Համացանցում շատ քննարկվեց, որ Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով տարիների ավանդույթը, չհեռարձակեց Վեհափառի ելույթը։ Կարելի է ենթադրել, որ Հանրային հեռուստաընկերությունը ինքնուրույն չէր որոշել ձայնազրկել Վեհափառին։ Ըստ երևույթին կար քաղաքական որոշում։ Գարեգին Բ-ին եթեր չտալը ստիպեց լսել նրա ուղերձը, որը համեմատեցի Փաշինյանի ուղերձի հետ։ Հետաքրքիր էր, թե ի՞նչ չասաց Փաշինյանը, որն ասաց Վեհափառը։ Ահա հիմնական կետերը։
Դիմելաձև
Փաշինյանը դիմում է միայն «ՀՀ սիրելի քաղաքացիներին», իսկ Վեհափառը դիմում է «բարեպաշտ ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս»։ Ի դեպ, Փաշինյանը միայն 2018-2020թթ-ին է դիմել հայերին ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում։ Եվ չնայած 2020թ-ի ուղերձի մեջ նշված էր․ «Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ են: Ձեր սերն ու ամենօրյա գորովանքը Արցախի ու Հայաստանի նկատմամբ զգալի է նույնիսկ հազարավոր կիլոմետրերից, եւ մեր ամբողջությունը որեւէ ձեւով չի կարող խաթարվել»։ Բայց կարծես հաջորդ տարիներին խաթարվել է կապը Սփյուռքի հետ․ բացարձակ հղում չկա Սփյուռքին վերջին 3 տարիներին։
Նախաբան
Կարդացեք նաև
Փաշինյանի ուղերձի նախաբանն ընդգծված նյութական բնույթ ունի՝ շեշտելով երկրի տնտեսական հաջողությունները, ու թե որքան մեծ է հայ հարկատուների դերը, որ մի շարք մասնագիտությունների աշխատավարձերը բարձրացվել են։ Մինչդեռ Գարեգին Բ-ի նախաբանը տարվա ընթացում մեզ բաժին հասած կորուստների մասին բարձրաձայնելն է՝ համեմելով այն լավատեսությամբ:
Արցախին նվիրված հատված
Փաշինյանը կիրառում է արդեն իսկ հմտորեն փորձարկված հնարքը՝ պսևդո-ներողությունը․ «Նեղություն եմ խնդրում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր բոլոր քույրերից ու եղբայրներից այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել եք», բայց ոչ թե նրա համար, որ որևէ հանցանք է գործել, «այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես»։ Թարգմանելով այս հատվածը՝ կստացվի, որ նա ոչ մի բանում մեղավոր չի ու ինչ էլ անում է, անում է գիտակցված՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման։ Կա ակնարկ, որ այն ցավը, որ իբր կիսում է ժողովրդի հետ, նրան հետ չեն պահի կայացնելու որոշումներ, որոնք կայացնում է։ Իսկ այդ որոշումների մեջ, բնականաբար, չկա Արցախ։ Չկա այլևս Արցախ, հետևաբար՝ սին խոսքեր ու հույս չի ուզում տալ ոչ ոքի, այլ որպես ՀՀ ղեկավար մտածում է միայն ՀՀ-ի մասին։
Իսկ Գարեգին Բ-ի խոսքը գոտեպնդող ու միմյանց կարեկցելու անհրաժեշտության մեջ է։ Նա բարձրաձայնում է Արցախի բռնի տեղահանությունը ու կոչ անում օգնել մեր Արցախի քույրերին և եղբայրներին․ «Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին և հավատը առ մեր Ամենակալ Տերը»։ Միաժամանակ կոչ է անում վառ պահել Արցախ վերադառնալու հույսը։
Ազգի ոգեկոչում
Փաշինյանը խոսքի այս հատվածում թիրախային քայլի է գնում՝ շնորհակալություն հայտնելով «Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց», որոնց շնորհիվ բարձրացվեցին նվազագույն կրթաթոշակների, գիտաշխատողների աշխատավարձերը ու ստեղծվեցին աշխատատեղեր։ Մեկ կրակոցով 3 նապաստակ․
1) բարձրացվում է քաղաքացու դերը, ով պիտի իրեն գնահատված զգա,
2) շեշտում է, որ արցախցիների կարիքները հոգացել են ՀՀ քաղաքացիները։ Սա ընդգծում է նրանց համար, ովքեր գուցե դժգոհություն ունեն տրամադրվող օգնությունից։
3) ենթադրաբար, փորձ է արվում վիճարկել այն տարածված միտքը, որ ռուսների ներհոսքով է պայմանավորված ՀՀ աննախադեպ տնտեսական աճը։
Ամփոփելով՝ այս հատվածը կրկին ունի ընդգծված գումարային ու նյութական բնույթ, այսօր ու այս պահին։
Մինչդեռ Վեհափառի խոսքի մեջ հղում է կատարվում մեր պատմությանը ու պայքարի ոգուն․ «․․․ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել»։ Այսինքն՝ ներկան կապում է անցյալում բարդ պատմական իրավիճակների հետ՝ փորձելով գոտեպնդել, որ մենք կարող ենք ոտքի կանգնել։
Հայրենիքի մասին
Փաշինյանը հավատում է, որ հասարակությունը սխալ պատկերացում ունի հայրենիքի ու պետության մասին և հորդորում է վերանայել ու հասկանալ, որ հայրենիքն ու պետությունը նույն բանն են։ Իրականում ակադեմիական սահմանումներին ծանոթ մարդիկ գիտեն, որ «հայրենիք» ու «պետություն» տերմիններն ունեն հատման կետեր, բայց գրագետ չէ դրանց նույնականացնել։ Եթե ընդլայնվենք, ՔՊ-ն որոշ ընդդիմադիր ուժերի մեղադրում է սին հայրենասիրության մեջ ու դրա փոխարեն Փաշինյանն իրական հայրենասերին առաջարկում անել հետևյալը՝ ուժեղացնել պետությունը, վճարել հարկեր, բարելավել կրթությունը ու հարստանալ ու հարստացնել։
Իրականում նրա խոսքերի մեջ չկան սխալ հորդորներ, սակայն խոսքի մեջ չկա խորություն, չկա կապ պատմության, կոլեկտիվ հիշողության, ազգային ինքնության հետ։ Նրա խոսքի մեջ կապը նյութականի հետ է, որը հստակ երևում է ուղերձի սկզբում, մեջտեղում և վերջում։
Իսկ Գարեգին Բ-ի ուղերձի մեջ կրկին հղում է տրված պատմությանը և հայրենիքի գաղափարին․ «Հայրենիքը միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը»։ Նա հորդորում է իրար չատել, այլ համախմբվել, ինչպես նաև աջակից կանգնել արցախցիներին ու երբեք չմարել հույսը Արցախ վերադառնալու համար, քանի որ նրա համար ևս Արցախը մեր հայրենիքի մասն է։
Ի հավելում, Գարեգին Բ-ն անդրադառնում է անհայտ կորածներին ու գերիներին։ Վեհափառը նաև կոչ է անում բարեգործության, քանի որ «այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի և պետության լինելիության ու հարատևության»։
Ազգային ինքնության հիմնասյուներից մեկը պատմությունն է, պատմական հերոսները, վառ դրվագները, ձեռքբերումները, անգամ տառապանքները, որոնք կոլեկտիվ հիշողության միջոցով համախմբում են ազգին։ Մյուսը Սփյուռքն է՝ մեր ծանր հրետանին, որի շնորհիվ է, մեծամասամբ, որ հայերն ու Հայաստանը ճանաչում ունի աշխարհում։ Հաջորդ կարևոր հիմնասյունը մեր եկեղեցին է, քանի որ պետականազուրկ շրջանում մեզ հայ պահել, համախմբել ու գոտեպնդել է մեր եկեղեցին՝ ամենակայացած հասարակական ինստիտուտը հայության շրջանում։ Ցավալի է արձանագրել, որ այսօր եկել ենք մի հանգրվանի, երբ այս հիմնասյուները ոտնատակ են տրված։
Մնում է հասկանալ՝ դա արվում է գիտակցաբա՞ր, թե՞ ոչ։
Տաթևիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագետ