«Վեհափառ Հայրապետի խոսքի փոխարեն մոլլայի խոսքը հնչեց Հանրայինի եթերում՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով»,- «Հայելի» ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը՝ Հ1-ով եթեր չհեռարձակելու որոշմանը՝ այն որակելով հանցավոր եւ ադրբեջանաթուրքական:
Էդգար Ղազարյանը նաեւ ներկայացրեց իր արձանագրումները, թե ինչպիսին են եղել ամանորները, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին. «2018-2019 թթ ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանը խոսում էր արդեն իշխանազավթման փաստի մասին, որովհետեւ նա հասցրել էր 2018 թ. մայիսից մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը զավթել իշխանությունը Երեւան քաղաքում, արտահերթ ընտրություններով նաեւ զավթել էր ԱԺ-ում: 2019-2020 թթ՝ հարձակում Սահմանադրական դատարանի վրա, Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստություն, ինչը պետական իշխանության համակարգը ներսից քայքայելու առաջին քայլն էր:
2020-2021 թթ՝ 44-օրյա պատերազմ, քովիդ եւ կապիտուլյացիա: 2021-2022 թթ՝ ադրբեջանական ներխուժում Հայաստանի տարածք, Շորժա, Սեւ լիճ, Իշխանասար, Գորիս-Կապան ճանապարհ: 2022-2023 թթ՝ադրբեջանական ներխուժում ՀՀ տարածք, սեպտեմբերի պատերազմ Ջերմուկում, Պրահայի հայտարարություն, Արցախի շրջափակում: 2023-2024 թթ՝ Արցախի ամբողջական հանձնում, Արցախի ամբողջական հայաթափում, Ադրբեջանի զինված ուժերի զորահանդես Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գրանադայի հայտարարություն, խաղաղության մուրում: Սա է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակագրությունը՝ ըստ տարիների»:
Ինչ վերաբերվում է 2024-2025 թթ-ին, այս մասին էլ բանախոսն ասաց. «Թե 2024-2025 թթ-ին ինչ կլսենք ու կտեսնենք, արդեն կախված է մեզանից: Ուղղակի միամիտ, անմիտ եւ հիմար պետք է լինել՝ այս փաստերը, իրողությունները տեսնելուց հետո թույլատրել նրան, որպեսզի շարունակի պաշտոնավարել, երբ որ նրա պաշտոնավարումը ակնհայտորեն բերում է միայն ու միայն ձախողումներ, կորուստներ՝ տարածքների,մարդկանց, հայրենիքի, տրամադրության, ամեն ինչի: Երկրագնդի վրա գոյություն չունի ժողովուրդ,որը պիտի թույլ տա, որ իրեն ղեկավարի մի մարդ, որի պաշտոնավարման շրջանում գոյություն չունի որեւէ հաջողություն որեւէ բնագավառում, փոխարենը միայն կորուստներ են»:
Կարդացեք նաև
Դառնալով Վեհափառ հայրապետի ուղերձը չհեռարձակելուն՝ Էդգար Ղազարյանն ընդգծում է. «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Վեհափառ Հայրապետի Ամանորի շնորհավորական ուղերձը չի հեռարձակվում Հանրային հեռուստաընկերությամբ՝ տարեմուտից առաջ: Պետականության ձեւավորման առաջին օրվանից պետության ղեկավարի շնորհավորական ուղերձին ավանդաբար նախորդում է Վեհափառ հայրապետի շնորհավորանքը եւ օրհնանքը: Սա պատահական չէ, այլ պայմանավորված է եւ Հայ եկեղեցու կարեւորագույն դերով, եւ ձեւավորված ավանդույթներով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սովորական կազմակերպություն չէ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ունի սահմանադրորեն ամրագրված կարգավիճակ: ՀՀ Սահմանադրությամբ ասվում է, որ պետության եւ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենքով: Պետական արարողակարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգավիճակը միշտ հավասարեցվում է պետության ղեկավարի կարգավիճակի հետ: Բոլոր այն հանդիպումներին, իրադարձություններին, որոնց մասնակցում է պետության ղեկավարը՝ նախագահը վարչապետի հետ, նրանք միշտ հանդես են գալիս միասին: ԱԺ կանոնակարգ օրենքը Կաթողիկոսի համար նախատեսում է ելույթի իրավունք՝ ՀՀ նախագահի երդման արարողության, ԱԺ առաջին նիստի ժամանակ:
Եվ հիմա խախտվում են բոլոր ավանդույթները, սահմանադրական օրինական կարգավորումները: Ակնհայտ է, որ սա ոչ թե Հանրային հեռուստաընկերության որոշումն է, այլ Նիկոլ Փաշինյանի: Նրա հիվանդ մտածողությամբ՝ իրենից բացի ոչ թե որեւէ առաջնորդ, այլ ընդհանրապես որեւէ հեղինակություն չպետք է լինի հասարակության մեջ: Իր շրջապատի բոլոր մարդիկ կարող են լինել միայն ուսապարկեր … Նաեւ հստակ է այս պարագայում Իլհամ Ալիեւի իմպերատիվ պահանջը՝ Վեհափառին եթերազրկելու համար, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին համարձակություն ունեցավ հայտարարելու, որ Հայ եկեղեցու Արցախի թեմը չի լուծարվում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ