«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ուղերձը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Անցնող 2023 թվականին գնահատականներ տալն դժվար է, քանի որ այս պահին գրեթե անհնար է ամբողջ խորությամբ ընկալել Արցախի անկումը, Հայաստանի շարունակական կազմաքանդումը, և թե դեռ ինչ հետևանքներ է ունենալու այս ամենը մեր բոլորիս կյանքում։ Սակայն ցավալին միայն մեզ հետ տեղի ունեցածը չէ, այլ այն, որ մեզ համոզել են, թե այլ կերպ չէր էլ կարող լինել և սա միակ հնարավոր ելքն էր, որին պետք է համակերպվել, փոխարենը` ապագան խոստանում է լինել կուշտ, սակայն ստորաքարշ։
Իսկ իրականում, նույնիսկ այս թվացյալ ծանր իրականությունը, լի է անսահման հնարավորություններով, սակայն մենք միայն մեկ դեպքում կարող ենք սպառնալիքները վերափոխել հնարավորության, այն ժամանակ, երբ բոլորս, սփյուռքի հետ միասին կձևավորենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։
Կարդացեք նաև
Դրա համար առաջին հերթին պետք է ձերբազատվենք նախկին բոլոր կապանքներից։ Ինչու միայն նախկին, քանի որ այլևս չկան նախկիններ և ներկաներ, նրանք բոլորն այլևս նախկին են։ Հինը գոյություն չունի, իսկ նորը դեռ չի ձևավորվել, հետևաբար բոլորիս առաքելությունը պետք է լինի նորի ձևավորումը՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորումը։
Թույլ մի տվեք, որ մի խումբ մարդիկ իրենց ստորացած, նվաստացած և վախեցած էությունը պարտադրեն մի ողջ ազգի։
Լցվեք ապագայի նկատմամբ աստվածային հույսով, պայքարի ոգով և կրեք ձեր մեջ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման առաքելությունը։
Խնդրում եմ հիշել մի թիվ, իշխանափոխությունից և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման սկզբը ազդարարելուց հետո առավելագույնը 12 տարիների ընթացքում Արցախը կրկին լինելու է հայկական։
Թող 2024թ. լինի, պայքարի, արժանապատվության և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման տարի։
Անենք անհրաժեշտը, հետո հնարավորը և հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրագործում անհնարինը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ