Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչով է պայմանավորված մեզի դեղին գույնը․ նոր հետազոտություն

Հունվար 04,2024 09:30

ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի 2024 թ․-ի հունվարի 3-ի մամուլի հաղորդագրությունը, որը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում, տեղեկացնում է՝ հետազոտողներին վերջապես հաջողվել է պարզել, թե ինչու է մեզը դեղին գույնի։ Ինչպես ասում է համալսարանի բջջային կենսաբանության և մոլեկուլային գենետիկայի ամբիոնի դոցենտ, հետազոտության առաջատար հեղինակ Բրանթլի Հոլլը, «այս ֆերմենտի հայտնաբերումը վերջապես բացահայտում է մեզի դեղին գույնի առեղծվածը»։

«Ուշագրավ է, որ կենսաբանական այդ ամենօրյա երևույթն այսքան երկար ժամանակ անբացատրելի էր, և մեր թիմը շատ ուրախ է, որ հնարավորություն է ստացել պարզաբանել այն»,-նշում է Բրանթլի Հոլլը։

Ամեն ինչ սկսվում է օրգանիզմում տրիլիոնավոր էրիթրոցիտների քայքայումից․ ինչպես հայտնի է, էրիթրոցիտներն ապրում են միջինը 6 ամիս։ Գիտնականները վաղուց էին հասկացել, որ վառ նարնջագույն պիգմենտը՝ բիլիռուբինը, բջջային այդ փոփոխությունների արգասիքներից է։ Բիլիռուբինն արտազատվում է աղիներ, որտեղից էլ դուրս է գալիս, և մինչ բիլիռուբինը սպասում է մարսողական այդ կայանում, աղիների միկրոբներն այն ճեղքում են այլ մոլեկուլների։

«Աղիքային մանրէները կոդավորում են բիլիռուբին ռեդուկտազ ֆերմենտը, որը բիլիռուբինը վերածում է անգույն ուրոբիլինոգենի, որն էլ ճեղքվում է ուրոբիլին մոլեկուլի»,-մեկնաբանում է Հոլլը։ Հենց այդ վերջին մոլեկուլն էլ՝ ուրոբիլինը, պատասխանատում է մեզի դեղին գույնի համար։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բիլիռուբին ռեդուկտազի և ուրոբիլինոգենի նույնականացումը կարող է նպաստել տարատեսակ հիվանդություններն ավելի լավ հասկանալուն։ Օրինակ՝ Հոլլի թիմը հայտնաբերել է, որ բիլիռուբին ռեդուկտազը փաստացի բացակայում է նորածինների և աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։ Այդպիսով նրանք ենթադրում են, որ բիլիռուբին ռեդուկտազի դեֆիցիտը կարող է նպաստել նորածինների մոտ դեղնության զարգացմանն ու լեղաքարերի ձևավորմանը մեծահասակների շրջանում։

«Այժմ, երբ մենք նույնականացրել ենք այդ ֆերմենտը, կարող ենք հետազոտել, թե ինչպես են  բակտերիաներն ազդում աղիներում շրջանառվող բիլիռուբինի և դրա հետ կապված առողջական վիճակների վրա, ինչպիսին դեղնությունն է։ Այս բացահայտումը հիմք է ստեղծում աղիներ-լյարդ կապն ավելի լավ հասկանալու համար»,-նշում է հետազոտության համահեղինակներից մեկը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031