Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անձնական օգնականի ծրագրի շահառուների ցանկը կընդլայնվի

Հունվար 04,2024 13:15

Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անձնական օգնականի ծրագրի շահառուների ցանկը կընդլայնվի. այսօր կայացած նիստում կառավարությունը նման որոշում կայացրեց:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց՝ ծառայությունը հանրապետությունում ներդրվել է հունվարի 1-ից, բայց 2023-ին իրականացվել է անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագիր եւ ծրագրի իրականացման համար որոշակի փոփոխություններ առաջարկեց՝ հիշեցնելով, որ ծրագրի ներդրման նպատակն է՝ աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։ Ըստ այդմ, նախկինում, ծառայությունից օգտվելու իրավունք ունեին միայն հենաշարժողական, տեսողական եւ հոգեւոր կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանով սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքը հաշվառված էր անապահովության գնահատման համակարգում եւ ուներ 10-ից բարձր անապահովության միավոր։ Նախարարություն առաջարկում է ընդլայնել ծրագիրն ու սահմանել, որ ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած, ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։ Մտավոր խնդիրների դեպքում կարող են դիմել նաեւ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք։ Ընդ որում` անձնական օգնական ունենալու համար դիմելու նախապայման այլեւս չպետք է սահմանվի նպաստի համակարգում հաշվառված լինելը. «Հաշմանդամություն ունեցող անձը որպես անձնական օգնական կարող է ներկայացնել նաև իր նախընտրելի թեկնածուին (կարող է լինել բարեկամ, բայց ոչ համատեղ ապրող), իսկ նման թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարվում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականների առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից»:

Ըստ Նարեկ Մկրտչյանի, արդեն հաշվառված է 57 վերապատրաստված թեկնածու, որոնք, ի դեպ, նպաստի համակարգում են գրանցված եւ գործազուրկ են։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց՝ ընդլայնել ծրագիրն ու անձնական օգնականի թեկնածու դիտարկել նաեւ հաշմանդամություն ունեցող անձի հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամին՝ պարտադիր պայման սահմանելով վերապատրաստվելը եւ խնամքի համապատասխան հմտությունները ձեռք բերելը:

Նախագիծն ընդունվեց՝ հավելյալ վերամշակման պայմանով:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031