Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ կարող եմ անել ես իմ առողջության համար 2024 թ․-ին

Հունվար 01,2024 09:30

Մի հայտնի անեկդոտ կա․ «Ուզում ես ծիծաղեցնել Աստծուն՝ պատմիր նրան քո պլանների մասին», բայց քանի որ անկախ ամեն ինչից և այնուամենայնիվ արթնացել եմ 2024 թ․-ի հունվարի մեկին, ապա կարելի է նաև պլաններ կազմել, օրինակ՝ այս նոր՝ թարմ տարում ինչ կարող եմ անել ես իմ առողջության համար․․․

Առաջինն ինչ գալիս է մտքիս, ավելի շատ քայլելն է․ ընդ որում, քայլելը ոչ միայն ներդրում կլինի իմ, այլև հանրային առողջության մեջ, չէ՞ որ այդ գործողությունը ենթադրում է նաև տրանսպորտի, մասնավորապես սեփական մեքենայի ավելի քիչ շահագործում՝ դրանից բխող դրական արդյունքներով։

Բազմաթիվ են ապացույցները, որ քայլելը բարելավում է ոչ միայն մարդու ֆիզիկական առողջությունը, այլև հոգեվիճակը՝ օգնելով ձերբազատվել ծանր մտքերից ու անհանգստությունից։ Գիտությունների դոկտոր Ջոան Վերնիկոսն իր «Նստակյաց կյանքը սպանում է, իսկ շարժումը՝ բուժում» գրքում նկարագրում է, թե որքան կարևոր է ուղղահայաց դիրքը մարդու մարմնի ու գլխուղեղի օպտիմալ գործունեության համար։ Այնպես որ 2024 թ․-ին կփորձեմ հնարավորինս շատ մնալ ուղղահայաց դիրքում՝ քայլելու հետ մեկտեղ պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարելով, օրինակ՝ առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, որքան էլ մեծ լինի գայթակղությունը մեկ բաժակ սուրճի ընկերակցությամբ հեռախոսի էկրանը թերթելու։

Իմ ցուցակի հաջորդ կետը հենց այդ թեմայի մասին է։ Ո՛չ, չմտածեք, թե կվերցնեմ ու կհրաժարվեմ առավոտյան սուրճից, դա ինձ անհավանական հերոսության նման մի բան է թվում, իսկ այ սոցցանցերում անվերջ լուրեր կարդալուց և երբեմն էլ անիմաստ տեսանյութեր նայելուց հաստատ արժե հրաժարվել, այն էլ՝ քնելուց առաջ, երբ մի կողմից օրգանիզմում արտադրվող մելատոնինը փորձում է մեզ քնեցնել, մյուս կողմից էլ էկրանի կապույտ լույսն ու լուրերից հորդացող «կորտիզոլը» մեզ ստիպում են ժամերով արթուն մնալ՝ կորցնելով քնի միջոցով վերականգնվելու լավագույն ժամանակահատվածը։

Մյուս կարևոր քայլը, որ կարող եմ անել իմ առողջության համար, հենց այնպես՝ առանց ակնհայտ գանգատների բժշկին այցելելն ու սքրինինգային հետազոտություններ անցնելն է։ Իհարկե, մեր երկրում այնքան էլ շատ չեն անվճար իրականացվող սքրինինգային հետազոտությունները, դրանք ներառում են զարկերակային ճնշման, արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշումը, մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը, մամոգրաֆիկ հետազոտությունները որոշ մարզերում, ՊԱՊ քսուքի հետազոտությունն ու գլաուկոմայի վաղ հայտնաբերումը։ Սակայն առողջության վրա խնայելը սովորաբար շատ թանկ է նստում, ուստի կփորձեմ բժշկի հետ քննարկել այլ հետազոտություններ անցնելու նպատակահարմարությունը՝ ներկայացնելով նրան իմ ընտանեկան պատմությունն ու առողջական ընդհանուր վիճակը։

Հաջորդը, որ կուզեի անել իմ առողջության համար, դադար վերցնելն է՝ շունչ քաշելը, և դա հենց այն պահերին, երբ թվում է, թե առավել շատ է պետք աշխատել կամ ավելի արագ է պետք վազել «ինչ-որ տեղ հասնելու» համար։ Չէ՞ որ ոչինչ մեզ չի դարձնում այնքան անարդյունավետ, որքան հուզական այրումը․ այն վիճակը, որը բնորոշվում է որպես «անձի մասնագիտական գործունեության արդյունքում առաջացած մտավոր և ֆիզիկական հյուծվածության վիճակ», կարող է լիովին խառնել մեր բոլոր պլանները՝ ազդելով մարդու թե՛ հոգեկան և թե՛ ֆիզիկական առողջության վրա։

2024 թ․-ին ես կուզեի փոքրիկ մանրուքներով ուրախանալու և ազատ ժամանակն հենց այնպես անցկացնելու հնարավորություններ ինձ նվիրել՝ այդ ընթացքում արգելելով ինձ մտածել, թե ինչքան «շատ գործ կանեի, եթե հիմա գործ անեի»։

Եվ վերջում ամենակարևոր բանը, որ կուզեի անել իմ առողջության համար, հիվանդանալուց չվախենալն է, և դա ոչ թե այն պատճառով, որ համոզված եմ, որ մեր երկրում և ամբողջ աշխարհում շրջակա միջավայրն ավելի լավն է դառնալու, կամ առողջապահական համակարգը հաղթահարելու է իր բոլոր մարտահրավերները, այլ քանի որ գիտեմ՝ մարդու օրգանիզմը, մասնավորապես գլխուղեղը տարատեսակ դժվարությունները հաղթահարելու հսկայական պոտենցիալ ունի, և մեզ մնում է խթանել այն հնարավոր բոլոր միջոցներով։

Իհարկե, այս ամենն ամենևին էլ «դեղատոմս» չէ բոլորի համար, չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն ունի սեփական առողջության մասին հոգ տանելու իր պատկերացումները, բայց ինչպես և շատ հիվանդություններ վարակիչ են, այնպես էլ առողջությունն է վարակիչ, ուստի ցանկացա «վարակել» ձեզ առողջության մասին մտածելու իմ խանդավառությամբ․․․ Եվ հոգ չէ, որ մեկ-երկու օր անց ես կրկին հայտնվելու եմ տարվա շրջապտույտում՝ ամեն օր հաջորդ երկուշաբթի հետաձգելով մարզվել սկսելը, լողի գնալը, աչքերը ստուգելը կամ օրը կիտրոնի հյութով սկսելը, չէ՞ որ կարևորն այն է, որ ես արդեն որոշել եմ՝ վերջ, այս տարի սկսելու եմ առողջ ապրելակերպ վարել․․․

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031