Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվառվելու համար արցախցիներից ավելորդ փաստաթղթեր են ուզում, քաշքշուկ են ստեղծում, դիտավորյալ են անում, որ մարդիկ զզվեն, լքեն Հայաստանը»․ Արմեն Պետրոսյան

Դեկտեմբեր 31,2023 13:30

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, անդրադառնալով դժգոհություններին ու ստեղծված իրավիճակին, ասաց, որ 30 հազարից ավելի արցախցի արդեն հաշվառվել է։

Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանում հաշվառվելու համար մի շարք խնդիրների են բախվում, անձնագրային բաժանմունքներում հերթերի պատճառով հաշվառման գործընթացը կարող է ամիսներ տեւել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն օրերս բարձրաձայնել էր այս հարցը՝ նշելով, որ եթե այսպես շարունակվի, ամիսներ են պահանջվելու 100 հազարից ավելի մարդուն հաշվառելու համար։ Իսկ առանց հաշվառվելու մարդիկ չեն կարող թոշակ ու նպաստ ստանալ։ Առցանց հարթակում գրանցվելու եւ թոշակ ու նպաստ ստանալու համար արցախցիները Հայաստանում որեւէ հասցեում պետք է հաշվառվեն։ Թեեւ ՀՀ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել է, որ արցախցիներն անձնագրային բաժանմունքներում արտոնյալ պայմաններով ու արտահերթ են սպասարկվում, սակայն այս օրերին բազմաթիվ դժգոհություններ կան այն մասին, որ մարդիկ հաշվառվելու համար օրերով հերթ են կանգնում, նաեւ մի քանի անգամ ստիպված են լինում գնալ-գալ, քանի որ տարբեր փաստաթղթեր են պահանջում ներկայացնել։ Կան տեղեկություններ, որ անձնագրային բաժանմունքներն օրական 25-30 արցախցու են սպասարկում ընդամենը։

«Առավոտի» հետ զրույցում արցախցի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանն ասաց, որ կան մարդիկ, որոնց հաշվառման հերթը հասնելու է փետրվար կամ մարտ ամիսներին։ Եվ մինչեւ հերթը կհասնի իրենց` մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնելու։ Բացի հերթերը, անձնագրային մարդկանցից տարբեր փաստաթղթեր ե պահանջում։ «Ես էլ եմ հերթագրված, որպեսզի հաշվառվեմ, բայց պարզվում է ավելորդ քաշքշուկ են առաջացնում, հավելյալ փաստաթղթեր են պահանջում։ Օրինակ՝ պահանջում են 30 տարի առաջ մահացած իմ հոր մահվան վկայականը։ 1980 թվականից հետո ծնված անձանցից պահանջում են նաեւ ծննդյան վկայականների պատճեններ, բայց մարդիկ որոշ դեպքերում չունեն այդ փաստաթուղթը, թողել են Արցախում եւ դիմում են արդարադատության նախարարություն, որպեսզի կարողանան այդ ծննդյան վկայականները վերականգնել։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ են պահանջում ծննդյան վկայական, եթե մարդու անձնագիրն այդ վկայականի հիման վրա է տրվել։ Այդ ավելորդ փաստաթղթերի պատճառով առաջանում են հերթեր ու դժգոհություններ»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե արցախցիներին սպասարկում են արտահերթ ու հեշտացված կարգով՝ Արմեն Պետրոսյանն ասաց, որ այդ հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն։ «Չեն բավարարվում միայն անձնագրով կամ, ինչպես իրենք ձեւակերպում, մեր ճամփորդական փաստաթղթերով, նաեւ պահանջում են ծննդյան վկայական, մարդկանց ծնողների մահվան վկայականը։ Արցախցիներն այս օրերին նաեւ արդարադատության նախարարության մոտ են հերթ կանգնում, ամեն փաստաթղթի համար իրենցից լրացուցիչ գումար է գանձվում՝ մոտ 5000 դրամ, որպեսզի կարողանան այդ փաստաթղթերը ձեւակերպել։ Այսինքն՝ հերթերում սպասելուց բացի մարդիկ նաեւ լրացուցիչ ծախս են անում։ Մարդը թոշակ չի ստացել, բայց պետք է գումար վճարի, որ իր ծննդյան վկայականը վերականգնի»,- նշեց նա։

Ըստ Պետրոսյանի՝ իշխանությունների այս գործողություններում դիտավորություն է նկատվում։ «Ուղղակի անիմաստ կերպով ու դիտավորյալ ամեն ինչ բարդացվում ու ձգձգվում է։ Ինչո՞ւ են մարդկանցից ավելորդ փաստաթղթեր պահանջում, թող հիմնվեին անձնագրի վրա։ Սա դատավորյալ է արվում, որպեսզի, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում քչանա արցախցիների քանակը։ Իմ շրջապատում բազմաթիվ արցախցիներ լքել են Հայաստանը, գնացել են հիմնականում Ռուսաստանում։ Մարդիկ թողել գնացել են, քանի որ չեն կարողանում այս հերթերի ու քաշքշուկների մեջ ապրել։ Մարդու հերթը հասնում է, գնում է հաշվառման, ասում են՝ չէ, դու գնա ծննդյանդ վկայականն էլ բեր, ծննդյան վկայականը բերում է, ասում են՝ գնա հորդ մահվան վկայականն էլ բեր։ Հաշվառումն էլ է խնդիր։ Օրինակ՝ եթե մարդը մի հասցեում հաշվառվում է, բայց մի 10 օր հետո ստիպված լինի տունը փոխել, հիմա ի՞նչ, պետք է գնա նորի՞ց հաշվառվի։ Բնակության մշտական վայր չունենալն արդեն մեծ խնդիր է արցախցիների համար։ Իսկ պետությունը ոչ մի կերպ չի օգնում մարդկանց, ընդառաջ չի գնում։ Ես դրա մեջ միայն դիտավորություն եմ տեսնում, որ ժամանակի ընթացքում մարդկանց զզվացնեն, նրանք լքեն Հայաստանը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով դժգոհություններին ու ստեղծված իրավիճակին, ասաց, որ 30 հազարից ավելի արցախցի արդեն իր բնակության հասցեն փոխել է ԼՂ-ից դեպի ՀՀ, այսինքն՝ հաշվառվել է Հայաստանում։ «Չնայած այն կարգավորմանը, որ մայրաքաղաքում սպասարկումն իրականացվում է էլեկտրոնային հերթագրման միջոցով, արցախցիներն սպասարկվում են արտահերթ։ Բայց եղած ռեսուրսների եւ առկա պահանջարկի պայմաններում այդ արտահերթ սպասարկումը եւս առաջացնում է կուտակումներ եւ կենդանի հերթեր։ Հերթերը էլեկտրոնային չեն, կենդանի հերթեր են։ Ցուցում է եղել, դեկտեմբերի շաբաթ օրերը եւ մարզերի, եւ Երեւանի անձնագրային ծառայություններն աշխատել են՝ սպասարկելով միայն արցախցիներին, որպեսզի հնարավորինս թեթեւացնենք հաշվառվել ցանկացողների հերթը։ Եվ կա ցուցում, որ առաջնահերթ սպասարկվեն կենսաթոշակային տարիքի անձինք, որպեսզի հաշվառման գործարքի պատճառով թոշակի հետաձգում տեղի չունենա»,- ասաց նա։

Այն ահազանգերին, որ հերթերը մինչեւ մարտ-ապրիլ ամիսներ են հասնում, Նելլի Դավթյանը պատասխանեց, որ նոր մարդկային ռեսուրսներ են ներգրավվում, ընդլայնվում է աշխատակազմը, եւ հունվարից արցախցիների սպասարկումը նոր թափով կիրականացվի։ «Այնպես չէ, որ 100 հազար արցախցիներն էլ հիմա հաշվառվելու կարիք ունեն, առաջնահերթ կենսաթոշակային տարիքի անձինք ունեն այդ հրատապ անհրաժեշտությունը։ Իսկ կենսաթոշակային տարիքի անձանց հաշվառումը, մեր հաշվարկներով հունվարին կավարտենք, նույնիսկ հունվարի առաջին կեսին»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031