազար դրամի չափով և գիտությունների դոկտորները՝ 50 հազար դրամի չափով։ Ընդ որում, հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պարագայում։ Քանի որ մենք գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք վարում 2022 թ. հունվարից  սկսած,  այս պահին մի իրավիճակ ունենք, որ փաստորեն անգամ համատեղությամբ աշխատող գիտնականի պարագայում սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը հաղթահարվում է, հետևաբար գործող կարգը ուղղակի վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի։ Ուստի,  այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որ ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Այս մոտեցմամբ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան։ Սա կարևոր է, որպեսզի գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։ Մեր դիտարկումներով՝ այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմաններին բավարարման խնդիր կունենան, և դրանով իսկ կխրախուսենք, որպեսզի նրանք նույնպես անցում կատարեն ամբողջությամբ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ   հունվարի 1-ից արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է. «Ընդ որում գործընթացը դեռ չի ավարտվել, և աշխատավարձի բարձրացում է նախատեսվում նաև 2025 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում՝ մենք ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձերի բարձրացումներ: Հիմա այս որոշմամբ մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք, որ մեր հարգարժան դոկտորները և գիտության թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները»:

Գիտական աստիճաններ շնորհելու հետ կապված հարցին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է. «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում ընդհանրապես գիտական աստիճանի շնորհման մոտեցումն է փոխվում, երկաստիճան համակարգից անցում է կատարվում մեկ աստիճանի համակարգին և ավելի կանոնակարգվում են աստիճանաշնորհման և դրա հետ կապված բացահայտվող խնդիրներին արձագանքելու հարցերը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, քանի որ գիտության ոլորտում աշխատավարձերը փոխվել են, այդ նվազագույն աշխատավարձի հետ կապը նույնպես պետք է վերացնենք. «Եվ, այո, սրանով շուրջ 700 գիտնական այդ հավելավճարը ստանալ չստանալու խնդիր կունենա: Բայց մեր նպատակն այն չէ, որ նրանք հավելավճար չստանան: Մեր նպատակն այն է, որ սրանով նրանց խրախուսենք, խնդրենք, քաջալերենք, որ իրենք բուն գիտական գործունեությամբ ավելի շատ զբաղվեն»:

Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է նաև գիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը. «Այս որոշմամբ, մենք նրանց խնդրում ենք, որպեսզի նրանք ավելի ակտիվ զբաղվեն գիտությամբ, մանավանդ, որ կարծում ենք, որ դրա համար, չեմ ասում իդեալական, բայց  որոշակի պայմաններ ստեղծել ենք: Մենք վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայում խոսում էինք, թե վերջին տարիներին ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերել և ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերելու: 2024 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի միլիարդ գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսված»:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է կառավարության վերջերս հաստատած  գիտաշխատողների ատեստավորման նոր կարգի մասին և նշել, որ այն համահունչ է այս մոտեցումներին. «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որը պետք է գիտաշխատողներին խրախուսի էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում միջազգային առումով մրցունակ արտադրանքի մասին է խոսքը: Եվ այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանությանը»:

Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է,   2023–ին իրականացվել է անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագիր։ Ըստ այդմ՝ առաջարկվում են որոշ փոփոխություններ՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար: Ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։

«Եթե նախկին գործող որոշման համաձայն՝ ծառայություն ստանալու իրավունք ունեին միայն հենաշարժական, տեսողական և հոգեկան կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված էր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ուներ 10-ից բարձր անապահովության միավոր, ապա այս նախագծով մենք ընդլայնում ենք անձնական օգնականի ծառայության թիրախ խումբը, և ծառայություն է մատուցվելու հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող՝ 15 տարին լրացած անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք գտնվո՞ւմ են նպաստի համակարգում, թե՞ ոչ:

Հաշմանդամություն ունեցող անձը որպես անձնական օգնական կարող է ներկայացնել իր նախընտրելի թեկնածուին, իսկ նման թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականների առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից»,- ասել է  նախարարը՝ հավելով, որ  այս պահին 57 վերապատրաստված անձ կա: Ըստ նախարարի՝ ծառայության մատուցման համար 1 ժամվա գումարը 1050 դրամ է՝ ներառյալ հարկերը:

Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե շահառուն ընտանիքի անդամը կարո՞ղ է դառնալ,  ԱՍՀ նախարարը, մեջբերելով  միջազգային փորձը, նկատել է, որ  ընտանիքի անդամը չէ այս պարագայում թիրախը, քանի որ աշխատանքային պայմանագրի լուծման մասով խնդիրներ կարող են առաջանալ: Մյուս կողմից էլ, ըստ նախարարի,  ընտանիքի անդամը կարող է ասել՝ մասնագիտական վերապատրաստման կարիք չունի և հրաժարվի վերապատրաստման վկայական ստանալուց:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է առավել ընդլայնել ծրագիրն ու անձնական օգնականի թեկնածու դիտարկել նաև հաշմանդամություն ունեցող անձի հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամին։ Վարչապետն ընդգծել է,  որ այդ դեպքում  անհրաժեշտ է պարտադիր պայման սահմանել վերապատրաստվելն ու խնամքի համապատասխան հմտությունները ձեռք բերելը:  «Մեր շահառուն ընտանիքի անդամը չէ, մեր շահառուն այն մարդն է, ում պետք է խնամել, մենք փող ենք տալիս, մեզ հետաքրքիր չէ՝ մենք փողն ում ենք տալիս, մեզ հետաքրքիր է, թե մենք փողն ինչի համար ենք տալիս: Մենք փողը տալիս ենք մեր ստանդարտին համապատասխան խնամք ապահովելու համար: Եթե մենք համոզված չլինենք, որ նույնիսկ ընտանիքի անդամը, ծնողը, կինը, ամուսինն այդ հմտությունն ունի, մենք չենք տա այդ գումարը: Բայց ես ասում եմ՝ չփակենք այդ հնարավորությունը»,- ասել է  վարչապետը:

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ որոշման նախագծում  համապատասխան անհրաժեշտ փոփոխությունները կարվեն:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև  որոշման այլ նպատակներին. «Մենք ուզում ենք նաև քաջալերել, որ իրենք ոչ միայն խանութ գնալու սահմանափակում չունենան, այլև նաև բուհ, քոլեջ, աշխատանքի գնալու սահմանափակում չունենան: Սրա մասին է խոսքը: Մենք այդ էլ պետք է ասենք: Մեկ, երկու, երեք տարի մենք պետք է քաջալերենք, բայց նաև շահառուն պետք է իմանա, որ ուղերձին պետք է պատասխանի, որովհետև եթե ինքը շարունակում է մնալ տանը և դրանից իր կյանքը չի ակտիվանում, ապա ինչի՞ համար է այդ: Այսինքն՝ այդ ուղերձը պետք է տանք: Հետևաբար` մենք դա անում ենք այդ ծառայությունը մատուցելու,  մարդու կյանքն ակտիվացնելու համար՝ կրթության ոլորտում, աշխատանքի ոլորտում, սպորտի ոլորտում, ամեն տեղ: Այն օրը խոսում էինք, որ մեր հաշմանդամություն ունեցող մարզիկները 30-ից ավելի մեդալներ են նվաճել միջազգային հարթակներում»:

Վարչապետի դիտարկմամբ՝ որոշումը բարեգործական նպատակներ չի հետապնդում. «Այս որոշումը կարեկցանքի մասին չէ, այն որոշում է առկա տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժը լիարժեք երկրի զարգացմանը ծառայեցնելու մասին: Սա պետք է լինի քաղաքական ուղերձը, որը մենք հղում ենք այս մարդկանց: Կրկնում եմ՝ սա բարեգործական ծրագիր չէ: Այս որոշումը նրա մասին է, որ մենք մարդկանց պոտենցիալն ուզում ենք լիարժեք օգտագործել»:

Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կկառուցվի

Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Լոռու մարզում գտնվող անշարժ կնվիրաբերվի Ֆիոլետովո համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։ Ըստ հիմնավորման, Երևանում Ռուսական գիտության և մշակույթի  կենտրոնը հավաստիացրել է, որ հողատարածքի տրամադրման դեպքում կաջակցի վերոգրյալ տարածքում մանկապարտեզի կառուցմանը։

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագծի համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա ամռանը Լոռու մարզ կատարած այցը, որի ժամանակ Ֆիոլետովո համայնքում քննարկել են մանկապարտեզի հարցը: «Խնդիրներից մեկը կապված է եղել հողամասի հետ: Պարոն վարչապետ, Ձեր հանձնարարությամբ այս ընթացքում աշխատել ենք և դպրոցի սպասարկման համար առկա հողամասից առանձնացրել են հողակտոր, որը ձևավորվել է որպես առանձին գույք: Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող այդ հողը նվիրաբերում ենք համայնքին, որ կարողանան հետագայում մանկապարտեզ կառուցել»,-ասել է նախարարը:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է նաև, որ մանկապարտեզ կառուցելու համար անհրաժեշտ էր 1000 քառակուսի մետր հողակտոր, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ առանձնացվել է 1300 քառակուսի մետր, որպեսզի և՛ մանկապարտեզ կառուցվի, և՛ վերջինս սպասարկման անհրաժեշտ հատված ունենա:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և հիշեցրել, որ Ֆիոլետովո համայնքում ազգային փոքրամասնություն է ապրում: Նիկոլ Փաշինյանը նաև ազգային փոքրամասնությունների համայնքների հետ կապված որոշ մտավախություններ է ներկայացրել. «Մեր խոշորացված համայնքները սուբվենցիոն և ուղիղ ծրագրերով մեծ  և տեսանելի տեմպերով զարգանում են: Ազգային փոքրամասնություններ ներկայացնող մեր համայնքները խոշորացման ծրագրերում չընդգրկեցինք՝ նաև նրանց ձայնին անսալով, որպեսզի այլ կոնտեքստներ չստանա: Բայց հիմա այլ կոնտեքստ է ստացվում, քանի որ ակնհայտորեն այդ համայնքներում հնարավոր չի լինում իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ: Եվ այդ համայնքներն իրենց զարգացման տեմպերով էականորեն արդեն իսկ զիջում են, երկարաժամկետում ավելի են զիջելու: Սա շատ լուրջ խնդիր է, գնալով ավելի ահագնանալու է»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ առումով առկա է լուծման ենթակա խնդիր. «Մենք նախորդ այցերի արդյունքներով որոշում կայացրեցինք, որ ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություններ կանենք, այսինքն՝ այն դեպքերում, երբ ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության կողմից 50 տոկոսով, ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներում կհամաֆինանսավորվի որոշակի գործակցով ավելի: Բայց, մեծ հաշվով, ես վստահ չեմ, որ մեր խնդիրը լուծվելու է: Պետք է մտածենք ինչ անել, գուցե ինչ-որ այլ փոփոխություններ անել, որ այդ համայնքները մտնեն խոշորացված համայնքների մեջ, բաց կառավարման առումով վարչական շրջանի ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»:

Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  մանկապարտեզների, դպրոցների կառուցման ծրագրին և  նշել, որ հանձնարարական է տվել փոխվարչապետին՝ այս պահի արդյունքներով գույքագրում և աուդիտ անելու վերաբերյալ. «Պետք է հասկանանք, թե 500 մանկապարտեզի, 300 դպրոցի ծրագրերն ինչ փուլում են գտնվում, ուր ենք հասել»:

Վարչապետը նշել է, որ մարզեր կատարած այցերի ընթացքում կառավարության ծրագրերի իրականացման մասով լրջագույն խնդիրներ է բացահայտել: «Մասնավորապես՝ դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ և ուզում եմ այդ պրոբլեմների մի մասը կիսել ձեզ հետ՝ արձանագրելով, որ առաջինը գործ ունենք շատ դեպքերում նախագծման խոտանի հետ, երկրորդը՝ իրականացման խոտանի հետ, և երրորդը՝ գույքի որակի հետ կապված խոտանի հետ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ մարզպետները պատասխանատու են բոլոր ծրագրերի համար՝ անկախ նրանից թե ով է պատվիրատուն, ով է կատարողը և  նշել, որ նման իրավիճակ չի հանդուրժելու: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրեն այլևս պետք չեն խնդիրների մասով բացատրություններ, այլ պետք են լուծումներ. «Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ: Խնդրում եմ՝ ինձ չտաք որևէ մեկդ բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ՝ ինչպես: Ինձ համար կարևոր է, որ հարցը լուծված լինի: Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր»:

Վարչապետը նշել է նաև, որ նման վերաբերմունքը նաև հոգեբանական առումով է կարևոր. «Սա շատ լուրջ, խորը պրոբլեմ է, և այն չի վերաբերում կոնկրետ ծրագրերին: Սա վերաբերում է այն հոգեբանությանը, որով մենք մեր պետությանը վերաբերում ենք: Դա վերաբերմունք է պետության նկատմամբ:  Մենք նաև դրանով  մեր երեխաներին ենք վերաբերմունք հաղորդում մեր պետության նկատմամբ»:

Արմեն Ղուլարյանը ազատվել է  Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից

Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված որոշումներով Արմեն Ղուլարյանը ազատվել է  Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել  Արմեն Ղուլարյանին և Արամ Խաչատրյանին՝ իրենց կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության հավանությանն է արժանացել ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում  գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։ Մասնավորապես, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝ գործող կարգավորումներով ամրագրված են այն գործունեության տեսակները, որոնք արգելված են ազատ տնտեսական գոտիներում։ Սույն նախագծով նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև միջազգային փորձը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն մոտեցումը, որ մշակող արդյունաբերության և ծրագրային ապահովման մշակման գործունեության տեսակներից բացի պետք է ներառվեն նաև այն ոլորտները, որոնք ընդգրկում են Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։ Մասնավորապես, ծառայությունների ոլորտից ներառվել են զբոսաշրջության զարգացմանը միտված գործունեության տեսակները, ինչպես օրինակ՝ հյուրանոցային ծառայությունների կազմակերպում; կացության և հանրային սննդի կազմակերպում և այլն, ինչը միտված է զբոսաշրջային կլաստերի ձևավորմանը և զարգացմանը։ Կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակում կհավաստվի, որ այդ գործունեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից, արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար քանակի և մասնագիտացմամբ աշխատողներ: Կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդյունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

Հավանություն է տրվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

 

Հաստատվել է աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը: Ըստ հիմնավորման՝ հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: Հանրապետությունում առկա գործող աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր: Դրանք հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ և սանիտարական ստանդարտներին և շահագործվում են չհամակարգված: Մասնավորապես, բացակայում է ստորգետնյա ջրերի և արտանետվող գազերի վերահսկողությունը: Հիմնավորման համաձայն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի  իրականացումը, որի շրջանակում նախատեսվում է գոտիավորել  ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։ Ներկայումս ընթացքում է նախնական ուսումնասիրությունների փուլը։

Այսպիսով՝ որոշմամբ առաջարկվում է էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման  նպատակով սահմանել գործող աղբանոցների շահագործման, բարեկարգման և փակման  համար նվազագույն նորմերը։ Մասնավորապես՝ ամրագրվում են, թե ինչպիսի աղբ չի թույլատրվում տեղադրել կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում, աղբավայրի տարածքում աղբի այրման արգելքը, հակահրդեհային միջոցների ձեռնարկման պահանջները։ Որպես նվազագույն նորմ ու պահանջ՝ սահմանվում են աղբավայրի տարածքի սահմանազատումը ցանկապատով, մուտքերի կահավորումը, շահագործման ընթացքում աղբի պարբերաբար խտացման/տոփանման, խոնավացման և հողի շերտով մեկուսացման գործընթացները։ Աղբավայրի տարածքում ջրի և ախտանիչ նյութերի առկայության պարտադիր պահանջը, աղբավայր տեղադրվող աղբի հաշվառման համակարգի ներդնումը, աղբավայրի շահագործման պլանի մշակումը, աղբի ընդունման գրանցամատյանի վարումը, ինչպես նաև փակման ենթակա աղբավայրերի փակման նվազագույն նորմերը պահանջները, այդ թվում՝ հողածածկման և հանքային ու դրենաժային  շերտերի կիրառմամբ։

Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի՝ անմշակ կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: ՀՀ տարածքից  ապրանքների արտահանման համար (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) կսահմանվի ժամանակավոր արգելք՝ վեց ամիս ժամկետով: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Հայկական կաշի վերամշակող ընկերություններում ներկայումս մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ (wet blue) տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։ Արտադրողների կողմից իրացվում է ինչպես պատրաստի կաշի, այնպես էլ կիսապատրաստի կաշի՝ վերջինս կազմում է ընդհանուր արտադրանքի շուրջ 50%-ը: Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝  արտերկրում։

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի: Ըստ հիմնավորման՝ Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։

 

Գործադիրը բավարարել է «Պրոֆպանել» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել արևային վահանակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է , ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ մինչև 450,000 հազ դրամից մինչև 600,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 340.5 մլն դրամ։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031