Գաղտնիք չէ, որ այս օրերին շատերն են արթնանում խումհարի տհաճ ախտանշաններով կամ գերսնվելու պատճառով առաջացած անհարմարությունների զգացումով, ուստի մենք առանձնացրել ենք այն խորհուրդները, որոնք կարող են օգնել ձերբազատվել տոնական սեղանների շուրջ ջերմ հավաքույթների կողմնակի ազդեցություններից։
Ինչպես թեթևացնել խումհարի ախտանշանները
Քանի որ չկան խումարի դեմ պայքարող հատուկ դեղամիջոցներ, լավագույնը, որ կարելի է անել՝ մի փոքր սպասելն ու օրգանիզմին հանգիստ «նվիրելն է», ինչպես նաև՝
Շատ ջուր խմել․ ալկոհոլի օգտագործման հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է, ուստի նախ անհրաժեշտ է վերականգնել ջրային հավասարակշռությունը։ Խորհուրդ է տրվում ջուր խմել արթնանալուց անմիջապես հետո՝ խումհարի՝ հետագայում սպասվելիք դրսևորումները թեթևացնելու համար։
Կոճապղպեղով թեյ խմել․ կոճապղպեղը վաղուց ի վեր հայտնի է որպես սրտխառնոցի ու ծովային հիվանդության դեմ պայքարող արդյունավետ միջոց և կարող է օգտակար լինել նաև այս դեպքում։
Կարդացեք նաև
Տավարի մսի արգանակ խմել․ սննդարար արգանակը կօգնի վերականգնել օրգանիզմի էներգիան՝ միաժամանակ նպաստելով մարսողության բարելավմանն ու բորբոքային գործընթացների նվազեցմանը։
Բանան և կալիումով հարուստ այլ մրգեր ուտել, քանի որ հիշյալ հանքանյութը քայքայվում է ալկոհոլ օգտագործելու հետևանքով։
Նախապատվությունը տալ հյութալի բանջարեղենին։
Ֆիզիկական վարժություններ կատարել․ կարճատև, բայց հագեցած մարզումը կօգնի ձերբազատվել ալկոհոլի օգտագործման պատճառով առաջացած տոքսիններից։ Ընդ որում, չմոռանաք ջուր խմելու անհրաժեշտության մասին՝ հետագա ջրազրկումից խուսափելու համար։
Ինչպես թեթևացնել գերսնվելու հետևանքով առաջացած անհարմարությունները
Մեկ-երկու անգամ գերսնվելն, իհարկե, ճակատագրական ազդեցություն չի ունենա մարդու առողջության վրա, իսկ անհարմարության զգացողություններից ազատվելու հարցում օգտակար կլինեն այս պարզ կանոնները՝
Քայլել․ թեթև զբոսանքը կօգնի խթանել մարսողությունն ու կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Ջուր խմել․ իհարկե, ոչ այնքան, որ սրտխառնոց առաջանա։
Չպառկել լիքը ստամոքսով․ դա կարող է դանդաղեցնել մարսողությունն ու սրել թթվային ռեֆլյուքսի ախտանշանները։
Խուսափել գազավորված ըմպելիքներից․ սնունդը «նստեցնելու համար» գազավորված ըմպելիքներ խմելն այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ դրանք ծանրաբեռնում են մարսողական համակարգը գազերով՝ փքվածության զգացումն էլ ավելի մեծացնելով։
Մարզվել․ սնունդն ընդունելուց 3-4 ժամ հետո մարզվելը կօգնի այրել ավելորդ կալորիաները, արագացնել նյութափոխանակությունն ու կանխարգելել փորկապությունը։ Իսկ կանոնավոր մարզումները կօգնեն կարգավորել տրամադրությունն ու քաղցի զգացումը՝ թույլ տալով խուսափել սնունդը չարաշահելու հավանականությունից։
Պլանավորել․ Եթե արդեն հասցրել եք միաժամանակ փորձել Մայրաքաղաքային աղցանը, ընդեղենը, խոզի մսի տապական, ձուկն ու տորթ Նապոլեոնը, ապա անպայման պլանավորեք, թե ինչ եք ուտելու հաջորդ անգամ՝ ընտրելով ավելի պարզ ու թեթև կերակրատեսակներ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ