«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը՝ մեկնաբանելով Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումները։
Լրագրողի դիտարկմանը, թե Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն ղեկավարությունը խոր մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հակամարտությունը՝ հայկական թաղամասից բազմաթիվ հայ քրիստոնյաների դուրս մղելու համար և հարցին, թե ինչպիսի՞նն է ԱՄՆ արձագանքն այդ մտահոգություններին, Միլլերը, մասնավորապես, պատասխանել է․ – «Կոնկրետ արձագանք չկա: Բայց ինչպես բազմիցս ասել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը»։