ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին. այսօր նման որոշում կայացվեց ՀՀ կառավարության նիստում։ Այս հարցը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ նախորդ նիստում էր զեկուցել:
Հիշեցնենք, որ զորամասի տարածքն օտարվել է 2009 թվականին։ Հիշեցնենք նաեւ, որ խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի` 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքներով ՊՆ-ին տրամադրված հատուկ նշանակության հողամասի մասին է։ Այն ունեցել է զորամասի կարգավիճակ` «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերը։ «Երասխ 1»-ի գործը դեռևս դատաքննության փուլում է։ Ըստ դատախազության, 2009 թ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խախտելով «Հողային օրենսգրքի» պահանջները, ըստ որոնց` արգելվում է քաղաքացիներին ու իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը (0.9 հա մակերեսով) ու դրա վրա առկա շինությունները։
Որոշման համաձայն, Արարատի մարզի Արարատ համայնքի Արմաշ գյուղի Երևանյան խճուղի ¼ գ Երասխ-2 հասցեում գտնվող 212,7 քմ ընդհանուր մակերեսով շտաբի շենքը, 34,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, 110,7 քմ ընդհանուր մակերեսով ճաշարանը, 43,9 քմ ընդհանուր մակերեսով պահեստը, 32,4 քմ ընդհանուր մակերեսով սանհանգույցը, 80,6 քմ ընդհանուր մակերեսով շվաքարանը, 479,2 քմ ընդհանուր մակերեսով շվաքարանը, 90,4 քմ ընդհանուր մակերեսով (135,6 խմ ծավալով) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,9 հա հատուկ նշանակության հողամասը պետք է ամրացնել ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ