Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը։ Այս մասին ասված է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորական ուղերձում։
Դիվանագետը նշել է, որ 2023 թվականին նոր խթան են ստացել մշակութային, գիտական և կրթական կապերը, ինչը ցույց է տալիս ժողովուրդների խոր մշակութային և հոգևոր ընդհանրության պահպանումը:
«Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել և ընդլայնվել են: Ռուսաստանը մնացել է հանրապետության հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ոլորտում խորացել է համագործակցությունը: Հաջողությամբ առաջ է ընթացել կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության ձևաչափով»,– ասել է նա։
Դիվանագետը համոզված է, որ երկու երկրների ակտիվ մասնակցությունը համատեղ ինտեգրացիոն նախագծերին նպաստում է ինչպես ընդհանուր զարգացմանը, այնպես էլ երկու պետությունների ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ և տագնապալի աշխարհում:
Կարդացեք նաև
«Ավարտվող տարին դարձավ նաև ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը։ Ավելի քան 100 հազար ղարաբաղցիներ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ թիկունքում թողնելով տները և իրենց սովոր կենսաձևը։ Հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել, զգալ մարդկանց ցավն ու տարակուսանքը, որոնք դարձել են այդ ողբերգական իրադարձությունների զոհը: Ռուսաստանցիներն այդ ցավն ընդունեցին ինչպես իրենցը: Առաջին իսկ օրերից Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին ինչպես հասարակական և մասնավոր կազմակերպությունների միջոցով, այնպես էլ պետական մակարդակով»,- հավելել Է Կոպիրկինը։
Նա շեշտել է, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը, հենվելով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, շարունակել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը հաստատակամորեն աջակցելու գիծը: Ըստ դեսպանի` Մոսկվան նախաձեռնողականորեն և հաստատակամորեն օժանդակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Այդ քրտնաջան աշխատանքը, չնայած բոլոր առկա դժվարություններին, անշուշտ կշարունակվի: Այսօր՝ աշխարհակառուցվածքի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իրական եղբայրական կապերը պահանջված են ավելի, քան երբևէ. դա մեր ընդհանուր ժառանգությունն է, առանց որի պահպանման մեր երկրներին շատ ավելի դժվար կլիներ ապահովել իրենց արժանապատիվ և ամուր տեղը նոր աշխարհակարգում: Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մաս են կազմում սերտ միջմարդկային շփումները»,– հայտարարել է նա։
Վերջում դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով գալիք տարում խաղաղություն, համերաշխություն և բարգավաճում։