Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ տարի անց Արցախում այլևս հայ չի մնացել։ Ադրբեջանն ավելի քան տասն ամիս տևած բլոկադայից հետո, ի վերջո, բացեց Լաչինի միջանցքը՝ հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնելու նպատակով։ Մարդկային ու տարածքային կորուստներով, անձնական ու հավաքական ցավով լի այս տարին մենք որպես հանրություն ու պետություն ավարտում ենք դասեր չսերտած։ Հայաստանը կառավարող ուժը շարունակում է Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման ներքո իրավունքների զիջման վտանգավոր քաղաքականությունը, ինչը միայն խորացնում է պատերազմի ռիսկը, հեռացնում հավասարակշռված խաղաղության ձեռքբերման հնարավորությունները և փակուղային դարձնում Հայաստանի վիճակը՝ վտանգելով նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքը։ Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ 2023 թվականի ընթացքում և ինչ զարգացումներ կարող են լինել 2024 թվականին։
Զարգացումներ Արցախի շուրջ
2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանը հայց ներկայացրեց միջազգային դատարան։ Արդյունքում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումն այդպես էլ կյանքի չկոչվեց։
Արդեն փետրվար ամսից ադրբեջանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին արվում Արցախի դեմ ռազմական հնարավոր գործողությունների թեմայով։
Կարդացեք նաև
Այս քննարկումն ակտիվացավ ապրիլ ամսին Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո։ Օրինակ՝ հուլիսին Ադրբեջանի պետական «Az.TV» հեռուստաընկերությունը հեռարձակել էր «Ադրբեջանը կարող է Ղարաբաղում «Վրեժ-3» գործողության գնալ» վերնագրով հրապարակումը։ Նմանատիպ վերնագրեր և լուրեր հաճախ էին հայտնվում ադրբեջանական լրատվամիջոցներում սեպտեմբերի 19-ին նախորդող շրջանում:
Հարկ է նշել, որ Արցախի շրջափակման տասը ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ կոչեր է ստացել միջազգային դերակատարներից, հատկապես արևմտյան գործընկերներից՝ դադարեցնելու շրջափակումը, առկա էր նաև՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, քննարկումներ տեղի ունեցան ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Ալիևը, սակայն, արհամարհեց այդ բոլոր կոչերը և իրագործեց իր վտանգավոր ու ագրեսիվ մտադրությունները, քանի որ միջազգային պարտավորությունները արհամարհելիս երբեք իր անձի կամ Ադրբեջան պետության համար որևէ քաղաքական հետևանք չի կրում։ Ալիևը քայլեր ձեռնարկելուց առաջ հետևողականորեն ստուգում և փորձարկում է միջազգային դերակատարների արձագանքները։ Շրջափակումը, ապօրինի անցակետի տեղադրումը, ԿԽՄԿ-ի ներկայությամբ Վագիֆ Խաչատրյանին առևանգելը և բազմաթիվ այլ գործողություններ ուղղված էին արտաքին աշխարհի արձագանքները չափելուն։ Նույնիսկ եթե այս պահվածքը դատապարտող հռետորաբանությունը կոշտ էր թվում, իրական գործողություն դրան չէր հաջորդում, որն, ըստ էության, քաջալերեց Ալիևին ռազմական ագրեսիա սկսել Արցախի դեմ:
Ադրբեջանը հարձակումը սկսեց սեպտեմբերի 19-ին՝ ամիսներ շարունակվող քարոզչությունից, բացահայտ սպառնալիքներից և ապատեղեկատվության արշավներից հետո։ Ինչո՞ւ ընտրվեց հենց այդ օրը։
Հատկանշական է, որ հոկտեմբերի 4-ին «Politico»-ն հոդված հրապարակեց, որտեղ իր դիվանագիտական աղբյուրներին հղումով, նշում էր, որ սեպտեմբերի 17-ին ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարել Ստամբուլում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններից երկու օր առաջ։ Աղբյուրի համաձայն, «հանդիպումը կենտրոնացել է այն հարցի վրա, թե ինչպես ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումները հասանելի լինեն մոտ 100,000 բնակչի»:
Այս տեղեկությունը չհերքվեց՝ առաջացնելով մի քանի հարցեր։ Նախ, ինչո՞ւ որպես հանդիպման վայր ընտրվել էր Թուրքիան՝ Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն ու հակամարտության կողմ հանդիսացող երկիրը: Երկրորդ, եթե միջազգային դերակատարները, չնայած իրենց լուրջ հակասություններին, որոշել էին միավորել ուժերը Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու համար, ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը ռազմական հարձակման ռիսկի գնալ։ Քիչ հավանական է թվում, որ Ադրբեջանը դեմ դուրս գար Ռուսաստանին, Եվրամիությանը և ԱՄՆ-ին։
Տպավորություն է ստեղծվում, որ գոյություն է ունեցել միջազգային որոշակի կոնսենսուս, որը թույլ է տալիս Ադրբեջանին «հարցը լուծել» 24 ժամվա ընթացքում: Ռուսաստանի ակնհայտ օգնությունը Ադրբեջանին և Արևմուտքից հստակ գնահատականների ու կանխարգելիչ քայլերի բացակայությունը նման կարծիքի հիմք են ստեղծում։ Ամեն դեպքում Արցախում տեղի ունեցած փաստացի ցեղասպանական քաղաքականությունից ամիսներ անց չկա որևէ իրական հետևանք Ադրբեջանի համար, ոչ էլ հստակ ծրագիր գոյություն ունի, թե ինչպես առաջ գնալ այս իրավիճակում։ Ակնհայտ է, որ Արցախի հասարակական, հանրային ու քաղաքական շրջանակները ունեն տեսլականի ու նպատակների լուրջ բաց, կա պատասխանատվություն ստանձնելու ու խնդիրների լուծմանը հետամուտ լինելու կարիք, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվում են սպասարկել Արցախի հայերի վերադարձի ու իրավունքների օրակարգը՝ դա դիտելով որպես «սպառնալիք» Հայաստանի ինքնիշխանությանը։
Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու,
Ադրբեջանի հարցերով փորձագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսի այս համարում