Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան․ «ՔՊ-ի սպասումները չարդարացան․ մարդկանց մեծ մասը դուրս չէր եկել հրապարակ՝ տոնածառը վայելելու, 90%-ն այլազգիներ էին»

Հունվար 03,2024 17:29

«Ի զարմանս ՔՊ-ի, այս անգամ մեր ժողովուրդը ՔՊ-ի սպասումները չարդարացրեց։ Ես Ամիրյան փողոցի վրա եմ ապրում, նկատեցի, որ մարդկանց մեծ մասը դուրս չէր եկել հրապարակ` տոնածառը վայելելու, 90%-ն այլազգիներ էին», – Aravot․am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն՝ անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե Երեւանի քաղաքապետարանի անցկացրած բոլոր միջոցառումները արվել են շատ բարձր որակով։

Ավինյանն ասուլիսում անդրադառնալով քաղաքապետարանի գնումներին, մասնավորապես՝ ամանորյա միջոցառումների համար ծախսած գումարին՝ 420 մլն դրամին, եւ այն համեմատություններին, որ օրինակ՝ Թբիլիսում, ավելի քիչ գումարով ավելի գեղեցիկ ձեւավորում է արվել, ասաց՝ կարեւոր է ոչ թե ծառայության գնման չափը կամ ձեւը, այլ՝ որակը:

Այս առնչությամբ Սամվել Հակոբյանը նշեց՝ կարեւոր է համեմատությունն այլ քաղաքների հետ, եւ այո, Թբիլիսին ավելի քիչ գումար է ծախսել․ «Ես եղել եմ այնտեղ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի էջին հետեւում եմ, իրենք ավելի քիչ գումար են ծախսել ու իրենց մոտ ավելի գեղեցիկ է ստացվել։ ՔՊ-ի հիմնավորումն այն է, որ վրացիները երկար տարիներ է՝ կազմակերպում են տոնական միջոցառումները, ինվետարն ունեն, դրա համար ծախսը քիչ է։ Նույն տրամաբանությամբ Մաշտոցի եւ այլ պողոտաների լուսավորություններն էլ արդեն ունեինք, բայց այս տարի ավելի շատ գումար ծախսվեց դրա համար։ Այո, Թբիլիսում ավելի քիչ գումար է ծախսվել, բայց ամանորյա տրամադրությունն ավելի բարձր է պահվել»։

Հակոբյանն անդրադառնալով քաղաքապետարանի ծախսերին, ասաց՝ պետք է նայել տվյալ պետական կառույցն առհասարակ գումար վատնելու հետ սեր ունի՞, թե՞ ոչ։ Նա հիշեցրեց ավագանու նիստում իր հայտարարությունը՝ քաղաքապետն ունի յոթ խորհրդատու, հինգ օգնական, երկու գործավար․ «Ավինյանն ասաց, որ ախր մենք 30 հազար հոգու աշխատավարձ ենք տալիս, դրա համար մեր բյուջեի աշխատավարձին այդպես շատ մի նայեք։ Բայց իրենց սպասարկող այդ 15 հոգու աշխատավարձը կազմում է ընդհանուր 630 միլիոնի մեկ յոթանասուներորդը, այսինքն այդ երեսուն հազարի մեջ կա տասնհինգ հոգի իրենց սպասարկող, որոնք զգալի բարձր աշխատավարձ են ստանում, քան իրենց նշած օրինակ մանկապարտեզների աշխատողները։ Այս մարդիկ հիվանդություն ունեն խաբելու»։

Հակոբյանը նաեւ հիշեցնում է Ավինյանի երդմնակալության արարողության ծախսը, ու հարցնում՝ ինչո՞ւ են այդքան գումար ծախսել, ավելի լավ չէ՞ր լինի ավելի կարեւոր բանի համար ծախսել։

Նշենք, որ «Ազգային առաջընթացի» ղեկավար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ էր քաղաքապետարանի ծախսերին անդրադարձել, հիշեցնելով, որ իր երդմնակալության արարողության համար ծախսվել է 900 հազար դրամ, իսկ Ավինյանի երդմնակալության արարողության համար ավելի քան 87 միլիոն դրամ։

Մարությանն ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասել էր․ «Մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 միլիոն դրամով։ Այդ տոնածառը մինչեւ հիմա զարդարում է քաղաքը՝ արդեն հինգ տարի ու դեռ հանգիստ մի քանի տարի էլ կծառայի։ Մինչդեռ այս տարի, օրինակ, միա՛յն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է ուշադրություն՝ 89 միլիոն դրամ։ Այսինքն, դա մնայուն ծախս չի, մեկանգամյա էֆեկտ ունի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2018-ին ընդամենը 54 միլիոն դրամով մենք արել ենք 3 միջոցառում` այդ նույն լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա գիշերվա համերգը եւ հունվարի 6-ին սուրբծննդյան համերգ՝ Հանրապետության հրապարակում։ Կարող եք դիտել այն ժամանակվա տեսանյութերն ու համոզվել, որ ճոխությամբ ու ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել, որ ավելի փոքր ծավալի միջոցառումը հիմա կազմակերպում են ավելի շատ փողով»։

Սամվել Հակոբյանն էլ կրկին քաղաքապետարանի տոնական միջոցառումների ծախսերին անդրադառնալով, ասաց՝ դրանք տեղին չեն․ «Ես օրինակ պատրաստվում եմ շուտով ամուսնանալ, բայց հարսանիք չեմ անելու, մեր երկրում այն առողջ մթնոլորտը չէ, որ հարսանիք արվի, այն էլ՝ ճոխ։ Նույնը այս տոնական միջոցառումների մասին՝ իմ կարծիքով՝ լավ կլիներ ընդհանրապես ոչինչ չարվեր, թող տոնածառ դնեին, երեխաները գնային տեսնեին, ուրախանային։ Բայց անբարոյականություն է, 100 հազար մարդ Արցախից տեղահանվել է, եկել է Հայաստան, շատ բաների պակաս ունի ու այս տխուր իրավիճակում սարքել ֆանտաստիկ սիրուն հրապարակ, որ հայերը նույնիսկ դուրս չգան հրապարակ, հնդիկներն էլ երեք հազար հոգով դուրս գան, պարեն ուրախանան․․․ ասեմ, որ ես հնդիկների դեմ ոչինչ չունեմ»։

Մեր դիտարկմանը, որ այս տոնական ծախսերն ու զարդարանքը նաեւ զբոսաշրջիկներին մեր քաղաք բերելու համար է, Հակոբյանն այս առնչությամբ ասաց՝ մեծ թվով հայեր գերադասում են գնալ Թբիլիսում Ամանորը նշել, քան հրապարակ դուրս գալ, ու այս տարի էլ ահռելի մեծ թվով հայեր գնացել են Թբիլիսի եւ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ մատչելի է, այլ այնտեղ ամանորյա մթնոլորտն ավելի լավ է ապահովվում․ «Ոչ ոք չի գալիս Երեւան ամանորյա զարդարանքը տեսնելու։ Իրանից էլ միշտ ժամանում են Հայաստան, բայց կրկին, իրանցիները չեն գալիս հատուկ ամանորյա տոնածառը տեսնելու կամ քաղաքի զարդարանքը»։

Հակոբյանի կարծիքով՝ քաղաքապետարանի այս ծախսերն արդարացված չեն։ Նա հիշեցրեց, որ թաղապետարանները հանրային բյուջեի հաշվին, այսինքն՝ հարկատուների հաշվին, տոնական խնջույքներ են կազմակերպել թաղապետարանների աշխատակազմի համար․ «Եթե լավ աշխատած լինեին, չէի մեղադրի։ Բայց իրենք արեւմուտք ասելով եկան իշխանության։ Արեւմուտքում պետբյուջեի հաշվին պետական պաշտոնյաները նման խնջույքներ չեն անում։ Էլ չասեմ պարգեւավճարները։ Դա էլ մի այլ կոռուպցիայի տեսակ է։ Ես հարցում էի արել, Շվեյցարիայից պատասխանել էին, որ իրենց մոտ պարգեւավճար հազվադեպ են տալիս, թեև տալիս են՝ աշխատավարձի 2-7% է»։

Տոնական միջոցառման որակի եւ ծախսերի մասին Երեւանի քաղաքապետարանի «Հանրային ձայն» խմբակցությունից Նանա (Ամալյա) Սարգսյանն էլ ասաց՝ այսօր մեր երկիրն այն վիճակում չէ, որ մեզ նման շքեղություն թույլ տանք․ «Դեռ շատ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք։ Պետք է դրանք կարգավորենք, այնուհետ մտածենք ճոխությունների մասին, հատկապես, երբ ունենք արցախցիներին տեղավորելու, օգնությունը պատշաճ ձեւով տրամադրելու խնդիրներ։ Մենք սոցիալական այն վիճակում չենք, որպեսզի թույլ տանք նման ճոխություններ։ Անշուշտ, երեխաների համար ենք անում, բայց դա չի նշանակում, որ պետք է ահռելի գումարներ վատնենք։

Ամեն ինչ չափի մեջ պետք է արվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի ֆեյսբուքյան էջից  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031