Ավանդույթի համաձայն՝ տարեվերջին բոլորն ամփոփում են իրենց կատարած աշխատանքը՝ ներկայացնելով հաշվետվություններ։ 9 տարի արդեն Ամանորը անազատության մեջ դիմավորող Մուշեղ /Մոշ/ Մխիթարյանն էլ անցած տարվա դեկտեմբերին ներկայացավ յուրահատուկ «հաշվետվությամբ»։ Օրը թատերական էր, արվեստով լեցուն։
«9-րդ Ամանորս՝ բանտում։ Իհարկե` լավ չի, բայց կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Ուրեմն պիտի լինեի այստեղ ու անեի այն, ինչ անում եմ։ Միշտ չեմ այսպես մտածել։ Երեւի ինձ հուսադրող ընկերների առաջ քաշած այս միտքը ինչ-որ ժամանակ արմատացել է։ Ամեն դեպքում, կարծում եմ, կարեւոր բան եմ անում` կարծրատիպեր կոտրելուց սկսած մինչեւ մարդկանց առօրյան մի փոքր լուսավոր դարձնելը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մուշեղը։
Երկու ամիս՝ նոյեմբեր-դեկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ եւ Հայաստանի մշակույթի գործիչների միության օժանդակությամբ տեղի ունեցավ «Ազգային թատրոնը եւ բեմարվեստի հիմունքները» խորագրով դասընթաց-սեմինար։ Ծրագրում ընդգրկված էր 8 դատապարտյալ եւ որպես ամփոփում ներկայացվեց «Ազգային թատրոն եւ բեմարվեստի հիմունքներ» թեմայով թատերականացված միջոցառումը։
Կարդացեք նաև
Յուրօրինակ մի ներկայացում, որի գործող անձերի մեծամասնությունը թատրոնի հետ ինչ-որ չափով կապ ունեցող պատմական կերպարներ էին։ Հույն պատմիչ Պլուտարքոսի, հայոց արքա Արտավազդ Երկրորդի, Խորեն եպիսկոպոս Ստեփանեի, Պետրոս Ադամյանի, Կոնստանտին Ստանիսլավսկու, Անտոն Չեխովի, Ռուբեն Զարյանի, շեքսպիրյան հերոս Համլետի, «Կատակերգության» եւ «Ողբերգության» շուրթերով հանդիսականին ներկայացրին հայոց 2000- ամյա թատրոնի անցած ողջ ուղին։ Ազատազրկված անձինք իրենց ճկուն դերասանական խաղով հանդիսատեսին հնարավորինս պատկերավոր ներկայացրին ազգային թատրոնի զարգացման փուլերը եւ առանցքային ժամանակաշրջանները։
Բեմադրության իրականացմանն ու հերոսների գրագետ խոսքի ձեւավորմանն իրենց մասնագիտական օգնությունն են ցուցաբերել նաեւ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։
Հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման եւ Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից Մուշեղ Մխիթարյանը, ներկա գտնվելու եւ իրենց նախաձեռնությունը քաջալերելու համար, շնորհակալագրեր է հանձնել քրեակատարողական ծառայության եւ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցիչներին, «Նուռ» հեռուստաընկերության տնօրեն Արփինե Բաբախանյանին, «Մաչանենց» թատրոնի տնօրեն Գրիշա Մնոյանին, «Էլ-Մար ստեղծագործական նորարական արվեստի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արմեն Դալլաքյանին, «arlur․am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Լուսին Ղազարյանին եւ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանին։
Իսկ Մուշեղ Մխիթարյանն արդեն մտածում է հաջորդ ձեռնարկի մասին։ «Մտքերս շատ տարբեր են` ինչ են անում երեխաներս հարցից, մինչեւ ամենահասարակ ինքնահաշվետվություն կարող են զբաղեցնել ինձ Ամանորին։ Ու… ինչո՞ւ միայն Ամանորին։ Սրանք հարցեր են, որոնք մարդու գլխում պտտվում են անընդհատ»,-վերջում ասաց Մուշեղ Մխիթարյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ