Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Վարդանյան․ «Շատ մեծ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում Իրանի դեմ, Իրանն էլ իր թշնամիների դեմ է պատերազմ վարում։ Չի բացառվում, որ Իրանն էլ մեկ այլ երկրի տարածքում գործողություն իրականացնի»

Հունվար 04,2024 16:10

«Իրանի դեմ մի քանի երկրներ վաղուց արդեն պրոքսի պատերազմներ են վարում։  Իրանն էլ՝ մի քանի երկրների դեմ եւ դա նաեւ դրսեւորվում է Իրանում ահաբեկչական գործողություններ իրականացնելով»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է  իրանագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով նախօրեին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։ Քերմանի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել, սակայն չեն հստակեցրել, թե ովքեր են կազմակերպիչները։ Այս ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը 100-ից ավելի է, 100-ից ավելի վիրավորներ կան։

Արմեն Վարդյանյանն ասում է՝ դժվար է ասել, թե այս ահաբեկչությունն ում ձեռքի գործն է․«Իրանում կան մի քանի ահաբեկչական կազմակերպություններ, կան նաեւ ահաբեկչական  կազմակերպություններ, որոնք գործում են դրսից ընդդեմ Իրանի։ Մի շարք երկրների հատուկ ծառայություններ անընդհատ Իրանում  ապակայունացնող գործողություններ են անում, նաեւ՝ ահաբեկչություն։ Իրանն աշխարհում ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկրներից է, տասնյակ հազարավոր մարդիկ  են ահաբեկչության զոհ դարձել»։

Իրանագետի խոսքով՝ Իրանն էլ ունի իր պրոքսի խմբերը, որոնց միջոցով այլ երկրների դեմ  գործողություններ է իրականացնում․«Դրանք շիաթական խմբավորումներն են, Հեզբոլահն է Լիբանանում, Համասը Պաղեստինում, որոնք  Իսրայելի դեմ են պայքարում։ Իրաքում կան շիաթական մի շարք  խմբավորումներ, որոնք Իրանի վերահսկողության ներքո են, եւ անընդհատ հարձակվում են  Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա։  Հութիները, որոնք բավականին ռազմականացված են,  անընդհատ հարձակվում են Կարմիր ծովով անցնող նավերի վրա, նաեւ՝ իսրայելական եւ ամերիկյան»։

Ըստ էության, Իրանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, ընդ որում, ինչպես Վարդանյանն է նշում, Իրանն էլ անմասն չի մնում իր թշնամիների դեմ հիբրիդային պատերազմներ վարելուց եւ սա փոխադարձ մեծ պատերազմ է, որը դրսեւորվում է այդ երկրի տարածքում իրականացվող ահաբեկչական գործողություններով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին իսլամիստական «Համաս» պաղեստինյան խմբավորումը  հարձակում գործեց Իսրայելի դեմ, ուստի կասկածներ կան, որ հնարավոր է Իրանում ահաբեկչության հետեւում Իսրայելը լինի կանգնած։

Վարդանյանը թեեւ չի բացառում, որ Իրանում իրականացված ահաբեկչությունը Իսրայելի հատուկ ծառայությունների «մատը խառը» լինի, բայց հակված է կարծել, որ սա անմիջականորեն Իսրայելի ձեռքի գործը չէ, քանի որ Իսրայելը ավելի շատ թիրախային, կետային հարվածներ է հասցնում, այս ծավալի ահաբեկչական պայթյուններ կարծես չի իրականացրել։

«Բայց կրկնեմ՝ Իրանում կան մի շարք ահաբեկչական կազմակերպություններ,  որոնք բազմիցս ահաբեկչություն են իրականացրել այդ երկրում։ Օրինակ բելուջները, որոնք սունիներ են, իրենք էլ ունեն ահաբեկչական կազմակերպություն, որոնք ցանկանում են անկախ Բելուջիստան ստեղծել Իրանի տարածքում։ Այդ կազմակերպությունը հաճախ է ահաբեկչական գործողություններ անում։ Չի բացառվում, որ օրինակ Ալ Քաիդան լինի։ Իրականում բարդ է ասել, թե սա ում ձեռքի գործն է, քանի որ Իրանի ներսում եւ դրսում Իրանի թշնամիները շատ են։  Այս հիբրիդային պատերազմը տասնյակ տարիներով շարունակվում է, ժամանակ առ ժամանակ թուլանում կամ ուժեղանում է։ Սա նոր պատերազմ չէ։ Շատ մեծ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում Իրանի դեմ, եւ նաեւ Իրանն էլ իր թշնամիների դեմ է պատերազմ վարում։  Չի բացառվում, որ Իրանն էլ մեկ այլ երկրի տարածքում մեկ այլ գործողություն իրականացնի։ Որոշ ժամանակ հետո կլսենք, որ Իրանի կողմից վերահսկվող այդ պրոքսի խմբերը հարձակումներ են գործել որեւէ երկրում տեղակայված ասենք ամերիկացի զինվորականների վրա, կամ՝ Իսրայելի դեմ։ Վերջերս  տեղեկություն տարածվեց, որ Կիպրոսի հատուկ ծառայությունները են ձերբակալել են իրանցիների, որոնք փորձել են այդ երկրի տարածքում իսրայելցի գործարարների սպանել»։

Այս ահաբեկչությունն, ըստ Վարդանյանի, ուղղակի կամ անուղղակի չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա եւ Իրանի՝ ՀՀ-ում հետաքրքրությունների վրա։

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին իրանցի զինվորականներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել եւ ցանկացած գնով խուսափել ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց։

«The New York Times-ի տեղեկություններով՝ Իսլամական հանրապետության ղեկավարը բանակային հրամանատարներին ու հատուկ ծառայությունների ղեկավարներին հրահանգել է սահմանափակվել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով և իրանամետ խմբավորումների կողմից Սիրիայում եւ Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայանների դեմ հարձակումներով»,-գրում է «Ազատությունը»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031