Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում, ուր նրան ուղեկցել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, դժգոհ է մնացել կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքից, հատկապես կրթօջախներում կառուցված մարզադահլիճների որակից․
«Այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով կատարելության կհասնենք, բայց առնվազն իմ չգնալ, չտեսնելով կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք»,– ասել է վարչապետը։
Նրան մասնավորապես խիստ մտահոգել են բասկետբոլի վահանակները, որոնց չափերը փոքր են եւ չեն համապատասխանում ստանդարտներին։ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է աշխատանքի որակից՝ արձանագրելով, որ ինքը հինգ ամիս բասկետբոլի վահանակների մասին ասում է, սակայն ստացվում է, որ իրեն լսող չկա։
Շրջայցի մասին պատմող տեսանյութին արձագանքել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետեւյալ գրառումը․ «Վտանգված սահմաններ, էթնիկ զտման ենթարկված հայեր, խախտված ինքնիշխանություն, օկուպացված տարածքներ, պատերազմի սպառնալիք, ագրեսիվ հակառակորդ, անհասկանալի միջազգային հարաբերություններ ունեցող երկրի վարչապետը հինգ ամիս է մտահոգվում է դպրոցի մարզասրահների բասկետբոլի գնդակի նետման արկղի չափերով… Խոսքերն ավելորդ են»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ