Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավոր ենք շրջել էջը մեր խայտառակության և նայել առաջ՝ դաս քաղելով մեր, միմիայն մեր սխալներից. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Դեկտեմբեր 31,2023 21:08

Շուտով օրացույցում կրկին թվերի փոփոխություն կլինի: Պատմություն կդառնա 2023-ը, որի հետ մեծ հույսեր էինք կապում և, ինչու չէ, որից շատ ակնկալիքներ ունեինք: Ո՛չ մեր հույսերն արդարացան, ո՛չ ակնկալիքներն իրականացան: Եվ ես մտովի անդրադառնում եմ 2020 թվականի մեր ուղերձին, որն այնքան ցավալի հուշեր ու ապրումներ է փոխանցում ընթերցողին:

Այո, 2023 թվականը ևս, ճիշտ 2020-ի նման, մեզ՝ ապրողներիս համար վստահաբար ամենածանր, ամենադժվար, ամենադժբախտ ու ամենասոսկալի տարին եղավ, որի բերածին ու տարածին մեր երևակայությունն անկարող կլիներ հասնել երբևիցե:

Բերածը ոչինչ էր, իսկ տարածը՝ անբացատրելի, անմեկնելի, աննկարագրելի ծանր… Շատ թանկ արժեցավ 2023-ը հայոց աշխարհի ու հայ ժողովրդի համար:

Կգծվի նոր քարտեզ, կգրվի նոր պատմություն, որը մեզ ամոթով կթողնի գալիք սերունդների առջև: Ցավ ի սիրտ եմ նշում, որ թեպետ լավագույն սպասումներով դիմավորեցինք անցնող տարին, սակայն այն իր հետ բերեց աննախադեպ զարգացումներ՝ երկրի կորստյամբ, հազարավոր մեր հարազատների ու բարեկամների, լավագույն երիտասարդների զոհաբերությամբ ու նահատակությամբ:

Այո՛, մեր նորագույն պատմության ծանրագույն ու ամոթալի օրերն ենք ապրում ազգովի, երբ անձնական շահը գերադաս է անանձնականից, ընտանեկանն ազգայինից, սեփական բարեկեցությունը՝ հայրենիքից: Թվում է՝ չկա ո՛չ հույս, ո՛չ լույս …

Հիրավի, կանգնած ենք 2024-ի սեմին և, սերունդների առջև ունեցած պատասխանատվության լիարժեք ու ամբողջական գիտակցությամբ, պարտավոր ենք շրջել էջը մեր խայտառակության ու նվաստացման և նայել առաջ՝ գեթ այս անգամ դաժան դաս քաղելով մեր, միմիայն մեր սխալներից, մեղքերից, թերացումներից, ինչի պատճառով հասանք այս անցանկալի հանգրվանին:

Այսօր էլ մեզանից շատերն անհոգ գնումներ են կատարում, մտածում ճոխ սեղանների մասին, սակայն ոչ մի վայրկյան չեն մտաբերում ներկայիս վիճակը, անտուն ու թափառական դարձած, տարիների վաստակը մեկ ակնթարթում կորցրած հայրենակիցներին, քանի որ ցավն ու վիշտը շրջանցել են իրենց:

Տա Աստված, որ երբեք ցավ չապրեն, բայց դատեն սթափ ու սրտացավ, ավելի բարեգութ գտնվեն դիմացինի հանդեպ, քանզի միայն աստվածային սերն ու ողորմածությունը կարող են ձերբազատել մարդուն շատ մեղքերից:

Թող 2024 թվականը նախ և առաջ դառնա սեփական մեղքի գիտակցության, զղջումի, ապաշխարության և, իբրև անմիջական հետևանք, հատուցման և վերանորոգման տարի, այլապես անիմաստ կդառնա մեր գոյությունն իբրև ազգ, և աննպատակ՝ մեր պայքարը հանուն ազատ ու անկախ հայրենիքի:

Սիրե՛նք միմյանց, գոնե այսքան փորձություններից, զրկանքներից ու նեղություններից հետո սիրենք միմյանց, սիրենք մեր հայրենիքն ու մեր ժողովրդին առավել, քան ինքներս մեզ… և թող Ամանորը, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսով շաղախված, խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և աստվածային լույս բերի ձեր օջախներին, թող ոչ մի մայր չապրի որդու կորստյան ցավը, զինվորը ծաղիկներով դառնա հայրենի տուն, իսկ հայրենիքի սահմանները, Բարձրյալի Ամենակալ Սուրբ Աջի հովանու ներքո, դառնան անառիկ ու անխոցելի …

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի Առաջնորդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031