Վիրաբույժ-պրոկտոլոգ Ալեքսանդր Ղուրբանյանի հետ զրուցել ենք պրոկտոլոգիական տարածված հիվանդությունների, դրանց բուժման մեթոդների մասին։
-Ձեր մասնագիտական մեծ փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ պրոկտոլոգիական հիվանդություններն արդյո՞ք Հայաստանում տարածված են։
-Ես զբաղվում եմ այսպես ասած «առողջ մարդկանց» պրոկտոլոգիական հիվանդությունների բուժմամբ: Ի՞նչ է նշանակում «առողջ մարդու» պրոկտոլոգիական հիվանդություն: Օրինակ, միջին տարիքի մարդը, գործնականում լինելով առողջ, կարող է տառապել թութքով, հետանցքի ճաքով, այսպես ասած «պոչուկի կիստայով»:
Նմանատիպ հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են, հատկապես շատ են հանդիպում թութքը և հետանցքային ճաքերը: Օրինակ՝ թութքն ուղիղ աղիքի հիվանդությունների կառուցվածքում տատանվում է մինչև 41%-ի շրջանում:
Կարդացեք նաև
– Այսպես ասած «առողջ մարդու» պրոկտոլոգիական հիվանդությունների պատճառները որո՞նք են՝ սնո՞ւնդ, ապրելակե՞րպ կամ ա՞յլ պատճառներ:
-Հիվանդությունների առաջացման ու զարգացման պատճառները պակմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում նաև ձեր նշածները: Սակայն առաջին հերթին պետք է հաշվի առնել նմանատիպ հիվանդությունների նկատմամբ ժառանգական հակվածությունը: Ցավոք սրտի, մենք՝ հայերս, աչքի ենք ընկնում ոչ առողջ սննդակարգով, ինչի պատճառով, օրինակ, առաջանում է փորկապություն, որն էլ իր հերթին նպաստում է պրոկտոլոգիական հիվանդությունների զարգացմանը: Սննդում բրնձի ու ձավարեղների շատ օգտագործումը հանգեցնում է վերոհիշյալ խնդիրներին: Փորկապության հետևանքով զուգարանում երկար ժամանակ անցկացնելու սովորություն է ձեռք բերվում, որն էլ նպաստում է եղած պրոկտոլոգիական հիվանդությունների՝ մասնավորապես թութքի զարգացմանը:
Պրոկտոլոգիական հիվանդությունների առաջացմանը նպաստում է նաև նստակյաց կյանքը, որը մեր օրերում, ինչո՞ւ չէ, նաև պայմանավորված համակարգչի ու համացանցի գործոնով, բավականին տարածված խնդիր է: Օրինակ, իմ պրակտիկայում շատ են հանդիպում գրասենյակային աշխատանքով ծանրաբեռնված մարդիկ, երկար ժամանակ ղեկին անցկանցող անձինք:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, պրոկտոլոգիական հիվանդությունների առաջացմանը կարող է նպաստել նաև ոչ նստակյաց ապրելակերպը, եթե դա ուղեկցվում է պարբերաբար ծանրությունների բարձրացմամբ:
Կանանց պարագայում շատ դեպքում հետծննդաբերական շրջանում կարող են զարգանալ ինչպես եղած պրոկտոլոգիական հիվանդությունները, օրինակ՝ թութքը, այնպես էլ կարող են առաջանալ պրոկտոլոգիական նոր հիվանդություններ, օրինակ՝ հետանցքային ճաք:
Պրոկտոլոգիական հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոններ կարող են լինել ճարպակալումն ու շաքարային դիաբետ հիվանդությունները:
-Հանրության մոտ ընդունված տեսակետ կա, որ պրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը բացառապես վիրահատական է, ձեր պրակտիկան ի՞նչ է հուշում:
– Տեսեք, այդ տեսակետը պրոկտոլոգիական հիվանդությունների գերակշիռ մեծամասնության դեպքում ճիշտ է: Օրինակ՝ պոչուկի էպիթելային ուղիների բորբոքման (պոչուկի կիստա) դեպքում բուժումը բացառապես վիրահատական է, մարդկությունն այդ հիվանդության բուժման այլընտրանքային տարբերակ դեռ չի հնարել:
Նույնը կարող ենք ասել ուղիղ աղիքի խուղակների մասին: Թութքի դեպքում հաստատ վիրահատական ցուցումներ են հետանցքից շարունակական արյունահոսությունը, հանգույցների արտանկումը կղազատման ժամանակ, օրինակ դեպքեր կան, որ մարդիկ կղազատումից հետո իրենց ձեռքով են կատարում արտանկված հանգույցների հետտեղադրումը: Նման դեպքերում միանշանակ ցուցված է արմատական վիրահատություն:
Նոր սկսվող, նոր զարգացող թութքի դեպքում կարելի է կիրառել դեղորայքային բուժում՝ մոմիկներ, քսուկներ, որոշ դեպքերում՝ դեղահաբեր: Համապատասխան մոտեցում ցուցաբերվում է հետանցքային ճաքերի դեպքում: Քրոնիկական, դեղորայքային բուժմանը չենթարկվող և ցավերով զուգակցվող հետանցքի ճաքերը միանշանակ ենթակա են արմատական վիրահատության:
Իսկ նոր սկսվող ճաքերի դեպքում (տևողությունը մոտ 2 ամիս), իհարկե, կարելի է փորձել դեղորայքային բուժումը, որը հաճախակի բերում է դրական արդյունքների:
-Սակայն այդ հիվանդություններով նույնիսկ տարիներով տառապողները խուսափում են բժշկի դիմել վիրահատության համար՝ ելնելով տարբեր պատճառներից: Ի՞նչ խորհուրդ կտաք՝ արդեն եղած հիվանդությունները մեղմելու, ինչո՞ւ չէ, նաև կանխարգելելու առումով:
-Նախ սկսեմ սննդակարգից՝ օգտագործել այնպիսի սննդատեսակներ, որոնք չեն հանգեցնում փորկապությունների, օրինակ՝ շատ օգտագործեք կարմիր բազուկ, դդում, պոմիդոր, վարունգ պարունակող աղցաններ ու ճաշատեսակներ: Երեկոյան ժամերին օգտագործեք կեֆիր՝ սալորաչրի հետ:
Խուսափեք կծու, թթու ուտեստներից: Խմիչքներից ցանկալի չեն գարեջուրն ու կարմիր գինին:
Կղազատումից հետո կատարեք հետանցքի լվացում:
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ