Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է Էրդողանի աշխատակազմից չեն թողել», «Ես դրա՞ համար եմ հարկ տալիս, որ հոգեւորականներին եթերավորեն», «Ոնց եմ զզվում բոլորիցդ». համացանցում քննարկվում է Վեհափառին եթեր չտրամադրելու թեման

Հունվար 03,2024 18:33

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինով չհեռարձակելը հանրային հնչեղություն է ստացել եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվել: Մինչ Մայր Աթոռի պաշտոնական պարզաբանումը՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» անմիջապես հրապարակվեց իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը, որին «Հայկական ժամանակի»՝ «Գարեգին Բ-ն հրաժարվել է ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից, նա ուլտիմատում է դրել. Բաղդասարյան» վերնագրով հրապարակման տակ արձագանքեցին բազմաթիվ, հիմնականում՝ ֆեյք օգտարերեր: Վերջիններս Վեհափառ Հայրապետի հասցեին կոպիտ մեկնաբանություններ էին թողել: Օրինակ՝ մեկը գրել է, որ տարին մեկ անգամ ձեւական ուղերձ պետք չէ, մեկ այլ օգտատեր զայրացել էր. «Մուսուլման կառավարությունից ի՞նչ պահանջես»:

Օգտատերերից մեկը գրել էր. «Շատ ուրախ ենք, որ (կաթողիկոսի) երեսը չենք տեսնի», մեկ ուրիշը հայհոյանքով համեմված գրառում էր արել. «Այդպիսով լավություն է արել հայ ժողովրդին»: Մեկ այլ օգտատեր փաստել էր, թե չի հիշում՝ վերջին անգամ ե՞րբ է վարչապետը եղել եկեղեցում: Օգտատերերից մեկի մեկնաբանությունը «Հայկական ժամանակի» հրապարակման տակ հետեւյալն էր. «Մի զարմացեք, այսօր Հայաստանում աղանդավորներին ու սատանիստներին մեծ արտոնություններ են տալիս, վերջին անգամ էլ TikTok-ով վարչապետի աղջիկը շփվում էր «Կյանքի խոսք»-ի «222 lava» բլոգեր աղանդավորի հետ»:

Մի օգտատեր կոչ էր արել. «Գնացեք Նռնօրհնեքի, հայեր ջան, անջատեք հեռուստացույցները ու գնացեք մոտակա եկեղեցի, թեկուզ ոտքով»: Օգտատերերից մեկը գրել էր, որ Վեհափառ Հայրապետի ուղերձը եթեր չտալը Լուսավորչի գահը նրանից ազատագրելու առաջին քայլն է: Ի պատասխան մեկն էլ գրել էր. «Դե, որ այդպես է, թող ամբոխահաճի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – Գ.Հ.) ելույթը լսեն, Գարեգի՞ն Բ-ն է պետության աչքը հանել»: Մի օգտատեր նեղվել էր. «Լրիվ մանկապարտեզ ա, ոնց եմ զզվում սաղիցդ»:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը արդարացրել էր Հանրայինի որոշումը. «Շատ էլ ճիշտ է ստացվում, քանի որ Հայաստանում միայն հայեր չեն ապրում, ու եթե քրիստոնյա տերտերը պետք է խոսի, ուրեմն մնացած հավատքների տերտերներն ու մնացած գլխավոր հոգևորականներն էլ պետք է խոսեն։ Ես դրա համա՞ր եմ հարկ տալիս, որ հոգևորականներին իմ հարկերով եթերավորեն։ Թող ով որտեղ ուզում է՝ ելույթ ունենա ու իր ցանկացած ժամին, բայց՝ իր հաշվին»:

Ֆեյսբուքի իր էջում թեման թեժացրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Իսկ ի՞նչ է անում Կաթողիկոսը, որի համար իրեն եթեր է պետք: Ես ճանաչում եմ պարկեշտ ու քրիստոնեության արժեքներին հավատարիմ քահանաների։ Իրենք մեծագույն հարգանքի ու աջակցության են արժանի։

Բայց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն այդպիսին չէ։ Նա երբեք աչքի չի ընկել, ասենք, մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու գործում։ Հ1-ը, մեղմ ասած, աչքիս լույսը չէ։ Բայց Կաթողիկոսին եթեր տալու հարցից առաջ պետք է հասկանալ, թե ինչ է անում Կաթողիկոսը։ Եթե Կաթողիկոսը կամենա մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու իրական քարոզ անել, ապա ես առաջինը կպահանջեմ, որ իրեն դրա համար եթեր հատկացվի», – գրել է նա:

«Ինձ ամենաշատը դզում ա, որ ձեւ եք բռնում, թե չեք ջոգում թեման ինչի մասին ա: Բայց դե կողքից գեշ աչք ա ծակում էլի, որ լավ էլ ջոգում եք: Թե բա՝ ի՞նչ ա անում Կաթողիկոսը, որ եթեր տան, լո՞ւրջ, հարցը էդ էր, չէ՞»,– արձագանքել է նրան օգտատերերից մեկը։ Իսկ Իոաննիսյանն էլ պատասխանել է. «Եթերից զրկեցին ռեվանշիստական-ընդդիմադիր հռետորաբանության համար»։ Օգտատերերից մեկը գրել է, որ ինստիտուտն ու անձը խառնելը շատ վատ հետևանքներ է ունենում, քննադատությունն ու ինքնիրավչությունը չտարբերելը՝ նույնպես:

«Իսկ ով ա տվել դատավորի իրավասություն հանրայինին: Թող Նիկոլին էլ կտրեր գցեր լուրերից հետո: Նիկոլն էլ լավ բաներով աչքի չի ընկնում, մեղմ ասած:

Նենց ա, որ ես երկուսից էլ զզվում եմ ու հեռախոսի ժամով եմ կողմնորոշվում, բայց Հ1-ն ում շունն ա, վերջիվերջո, որ տասնամյակներով ձևավորված կարգը իր հայեցողությամբ փոխի», – Իոաննիսյանի գրառման տակ գրել է մի օգտատեր: Իոաննիսյանն էլ արձագանքել է. «Դե Նիկոլը, առնվազն, երկրի ընտրված ղեկավարն ա` անկախ մեր նախասիրություններից։ Ու հա, Հ1-ը առանձին քննարկման առարկա է»: Նա նաեւ հավելել էր. «Չեմ պնդում, որ Հ1-ը տենց իրավունք ուներ։ Բայց ոչ էլ պահանջելու եմ Կաթողիկոսին եթեր տալ, քանի որ չեմ կարծում, որ ինքը քրիստոնեական արժեքներ է տարածում»։ Օգտատերերից մեկը գրել է. «Եկեղեցին իր ալիքն ունի, իրենց կաթողիկոսը թող իրենց ալիքով ելույթ ունենա։ Աշխարհիկ պետության հանրային հեռուստաալիքն ինչո՞ւ պիտի եթեր տա կրոնական կազմակերպության ղեկավարին»: Ի պատասխան մեկ ուրիշ օգտատեր հետեւյալ կերպ է արձագանքել. «Իսկ ի՞նչ է անում Նիկոլը, որ հանրայինով ցույց տվեցին… Օգնո՞ւմ է մերձավորին… Իսկ մեր հայրենիքի՞ն , որքան է նրա ՕԳԳ-ն»:

Նման մեկնաբանություն էլ է գրվել Իոաննիսյանի գրառման տակ. «Կարիք չկա փոքր, անհաջողակ մարդու մեծ էգոյի բավարարումը արդարացնեք: Այլ բան, եթե դրսից եկեղեցու դեմ ուղղված արշավ է ու հրահանգված է սատարել»։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը եւս անդրադարձել է թեմային: Նա ֆեյսբուքի իր էջում դատապարտելի, ամոթալի եւ փոքրոգի է որակել Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյան պատգամը կեսգիշերից առաջ չհեռարձակելու Հ1-ի որոշումը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է. «Մենք մեզ համար պետք է վերջապես որոշենք Հայաստանը աշխարհիկ պետությո՞ւն է թե՞ կրոնապետություն… Ինչո՞ւ պետք է, ասենք, քրիստոնյաների ղեկավարը խոսի էդ օրը և ոչ թե Արամազդի գլխավոր քուրմը…»: Մի օգտատեր ափսոսանք է հայտնել. «Երանի չկարդայի մեկնաբանությունները… Հարգանքս շատ փոքր մի քանիսին»: «Եթե սրա համար որևէ մեկը պատիժ չկրի, ուրեմն՝ հետևում կանգնած են ՀՀ բարձրագույն իշխանությունները: Ավելի բարձրից բռնեք: Կարող է Էրդողանի աշխատակազմից չեն թողել», – գրել է օգտատերերից մեկը:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031