«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու էին իրեն «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկել, ձերբակալել, ապա ազատ արձակել։ Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Արզաքանցյանը պատրաստվում էր Երևանից Դուբայ մեկնել, սակայն նրան «Զվարթնոց» օդանավակայանից բերման էին ենթարկել։ Նրա ձեռքի պայուսակում հրազենի 16 փամփուշտ էր հայտնաբերվել։ Քրեական վարույթ էր նախաձեռնվել 335-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն քրեական հետապնդում չէր հարուցվել։
«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։
Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով։
Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»։