Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետությունը հռչակել են Արցախում բնակվող հայերը, եւ միայն իրենք կարող են լուծարել այն․ դրանով ամեն ինչ ասված է»․ Մետաքսե Հակոբյան

Հունվար 03,2024 15:45

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Թեեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, այդուհանդերձ հարցեր են ծագում՝ հունվարի 1-ից հետո ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությանը, ինչո՞ւ Շահրամանյանը հրապարակային չչեղարկեց իր հրամանագիրը։

-Դուք ասում եք՝ մենք չտեսանք հրամանագիր, որով կչեղարկվեր նախկին հրամանագիրը, բայց մենք նաեւ չենք տեսել Արցախի լուծարման մասին հրամանագիր։ Ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, դա սեւով սպիտակի վրա գրված օրենք է։ Ես չեմ կարեւորում այդ հրամանագիրը, նույնիսկ եթե այն հրապարակայնացվեր, միեւնույն է, դա ավելի շատ բարոյական ազդեցություն կարող էր ունենալ, քան իրավական։ Չի կարող որեւէ անձ լուծարել Արցախի Հանրապետությունը։ Չնայած հիմնականում իշխանական ու մերձիշխանական շրջանակները շատ ավելի տգեղ մեկնաբանություններ էին անում, թե ո՞ւմ է հետաքրքիր Արցախի Սահմանադրությունը, բայց կա մի կայացած փաստ, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում բնակվող հայերը հանրաքվեի միջոցով հռչակեցին Արցախի Հանրապետությունը։ Եվ դա միջազգային իրավունք էր, որը ձեռք է բերվել, անկախ այն հանգամանքից, որ արդեն ավելի քան երկու տարի է՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ փորձում են մեզ այդ միջազգային իրավունքից զրկել։ Արցախի Հանրապետությունը հռչակել են Արցախում բնակվող հայերը, եւ միայն իրենք կարող են լուծարել Արցախի Հանրապետությունը, ինչը տեղի չի ունեցել։ Արցախի Հանրապետությունը կա, որեւէ մեկը չի պատրաստվում լուծարել այն, դրանով ամեն ինչ ասված է։ Մնացածը ուղղակի քաղաքական շահարկումներ են, իսկ հիմնական շահարկումներն արվում են ի շահ Ադրբեջանի։

– Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության արդեն նախկին անդամ Արամայիս Աղաբեկյանը հայտարարեց, որ  Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ պատգամավորները տարբեր դիրքորոշումներ ունեն մի մասը կարծում են, որ պետք է հրապարակային չեղարկել այն, ոմանք էլ կարծում են, որ չեղարկման հանրայնացում չպետք է լինի։ Ի՞նչ քննարկումներ են ընթանում պատգամավորների մասնակցությամբ։

-Պատգամավորների մի մասը գտնում է, որ պետք է պատգամավորների ձեռամբ կամ միջոցով չեղարկվի այդ չհրապարակված հրամանագիրը, եթե այն կա։ Ես չեմ կիսել այդ տեսակետը, որովհետեւ ես չեմ լրջացնում այն, ինչն ուղղակի չկա։ Եթե կան այդ տեսակետն ունեցող պատգամավորներ, դա իրենց իրավունքն է, իրենք կարող են այդ ուղղությամբ նախաձեռնություն ունենալ։ Այդ հարցի շուրջ շատ կարեւոր քննարկումներ չկան, որովհետեւ հիմա շատ ավելի կարեւոր խնդիրներ ունենք, որոնց շուրջ պետք է ընդհանուր տեսակետ ունենալ ու գործել։ Այո, մենք բոլորս պատրաստ ենք ինչ-որ բան անել, բայց համատարած լռություն է, աշխատանք չի տարվում։ Այսինքն՝ կան ավելի կարեւոր քայլեր, որոնք ըստ իս պետք է անել։

Հաջորդիվ ի՞նչ անելիք ունի Արցախի իշխանությունը։

-Ինչպես ավելի վաղ ասել էինք, պետք է այս իշխանություններից դուրս օրակարգ ունենալ։ Այսինքն՝ այդ օրակարգը ու անելիքները ձեւավորված են, բայց այդ ուղղությամբ պետք է գործնական քայլեր արվեն։ Պետք է հնարավորություն լինի քաղաքականություն վարել միջազգային հարթակներում, նույնիսկ եթե դա կլինի միջնորդների միջոցով, կամ ոչ դիվանագիտական խողովակներով։ Ամեն դեպքում, կան այդ հնարավորությունները, դրանք ռեալ են, եւ այդ ուղղությամբ մենք արդեն իսկ աշխատանքներ տարել ենք։ Երբեմն նոր կետին չնայելու թերությունը դանդաղեցնում է գործընթացը, բայց չի կանգնեցնում։ Ամեն դեպքում, այդ աշխատանքը կատարվելու է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031