Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կհարկի նաեւ սոցցանցերում գովազդը. Ռուստամ Բադասյան

Հունվար 04,2024 15:33

Հայաստանում շոու-բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները եւ հարկեր վճարել. կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նման արձանագրում արեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Ունենք դեպքեր, երբ շոու-բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել եւ վճարել իրենց հարկերը: Սակայն, կան նաեւ դեպքեր, որոնք դեռ ստվերում են, բայց դրանով զբաղվում ենք»,- ասաց նա:

Հարց հնչեց նաեւ սոցիալական հարթակներում գովազդի մասին: Պաշտոնյայի խոսքով, սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, ցանկացած եկամուտ ենթակա է հարկման:

«Անցած տարի էլեկտրոնային հարթակներից  բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, որ էջերով թե գովազդներ են տեղադրվել, որոնցից հարկեր չեն վճարվել, թե որոշակի իրեր են վաճառել էլեկտրոնային էջերով, որոնք ամբողջությամբ դուրս են հարկային դաշտից, որոնց մասով եւս ունենք բացահայտումներ»,- ասաց Բադասյանն՝ հստակեցնելով, որ ստուգումներ են իրականացվում ու եթե այդ անձինք գրանցված չեն, որպես բիզնես կամ, որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։

Մեկ այլ հարցի պատասխանելով էլ ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ 3000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որ վարձակալական հարաբերություններ ունի. «Եթե բնակարանը վարձակալության հանձնողը ինչ-ինչ պատճառով պատշաճ պայմանագիր չի կնքել, ժամով կամ օրով է տալիս վարձակալության, հայտարարագրի ձևանմուշ ենք մշակել, որպեսզի կարողանան դեկտեմբերի 1-ից մինչեւ փետրվարի 1-ը ներկայացնեն հայտարարագիրը»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունները, ըստ որոնց, վարձակալությունից ստացած եկամտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5%–ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031