Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պետք է ձգտի մոբիլիզացնել ժողովրդին, կազմակերպել ժողովրդական շարժումներ ու ընդվզումներ՝ հիմնված օրինական և ոչ բռնի մեթոդների վրա․ Դավիթ Անանյան

Հունվար 02,2024 14:48

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե իրավիճակը, որում հայտնվել ենք մենք և մեր պետությունը (այսինքն՝ մի իրավիճակ, երբ պատերազմում պարտությունից հետո ապաշնորհ իշխանությունը շարունակում է իր դիրքերը պահպանել, իսկ ժողովուրդը վերընտրում է նրան, թեև այդ իշխանությունը շարունակում է անհետևողականություն և ապաշնորհություն դրսևորել, ինչը բացասաբար է անդրադառնում դեպքերի հետագա ընթացքի և հասարակության համախմբման վրա՝ հանգեցնելով տարածքների կորստի), անհրաժեշտ է դիտարկել նաև քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից։

Նախևառաջ, քաղաքական փիլիսոփայության մեջ կա «իշխանության լեգիտիմություն» հասկացությունը, որը ենթադրում է, որ իշխանությունն ունի պետությունը և ժողովրդին կառավարելու օրինական և բարոյապես հիմնավորված իրավունք: Ակնհայտ է, որ լեգիտիմության բաղադրիչներից առնվազն մեկը բացակայում է, և այն, որ պատերազմում պարտված ոչ կոմպետենտ իշխանությունը պահպանում է իր իշխանությունը, հակասում է ընդհանուր ընդունված քաղաքական նորմերին:

Այս իրավիճակը կարելի է բացատրել մի քանի գործոններով. նախ, հնարավոր է, որ ժողովուրդը հետպատերազմյան ապատիայի պայմաններում իշխանությանը այլընտրանք չտեսնելով (հստակ առաջնորդների բացակայություն, որոնք կարող են երկրի զարգացման այլընտրանքային ծրագիր առաջարկել) և կայունության կարիք զգալով, նախընտրի պահպանել գործող իշխանությունը՝ չնայած նրա անկարողությանը հաղթահարել խնդիրները։

Երկրորդ, ապաշնորհ իշխանության պահպանումը կարող է պայմանավորված լինել հասարակության պատմական, էթնիկական կամ «դասակարգային» տարբերություններով: Թերևս պատերազմում պարտվելն ու տարածքների (ներառյալ՝ Հայրենիքի մի մասի) կորուստը պատրվակ են դարձել խմբերի և «դասակարգերի» միջև կոնֆլիկտների համար, և իշխանություններն օգտագործում են այս իրավիճակն իրենց քաղաքական առավելությունը պահպանելու համար։

Սակայն հասարակության աճող պառակտվածությունը և անգործունակ իշխանության համառությունը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։ Հասարակության մասնատվածությունը և տարածքների կորուստը բացասաբար են անդրադառնում պետության տնտեսության, անվտանգության և միջազգային կարգավիճակի վրա (տնտեսությունն իրապես չի զարգանում, տնտեսական ակտիվության ներկայիս ցուցանիշների աճը զգալի ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաև արտահանելի ապրանքների և ծառայությունների թողարկման արդյունք չեն)։

Այս իրավիճակի պահպանման պարագայում, երբ գործնականում բացակայում են ապաշնորհ իշխանությունը փոխելու արդյունավետ մեխանիզմները, կարող են խարխլվել ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները։

Ահա նման իրավիճակում է, որ քաղաքական կոնտրէլիտան, այսինքն՝ ընդդիմությունը, պետք է քննության ենթարկի իրեն՝ պատասխանատվություն ստանձնելով և գործելով դրությունը փոխելու ուղղությամբ։

Ընդդիմությունը պետք է ձգտի մոբիլիզացնել ժողովրդին, կազմակերպել ժողովրդական շարժումներ ու ընդվզումներ՝ հիմնված օրինական և ոչ բռնի մեթոդների վրա։ Կարևոր է, որ ընդդիմությունն առաջարկի պետության վերականգնման և տարածքային ամբողջականության պահպանման քաղաքական այլընտրանք և համոզիչ ծրագիր։

Չնայած ժողովրդական շարժումների, քաղաքացիական անհնազանդության և պոտենցիալ հակամարտությունների հետ կապված բարդությանն ու ռիսկերին, քաղաքական համակարգում դրական փոփոխություններ մտցնելը միայն կարող է կարևոր քայլ լինել օրենքի գերակայության վերականգնման ուղղությամբ, որը կարող է լուծել հասարակության խնդիրները և դիմակայել ապակայունացնող գործոններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031